․․․ որ սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել․․․ Մաս 3

6180

Մաս 1, Մաս 2

Սերժ Սարգսյան  Առավելապաշտությունը մեզ կործանելու է

Եւ կործանեց։ Բայց նաեւ Սերժ Սարգսյանի ձեռամբ, իսկ թե ինչու, հասկանալու համար պետք է ետ նայենք եւ տեսնենք, թե իսկ ովքե՞ր սերմանեցին, սնեցին, աճեցրին այդ անիրատեսական առավելապաշտությունը, ովքե՞ր, ինչպե՞ս եւ ինչո՞ւ թույլ չտվեցին, որ իրատեսականությունը տարածում գտնի։ Սերժ Սարգսյանը թեեւ բաց խոսելու երկչոտ փորձեր արել է, բայց գետնի վրա իր եւ իր քարոզչական թիմի գործողությունները հակոտնյա են եղել իր խոսքերին։

44-օրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով 7 շրջանների վերադարձի մասին շրջանառվող տեսակետներից՝ հայտարարեց․ «Դա շահարկվում է «ոչմիթիզականների» կողմից, որովհետև իրենք ականջալուր չէին լինում, երբ ասում էի՝ առավելապաշտությունը մեզ կործանելու է, երբ ասում էի, որ հանկարծ այնպես չանեք, որ մի օր հավաքվենք Երևանում և սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել»։

Հասկանալու համար, թե երբ, որտեղ եւ ինչ համատեքստում է Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արել՝ հղում անենք երկու արցախցի գործիչների։ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այդ մասին պատմել է 2020 թվականի նոյեմբերի վերջին․ «2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ կոշտ ասաց»։

Հանդիպման մասին գրել է նաեւ արցախցի հանրային գործիչ Տիգրան Գրիգորյանը՝ 2019 թվականին․

«Այդ չարաբաստիկ հանդիպումներին, իհարկե, մեր խմբակցության միակ պատգամավորին («Վերածննունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանին-հեղ․) չէին հրավիրել: Առաջին հանդիպումը սկսվեց ապրիլի 16-ի երեկոյան՝  նախագահի նստավայրում: Ես այդ ժամանակ ԿՊՇ-ում տեղակայված մոբիլիզացիոն ռեսուրսի կազմում էի ու զինվորական համազգեստով եկել էի Ազգային ժողով, որպեսզի նորություններ իմանամ: Մեր խմբակցության աշխատասենյակում նստած սպասում էինք հանդիպման ավարտին: Գիշերվա 1-ի կողմերը տեսանք, որ պատգամավորները խմբով դուրս են գալիս նախագահականից: Մոտեցանք նրանց ու սկսեցինք հարցուփորձ անել: Իշխանական պատգամավորներից մեկը ասաց. «Սերժը մեզ բոլորիս 10-0 արեց, իսկ Վալոդին (իրական անունը չեմ գրում)՝ 5-0, որովհետև նա ոչինչ չխոսեց»: Պարզեցինք, որ իշխանական մեկ այլ պատգամավոր հանդիպման սկզբին ինչ-որ իրականության հետ առնչություն չունեցող բան էր ասել, որից հետո Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին հարցրել է. «Դու սրանց հետ ընդհանրապես չե՞ս հանդիպում, չե՞ս պատմում, թե ինչ է բանակցային սեղանին դրված»: Վերոնշյալ պատգամավորը այնքան ծանր էր տարել այդ նվաստացումը, որ հաջորդ օրը իր աշխատասենյակից հանել էր Սերժ Սարգսյանի նկարը ու մի քանի ամիս շարունակ ասում էր, որ ինքը արդեն միայն մեկ նախագահ ունի։

Մեկ այլ պատգամավոր էլ ընդհանրապես տեղյակ չէր բանակցային գործընթացից: Գիտեր, թե մադրիդյան սկզբունքներով ներկայիս սահմաններով ճանաչվում էր ԼՂՀ անկախությունը:

Այս հանդիպումից հետո հայկական մամուլում աղմկահարույց հոդվածներ հրապարակվեցին այն մասին, որ իբր որոշ պատգամավորներ դուռը շրխկցնելով դուրս եկան, մյուսները սպառնացին անձամբ գնդակահարել հող հանձնողներին: Սա, իհարկե, չէր համապատասխանում իրականությանը:

Հաջորդ հանդիպումները տեղի են ունեցել հուլիսի կեսերին: Էլի իշխանական պատգամավորների ու շարժման (նկատի ունի Ղարաբաղյան շարժումը-հեղ․) ակտիվիստների հետ: Թեման նույնն էր: Սերժ Սարգսյանը ասում էր, որ եթե զիջումներ չանենք, նոր պատերազմ է լինելու, և հռետորական հարց էր տալիս այդ պատերազմին մեր պատրաստվածության մասին: Ներկաներից մեկը նրան փորձել էր վստահեցնել, որ նրանք բոլորը իր թիկունքում կանգնած են, ազգային միասնություն է պետք և այլն, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Եթե թիկունքումս կանգնած լինեիք, դիրքերը կպահեիք»»: 

