‘Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը համալիր հետազոտության է ենթարկվել’

751

Ադրբեջանում գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին այսօր հետազոտել են թերևապևտը, սրտաբանը, նյարդաբանը, մաշկաբանը և հոգեթերապևտը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանում գերությունից Արսեն Խոջոյանի Հայաստան վերադարձից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Տավուշի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր նրա համալիր հետազոտությունը կազմակերպել Իջևանի բժշկական կենտրոնում։ 

Արդիականացված այս հիվանդանոցում լայն հնարավորություններ կան գործիքային և լաբորատոր հետազոտություններ կատարելու համար։ Սակայն տևական ժամանակ հնարավոր չէր լինում Արսեն Խոջոյանի հետ կապ հաստատել, քանի որ նա իր ազգականի հետ անասնապահությամբ էր զբաղվում Սևանի բարձրադիր արոտավայրերում։ Ի վերջո, հարազատների աջակցությամբ հնարավոր եղավ նրա հետ կապ ստեղծել և իրենց իսկ խնդրանքով Արսեն Խոջոյանի հետազոտությունները կազմակերպել Հրազդանի նույնպես բժշկական արդիականացված կենտրոնում։ Այս հիվանդանոցում այսօր նրան հետազոտել են թերևապևտը, սրտաբանը, նյարդաբանը, մաշկաբանը և հոգեթերապևտը։ Խոջոյանն անցել է գործիքային մի շարք հետազոտություններ` էլեկտրասրտագրություն, ողնաշարի ռենտգեն, որովայնի և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն։ Կատարվել են նաև արյան ընդանուր և բիոքիմական լաբորատոր հետազոտություններ:

Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետները և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն ու աշխատակիցները, քննարկելով հետազոտությունների արդյունքները, գնահատել են հիվանդի առողջական վիճակը: Մասնագիտական խմբի գնահատմամբ հիվանդի մոտ ախտորոշվել է վերին շնչուղիների վարակ, կատարալ անգինա, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, լյումբագո` լումինալ հատվածի ցավեր, պսորիազ, նեյրոցիրկուլյար դիստոնիա: Նշանակվել է դեղորայքային բուժում, նշանակված դեղերը հատկացվել են։ Մասնագիտական խումբը եզրակացրել է, որ նա կարող է բուժումն անցնել ամբուլատոր պայմաններում` մնալով մասնագետների հսկողության ներքո»։ 

Նախորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանը ՄԱԿ-ին Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի նախագիծ կներկայացնի ‘
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, եթե Եվրահանձնաժողովի ղեկավար դառնա Յունկերը’