‘Ադրբեջանի ԱԳ նախարարը «Սաֆարովի գործը» փակված է համարում’

1106

«Սաֆարովի գործը մեզ համար անցյալում է», — ըստ ադրբեջանական 1news.az-ի, այսօր Բաքվում Եվրոպայի միության՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքերով, հարցի հետագա արծարծումը Հայաստանի կողմից «ընդամենը ծառայում է այդ երկրի քաղաքական նպատակներին»:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում Լեֆորը իր մտահոգությունն էր արտահայտել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանում ներում շնորհելու փաստի կապակցությամբ:

 «ԵՄ-ը դատապարտում է ԼՂ հակամարտության կողմերի միջև փոխվստահությունը վնասող նման քայլը և հակամարտության կարգավորման գործընթացում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,  — Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի կուրսերի համար Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ գործուղված հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնահարվել էր նույն կուրսերի մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ առանց ներման իրավունքի մինչեւ ազատազրկման 25 տարին լրանալը: 2007-ի փետրվարին Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողեց անփոփոխ: Սակայն, այս տարվա օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին եւ հենց նույն օրը ներման արժանացավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը «Սաֆարովի մասին» բանաձեւում կոչ է անում ԵՄ-ին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել ԼՂ հիմնախնդրին’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը պահանջում է Ասադի հրաժարականը’