‘«Ruhr Nachrichten». «Բորուսիայի» 5 լավագույն ֆուտբոլիստները’

1307

Թոմաս Տուխելի գլխավորությամբ Դորտմունդի «Բորուսիան» 2015-16թթ. մրցաշրջանի առաջին հատվածը բավականին տպավորիչ անցկացրեց: Դա հնարավոր եղավ ոչ միայն նոր մարզչի, այլև ֆուտբոլիստների՝ մարզչի մտահաղացումները կյանքի կոչելու շնորհիվ: Դորտմունդյան ակումբի տեղեկատվական գործընկեր «Ruhr Nachrichten» պարբերականը ներկայացրել է «Բորուսիայի» ներկայիս կազմի 5 լավագույն ֆուտբոլիստներին:

Օբամեյանգ. եթե կարող ես, խփիր ավելի շատ

«Բորուսիայում» իր առաջին մրցաշրջանում Օբամեյանգը խփեց 13 գոլ, նախորդ՝ հիասթափություններով լի մրցաշրջանում՝ 16, իսկ երրորդ մրցաշրջանում արդեն փաստ է, որ նա բարելավել է իր արդյունավետությունը:

Բունդեսլիգայի առաջին շրջանում՝ 18 գոլ: Եթե նա երկրորդ շրջանում էլ շարունակի այսպես գոլեր խփել, ապա մրցաշրջանի ավարտին գումարով ճամպրուկներով հերթ կգնան նրա տրանսֆերը գնելու համար: Անձամբ Օբամեյանգը մի փոքր թերագնահատել է իր հնարավորությունները՝ «Kicker»-ին տված հարցազրույցում նշելով, որ թիմակիցների հիանալի փոխանցումներից հետո մոտ տարածություններից է գոլեր խփում: 

«Բորուսիայի» հարձակման գիծն առաջին հատվածում իսկապես հիանալի հանդես եկավ՝ 30 պաշտոնական խաղ, 85 գոլ: Այս պարագայում անգամ «Բավարիան» է զիջում: Ընդ որում, ուշագրավ է, որ նոր գլխավոր մարզչի օրոք վերածնվեցին այն ֆուտբոլիստները որոնց վրա փակցրել էին «Դորտմունդում անհաջողության է մատնվել» պիտակը:

Մրցաշրջանի առաջին հատվածում Օբամեյանգի վիճակագրությունը՝ 27 խաղ, 27 գոլ, 6 գոլային փոխանցում:

Մխիթարյան. պրոբլեմային ֆուտբոլիստից՝ եվրոպական մակարդակ

Նրան վաղուց անվանում էին «Գնդակով Մոցարտ», ակումբը և թիմակիցները հիանում էին նրա ընդունակություններով, բայց խաղադաշտում նա ավելի հաճախ պայքարում էր ինքն իր դեմ: Այդպես ինտելեկտուալ և շատ զգայուն հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում դարձավ պրոբլեմային խաղացող, բայց Տուխելը մեծ վստահություն տածեց տեխնիկապես ուժեղ Մխիթարյանի նկատմամբ, իսկ վերջինս հայտարարեց, որ դարձել է ավելի հանգիստ: Մրցաշրջանի առաջին հատվածում հայ ֆուտբոլիստը խփել է 15 գոլ և կատարել է 19(!) գոլային փոխանցում:

Մրցաշրջանի առաջին հատվածում Մխիթարյանի վիճակագրությունը՝ 28 խաղ, 15 գոլ, 19 գոլային փոխանցում:

Գյուդողանը կրկին հանգիստ է խաղում

Երբ մայիսին Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Բորուսիան» խաղում էր «Վոլֆսբուրգի» դեմ, Իլկայն այնպես էր խաղում, ասես արդեն հրաժեշտ է տվել ակումբին: Իսկապես, Գյուդողանի հեռանալը համարվում էր լուծված հարց, քանի դեռ Տուխելը չզրուցեց նրա հետ և անհատական աշխատանք չկատարեց: Նախորդ անհաջող մրցաշրջանը Գյունդողանի համար ամենավատ փուլն էր մեջքի երկարատև վնասվածքից հետո նախկին խաղամակարդակին վերադառնալու համար:

