‘«Ազատություն» ռադիոկայանի զարմանալի վարքագիծը’

2499

«Ազատություն» ռադիոկայանը իր առավոտյան թողարկմանը ուշագրավ մեջբերումներ է արել օրվա մամուլից: Հագեցված լինելով փորձառու լրագրողներով՝ ռադիոկայանի աշխատակազմը չէր կարող չիմանալ, որ ՌԴ նախկին փոխվարչապետ Բ. Նեմցովի սպանությանը Հայաստանում առաջիններից անդրադարձել է հենց Հայ Ազգային Կոնգրեսը՝ խստորեն դատապարտելով սպանությունը:

Դրանով հանդերձ՝ լրագրողը մեջ է բերում Արարատ Զուրաբյանի՝ Կոնգրեսի նկատմամբ հնչեցրած մեղադրանքը՝ Տեր-Պետրոսյանի կողմից ՌԴ-ում եղած սպանությանը իբրեւ թե չանդրադառնալու վերաբերյալ:

Եւ սա արվում է առանց հիշեցնելու, որ Կոնգրեսը հատուկ հայտարարություն է արել այս կապակցությամբ:

Ռադիոկայանի եթերում հնչեցված հաջորդ մեջբերումը նույնքան խորհրդանշական է:

Ընթերցելով միշիկյան լրատվամիջոցների ավանգարդը հանդիսացող «Ժամանակ» թերթի հոդվածը՝ հաղորդավարն ընդգծել էր Սահմանադրական փոփոխության մասին հատվածը՝ հայտարարելով, թե Կոնգրեսն այս հարցում լուռ է:

Եւ սա «Ազատության» լրագրողն ասում է այն պայմաններում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Կոնգրեսի ղեկավար մարմնի գրեթե բոլոր ներկայացուցիչները հարյուրավոր անգամներ, եւ մասնավորապես՝ վերջին անգամ հենց Մարտի 1-ի հանրահավաքին հատուկ խոսել են սահմանադրական փոփոխությունների իրական նպատակների, դրան դիմակայելու՝ Կոնգրեսի վճռականության և այդ հարցում համախոհ ուժերի հետ համագործակցության պատրաստակամության մասին:

Զարմանալի է, որ այս, մեղմ ասած՝ անիրազեկ պնդումները լայնորեն տարածում է «Ազատություն» ռադիոկայանը, որը բազմիցս առիթ է ունեցել վերը նշված հարցերի մասին լուսաբանել Կոնգրեսի մոտեցումներն ու դիրքորոշումները:

 

Նախորդ հոդվածը‘Փող՝ Կոնգրեսին քննադատելու համար’
Հաջորդ հոդվածը‘Tert.am-ն ու BlogNews-ը պաշտոնապես համալրել են Միքայել Մինասյանի մեդիահոլդինգի շարքերը’