‘Reuters. ԱՄՆ-ն առայժմ պատժամիջոցներ չի կիրառի Իրանի ԱԳՆ ղեկավարի նկատմամբ’

1407

ԱՄՆ իշխանությունները որոշել են առայժմ պատժամիջոցներ չսահմանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ: Այդ մասին երեկ տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրների:

«Սառը գլուխները գերակշռեցին,- աղբյուրներից մեկի խոսքն է մեջբերում գործակալությունը:- Մեր կարծիքով՝ դա օգուտ չէր բերի»:

Reuters-ն ընդգծում է, թե նման քայլը կարող է ազդանշան լինել, որ Վաշինգտոնը պատրաստ է դիվանագիտական որոշում փնտրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին:

Հունիսի 24-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին: Լրագրողների առջև հանդես գալով՝ նա ընդգծել է, որ այդ միջոցներն ուղղված են, առաջին հերթին՝ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեիի դեմ: Իր հերթին՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը տեղեկացրել էր, որ  հետագայում այդ պատժացուցակում, որում ընդգրկված են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զորահրամանատարներ, նախատեսվում է ավելացնել նաև Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի անունը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նոր նախագահ Լիտվայում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան Ռուսաստանից ստացել է C-400 առաջին խմբաքանակը’