‘SOS՝ Միքայել Մինասյանը հասել է հէկերին ‘

2911

Մեր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս նախատեսվում է իրականացնել նորանկախ Հայաստանի պատմության մեջ, թերևս, ամենախայտառակ գործարքը: Խոսքը  Որոտանի հէկ-ի մասին է: Այն օֆշորային գոտում գրանցված կազմակերպության միջոցով ձեռք է բերելու Ս. Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը` փեսա Միշիկը:

Որոտանի հէկ-ը  գտնվում է ՀՀ էներգետիկայի նախարարության հաշվեկշռում և թողարկում է մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը: Ունի 200 ՄԳՎ հզորություն, և համակարգում թողարկված 1 կՎտ/ ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում: Մասնագետների գնահատմամբ՝ իր արժեքով այն հավասար է ատոմակայանին:

Ըստ մոսկովյան մեր աղբյուրների՝ ռուսական կողմը Հայաստանին վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ առաջարկել է գնել Որոտանի հէկ-ը 200 մլն դոլարով և գազի գինը 3 տարի անփոփոխ թողնելու պայմանով: Ըստ էության՝ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է  բավական շահավետ պայմաններ, սակայն Սերժ Սարգսյանը պետության և Միշիկի շահերի միջև ընտրություն կատարեց  հօգուտ Միշիկի:

Այժմ արհեստական բոլոր եղանակներով Որոտանի հէկ-ի համար պարտքեր են կուտակում, որը մնալու է  բյուջեի վրա, իսկ վերջում խիստ շահութաբեր օբյեկտը կոպեկներով  նվիրվելու է փեսային: 

Եթե այս գործարքը կայանա, ապա Հայաստանում ձևավորվում է նոր էներգետիկ ոլորտի գերօլիգարխ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի փեսայի:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 5-ին կառավարությունը որոշում է կայացրել «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ-ն լուծարելու մասին: Պաշտպանության նախարարությունը հէկ-ի լուծարման անհրաժեշտությունը պայմանավորել է նրանով, որ դրա ողջ գույքն արդեն իսկ վաճառված է «Ձորագետ հիդրո» մասնավոր ընկերությանը:

Դարձյալ խիստ հավաստի աղբյուրները վստահեցնում են, որ այս գործարքի ետևում կանգնած է նույն Միքայել Մինասյանը: Պետության թողտվությամբ  պետության ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհումը  դարձել է երիտօլիգարխի հիմնական զբաղմունքը: 

Նախորդ հոդվածը‘«Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» պառակտվեցին ‘
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Մելիքյան. ՏԻՄ ընտրությունների ժամանակ հինգ միջադեպ է գրանցվել ‘