‘Եվրախորհրդարանը «Սաֆարովի մասին» բանաձեւում կոչ է անում ԵՄ-ին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել ԼՂ հիմնախնդրին’

1143

Եվրախորհրդարանի լիագումար նիստում այսօր բանաձեւ է ընդունվել, որում ափսոսանք է հայտնվում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման եւ «հերոսացման» կապակցությամբ: Ինչպես հայտնում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջը, եվրախորհրդարանի պատգամավրները մտահոգություն են հատնել, որ կատարվածը կարող է ավելի սրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը եւ վտանգի տակ դնել «խաղաղ կարգավորման բոլոր փորձերը»:

«ԼՂ խնդրի կարգավորման խաղաղ գործընթացում էական առաջընթացի բացակայությամբ պայմանավորված բանական հիասթափությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբչի կարող արդարացնել ո՛չ, վրեժի գործողությունները, ո՛չ անօգուտ պրովոկացիաները», — ասվում է բանաձեւի տեքստում:

Եվրախորհրդարանն ընդունված բանաձեւում նշել է նաեւ, որ ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք Ասոցացման համաձայնագիրն իր մեջ պետք է ներառի նաեւ մարդու իրավունքենրին եւ օրենքի գերակայությանը վերաբերող դրույթներ եւ չափանիշներ:

Եվրոպացի խորհրդարանականները կոչ են արել ԵՄ-ին՝ ավելի ակտիվ դերակատարում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: 

Նշենք, որ նախօրեին «Սաֆարովի գործի» վերաբերյալ բանաձեւի մի քանի նախագծեր էին ներկայացվել Եվրախորհրդարան, որոնցում հարցը ներկայացվում էր տարբեր ձեւակերպումներով ու շեշտադրումներով: Պահանջվում էր անգամ պարտադրել Ադրբեջանին՝ բանտ վերադարձնել մարդասպանին: Ըստ էության, ընդունված բանաձեւի վերջնական տեքստը ներկայացված նախագծերի հնարավորինս մեղմացված ծաղկաքաղն է: 

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի կուրսերի համար Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ գործուղված հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնահարվել էր նույն կուրսերի մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ առանց ներման իրավունքի մինչեւ ազատազրկման 25 տարին լրանալը: 2007-ի փետրվարին Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողեց անփոփոխ: Սակայն, այս տարվա օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին եւ հենց նույն օրը ներման արժանացավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:

 Նույն օրը պաշտոնական Երեւանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

«Սաֆարովի պատմությունը» լայն միջազգային արձագանք ստացավ: ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի իշխանությունները, ինչպես նաեւ՝ միջազգային մի շարք կազմակերպություններ իրենց մտահոգությունն արտահայտեցին Ադրբեջանի եւ Հունգարիայի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: 

Նախորդ հոդվածը‘Սեւանում իրար են բախվել իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող 2 ավտոբուս ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳ նախարարը «Սաֆարովի գործը» փակված է համարում’