‘La Stampa. «Պուտինը գագաթնաժողովի հյուրերին նվիրել է սարքեր `գաղտնալսող հնարավորություններով»’

938

Իտալական La Stampa թերթի տվյալներով գերմանական հատուկ ծառայությունները պարզել են, որ այս տարվա սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում անցկացված G20-ի գագաթնաժողովի ժամանակ ռուսները հատուկ գաղտնալսող սարքերի միջոցով փորձել են գաղտնալսել գագաթնաժողովի մասնակիցների հեռախոսներն ու գաղտնադիտարկել համակարգիչների մեջ պահպանվող տեղեկությունները: Հոդվածի հեղինակ Գուիդո Ռուոտելիի պնդմամբ` այս ամենը պարզվել է գագաթնաժողովից մի քանի օր անց, երբ ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը վերադառնալով Բրյուսել անվտանգության աշխատակիցներին է հանձնել Պետերբուրգում «նվեր ստացած» սարքերը: ԵՄ նախագահի անվտանգության ծառայությունը անմիջապես այդ սարքերը հանձնել են գերմանական հատուկ ծառայություններին, որոնք միանգամից տագնապի մեջ են գցել աշխարհի առաջատար երկրների դիվանագետներին և հետախույզներին: Համաձայն La Stampa-ի հոդվածագրի, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ռուսների կողմից նվիրված հեռախոսի լիցքավորման սարքերը և թվային կրիչները (ֆլեշկաներ) իրականում եղել են «տրոյական ձիեր»՝ գաղտնալսող սարքեր, որոնք պետք է գաղտնալսեին մասնակիցների հեռախոսները և գաղտնադիտարկեին համակարգչային տվյալները:

«Այսպիսով G20-ի մասնակից ՝ եվրոպական, հարավամերիկյան, ասիական և արաբական երկրեների նկատմամբ իրականացվել է լրտեսական գործողություն, ինչն իր հերթին ավելի է բարդացնում տարբեր երկրերի հետախուզությունների և դիվանագետների միջև հարաբերությունները»,- նշում է հոդվածագիրը:

La Stampa-ն նշում է նաեւ, որ գերմանական հատուկ ծառայությունները շարունակում են «նվերների» տեխնիկական հետազոտությունը և փորձում են պարզել՝ արդյո՞ք գագաթնաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակություններն են ստացել նման սարքավորումներ: Նրանց, ըստ La Stampa-ի, ամենից շատ վախեցնում է, որ այդ ֆլեշկաները կարող են արդեն օգտագործված լինել գագաթնաժողովին ներկա որոշ երկրների պատվիրակությունների կողմից:

Նշենք, որ այս բացահայտումը տեղի է ունեցել ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի նոր բացահայտումների ամենաթեժ պահին:

 

Նախորդ հոդվածը‘Մահացածներին կհանեն ընտրացուցակների՞ց ‘
Հաջորդ հոդվածը‘Նախկին ՀՅԴ-ական մարզպետը հովանավորելու է ՀՀԿ-ական թեկնածուին ‘