Այսպիսով, ինչի՞ մասին էր Սերժ Սարգսյանի ասածը․ այն է, որ պետք էր գնալ կարգավորման, որ կարգավորման այլընտրանքը պատերազմն է, իսկ եթե դրա արդյունքում պիտի «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգեինք, ինչպես որ «Ղարս, Ղարս», ուրեմն՝ համադրելով առկա իրողություններն ու մեր ռեսուրսները՝ Սերժ Սարգսյանը հստակ հաշվարկել էր, որ այդ պատերազմի արդյունքում մենք կարող ենք կորցնել նաեւ Ստեփանակերտը, ինչպես որ ժամանակին կորցրինք Կարսը։

Նույն իր հարցազրույցում, անդրադառնալով 2018-ի դրությամբ սեղանին եղած փաստաթղթին, որը մենք Լավրովյան պլան ենք անվանում, Սերժ Սարգսյանը ասում էր, որ ինքը «ոչ միայն պատրաստ էի ստորագրել, այլ ես բացառապես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը»։ Թվում է, թե՝ մինչ այս պահը մենք ունենք շատ հստակ եւ իրատեսական տրամաբանություն, այն է․ Սարգսյանը շատ լավ գիտակցում էր պահի լրջությունն ու սպասվող հնարավոր աղետի հետեւանքները, եւ ցանկանում էր անգամ դավաճան հռչակվելու գնով գնալ կարգավորման։

Բայց 2018-ի հեղափոխությունից հետո այս տրամաբանական շղթան կտրվում է։ Որովհետեւ նրա նախորդիվ արած հայտարարությունները ենթադրում են, որ սպասվող աղետի վտանգը զգացող գործիչը անգամ իր հրաժարականից հետո պետք է հրապարակային ճնշումներ բանեցներ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ ստիպեր, որ վերջինս գնա եւ իրականություն դարձնի կարգավորման փաստաթուղթը։ Ու դա պետք է լիներ լայնածավալ հանրային ճնշմամբ, հանրությանն իրողությունները ներկայացնելով եւ սթափեցնելով, հանրությանը տարիների միֆերից ու պատրանքներից հանելով։ Իսկ միֆերը, ինչպես ասացինք, կարող են զրոյացնել միայն նրանք, ովքեր դրանք ստեղծել են։ Հիմա խնդրեմ ցույց տվեք մի հարցազրույց, հայտարարություն, կոչ, որտեղ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն, կամ ՀՀԿ վերնախավը իրական կարգավորման գնալու կոչ են արել 2018-2020 թվականներին։ Չկա։ Փոխարենը կան բազմաթիվ կոչեր Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ, ասել է թե՝ ստատուս քվոն պահելու համար, եւ հազարավոր հայտարարություններ՝ էլի «հողերը տալիս են» ոճի մեջ։

Ավելին, ինքը Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ հենց իրենց ճնշման տակ է Փաշինյանը հրաժարվել 2019-ին ներկայացված բանակցային փաստաթղթից։

«Բայց հետո հիշում եք, մենք աղմկում էինք, քննադատում էինք, ճնշում էինք գործադրում, կարծում եմ` վերջիվերջո, սրանք եկան եզրակացության, որ այդ պայմանները կարող են բերել իրենց իշխանության կորստի, որովհետև միակողմանիորեն պետք է հանձնվեին հինգ շրջաններ` ինչ-որ այսպես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց, ինչը ծիծաղելի բան է»,- նույն հարցազրույցում ասում էր Սարգսյանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ երբ Փաշինյանը հայտարարել էր, թե պատերազմից առաջ իրենց առաջարկվում էր հենց այնպես վերադարձնել 7 շրջանները, նրան արձագանքել էր ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ նշելով

«Ռուսական առաջարկների ներքո, հավանաբար, նկատի է առնվել փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրությունը կողմերին է փոխանցվել 2019թ. հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդում ՝ երկուսի վերադարձը, ընդ որում, ընդգծեմ հատուկ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հետ կապելով։ Երևանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։

Սերժ Սարգսյանը նույն իր հարցազրույցում ասում էր․ «Ինձ կարող են չհավատալ, բայց արդյո՞ք որևէ հիմք կա չհավատալու Պոպովին, որովհետև, եթե Պոպովի ասածը իրականությանը մի միլիմետր անգամ չհամապատասխաներ, ապա մյուս համանախագահները միանգամից կփորձեին նրան ուղղել, որովհետև ինչքան էլ հակասություններ ունենան ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան…»։