Այս մրցաշրջանի առաջին հատվածում 25-ամյա կիսապաշտպանն ապացուցեց, թե ինչու էին «Բարսելոնայի» նման թոփ-ակումբները հետաքրքրված իր ծառայություններով: Գյունդողանի դինամիկան, անկանխատեսելի գործողությունները, հստակ փոխանցումները և ազատ տարածությունները հիանալի տեսնելու ունակությունը… Այս ամենը կարևոր էր կրկին նկատել: Այսպիսով՝ կենտրոնական կիսապաշտպանը կրկին դարձավ կենտրոնական դեմք, որը պատասխանատու է հարձակումից՝ պաշտպանություն և հակառակ խաղի համար: Վերջին շրջանում Գյունդողանի ուժերը չէին բավականացնում, սակայն դա չի ազդում ընդհանուր պատկերի վրա:

Մրցաշրջանի առաջին հատվածում Գյուդողանի վիճակագրությունը՝ 28 խաղ, 2 գոլ, 5 գոլային փոխանցում: 

Գինտեր. փոխարինողից՝ հիմնական կազմի ֆուտբոլիստ

Նորվեգիայի փոքրիկ Շիեն քաղաքում «ՕԴԴ»-ի հետ խաղում 1:3 հաշվի ժամանակ Մատիաս Գինտերը սկսեց խաղալ աջ պաշտպանի դիրքում և այնպես վստահ հանդես եկավ, որ դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ:

Եզրում խաղային դինամիկան, տեխնիկական փոխանցումները և ստանդարտների ժամանակ գլխով խաղը 21-ամյա ֆուտբոլիստին փոխարինողից վերածեցին հիմնական կազմի ֆուտբոլիստի: Մեկ մրցաշրջան առաջ կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու համար ակումբ եկած Գինտերը դարձավ Լուկաշ Պիշչեկին աջ եզրում հիանալի փոխարինող:

Մրցաշրջանի առաջին հատվածում Գինտերի վիճակագրությունը՝ 23 խաղ, 3 գոլ, 10 գոլային փոխանցում:

Վայդենֆելեր. ակումբի վետերանը հարգանքի է արժանանում

Այն, որ Ռոման Վայդենֆելլերը լավագույն ֆուտբոլիստների հնգյակում է, կարող է զարմանք առաջացնել, բայց «Բորուսիայի» փորձառու դարպասապահը, ով Սեբաստյան Կելի՝ կարիերան ավարտելուց հետո մնաց ակումբի միակ վետերանը, արժանի է մեծ հարգանքի: Վայդենֆելլերը կարողացավ մրցակցել «Ֆրայբուրգից» եկած երիատասարդ Բյուրկիի հետ:

Բյուրկին ավելի շատ է խաղում, ավելի երիտասարդ է և հեռանկարային, բայց Վայդենֆելլերը, բացառությամբ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի՝ «ՕԴԴ»-ի հետ 4:3-ից, հուսալի է հանդես եկել: Առաջին շրջանում Բյուրկիի որոշ սխալներից հետո շատերը կարծում են, որ նա այնքան էլ չի գերազանցում Վայդենֆելլերին. այնպես որ՝ նրանց մրցակցությունը կարող է շարունակվել երկրորդ հատվածում:

Մրցաշրջանի առաջին հատվածում Վայդենֆելլերի վիճակագրությունը՝ 9 խաղ, 10 բաց թողած գնդակ:

«Բորուսիայի» բացահայտումը՝ Յուլիան Վայգլ

Թոմաս Տուխելն ասել էր, որ հաճելիորեն զարմացել է, թե ինչպես է Յուլիան Վայգլը պատրաստվում նոր մրցաշրջանին: Մարզիչը մտածեց այդ համառ և տաղանդավոր երիտասարդին հնարավորություն տալ: Յուլիանը ոչ միայն չհիասթափեցրեց, այլև գերազանց հանդես եկավ՝ մասնակցելով 30 պաշտոնական խաղից 29-ին: Մրցաշրջանի առաջին հատվածում նրա փոխանցումների դիպուկությունը կազմում է 91,9%:

Մրցաշրջանի առաջին հատվածում Վայգլի վիճակագրությունը՝ 29 խաղ, 1 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Անրի. «Ես չեմ հասկանում՝ Լուի վան Գալի գլխավորությամբ Մարսյալն ի՞նչ է անում խաղադաշտում»’
Հաջորդ հոդվածը‘Կապելո.«Մոուրինյուի համար 3 տարբերակ կա՝ «Պարի Սեն Ժերմեն», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Ռեալ»»’