Ու ահա, հղում անելով հենց Սերժ Սարգսյանին՝ եւ հավատալով Պոպովին եւ համադրելով նրա ասածները Սարգսյանի ասածների հետ, ստանում ենք այսպիսի պատկեր․

ըստ Սարգսյանի մենք հավատում ենք Պոպովին, ըստ Պոպովի՝ 2019 թվականին Ռուսաստանը չի առաջարկել հենց այնպես վերադարձնել յոթ շրջանները եւ մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, ապա ըստ Սարգսյանի՝ իրենց՝ ընդդիմության ճնշման տակ Փաշինյանը հրաժարվել է այդ առաջարկներից։ Ավելին, այդ ճնշումը բանեցրել է այն քաղաքական գործիչը, որը մինչ այդ՝ որպես իշխանություն, հայտարարել է, որ կարգավորման այլընտրանքը պատերազմն է, իսկ պատերազմի հավանական արդյունքը՝ «Երեւանում նստած «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգելը», եւ որ ինքը պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթը։

Տրամաբանական շղթան կեսից կտրվում է․ ինչը նշանակում է, որ կամ Սարգսյանը իրականում ստորագրողի բեռի տակ մտնել չի ցանկացել, կամ՝ էլ իշխանափոխությունից հետո նա պիտի աջակցեր պլանի իրագործմանը։

Եւ նույն պահվածքը նաեւ պատերազմի ժամանակ։

Սեպտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի նման, հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ «ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն: Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը համերաշխության և միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության և հայ զինվորի կողքին»։ Հաջորդ օրերին այդպես էլ իրական կարգավորման գնալու ոչ մի կոչ։

Մի քանի օր առաջ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր

«Հոկտեմբերի 19-ին ես եմ Փաշինյանի հետ հանդիպել, իրեն ուղիղ հարց եմ տվել, քեզ ի՞նչ են առաջարկում պատերազմը կանգնեցնելու համար, ասել ա՝ 5+2 , Շուշիի անուն չի եղել։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանն արդեն իմացել է, որ մենք պարտված ենք, ու դա ինքն ասել է մեզ հետ հանդիպմանը, 19-ին իմացել է, որ պարտված ենք, 20-ին բոլորին կոչ է արել որ գնան կոտորվեն։ Բա խաղաղությունից էիր խոսում, գայիր, ասեիր՝ գնում եմ խաղաղության»։

Ճիշտ է ասում պարոն Շարմազանովը։ Ուղղակի անհասկանալի է, թե ինչու նա դա հրապարակավ չէր ասում հենց հանդիպումից հետո․ հիշեցնենք, որ այդ հանդիպումից դուրս գալուց հետո Շարմազանովն ասել էր․ «Կոնկրետ «Հանրապետականի» կարծիքը Արցախի հարցում չի համընկել և չի համընկնում այս իշխանությունների կարծիքին։ Այսքանը»։

Իսկ մեկ օր անց արդեն ֆեյսբուքում հայտարարել էր, որ «արցախյան հարցի շուրջ ՀՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել` հարցի լուծման փաթեթայինից զատ այլ տարբերակներ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցության համար անընդունելի են»:

Այսինքն, պատերազմը արդեն հասնում էր Ստեփանակերտի մատույցներին, հանրապետականները հրապարակավ ասում էին՝ եթե լուծումը փաթեթային չի, դեմ ենք, իսկ այսօր մեղադրում են պատերազմը չկանգնեցնելու համար։

Այսպիսով, երբ համադրում ենք այս բոլոր հայտարարությունները, տեսնում ենք, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, գիտակցելով պահի լրջությունն ու հետեւանքները, որեւէ փորձ չեն արել ազդելու հանրային գիտակցության վրա, հանրությանն ասել ճշմարտությունը, ինչը երկու կողմին էլ հնարավորություն է տվել թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա՝ ըստ սեփական հայեցողության շահարկել արցախյան հարցը սեփական իշխանական, քաղաքական ամբիցիաների համար։ Կամ նաեւ այլ նպատակներով, դա էլ թողնում ենք ընթերցողի դատողությանը։

Հ․Գ․ Մյուս մանր ու միջին կուսակցություններին չենք անդրադառնում, քանի որ նրանք կամ այս չորս կենտրոնների արբանյակներն են, կամ՝ էական ազդեցություն չունեն քաղաքական պրոցեսների վրա։ 

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը«Յուվենտուսը» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Պոգբային
Հաջորդ հոդվածը«Յուվենտուսը» համաձայնության է հասել Դի Մարիայի հետ