‘ԱԺ միջազգային պատվիրակություններում փոփոխություններ են սպասվում’

934

Քիչ առաջ ԱԺ կայքում է հայտնվել Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման և դրանց գործունեության նոր կարգը: Ընթերցելով կարգը՝ պարզ է դառնում, որ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմավորումը հիմնականում իրականացնում է ԱԺ նախագահը, իսկ սրանից էլ կարելի է եզրակացնել, որ ներկայիս պատվիրակությունները կենթարկվեն փոփոխությունների: Ներկայացնում ենք փաստաթուղթը ամբողջությամբ ստորև.

1. Սույնով կարգավորվում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների (այսուհետ` Պատվիրակություններ) կազմավորման եւ դրանց գործունեության հետ կապված հարաբերությունները` նպատակ ունենալով ապահովելու Պատվիրակությունների գործունեության արդյունավետությունը:

2. Պատվիրակություններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, միջազգային կազմակերպությունների կանոնադրություններով, Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ սույն կարգով:

3. Պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների, պատգամավորական խմբերի պատգամավորների հիմնական եւ փոխարինող կազմում ներկայացվածության համամասնությունները սահմանում է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի պատգամավորների  թվաքանակը: Ազգային ժողովի նախագահը կարող է նաեւ սահմանել ռոտացիոն կարգ` հնարավորություն ընձեռելով պատվիրակության կազմում չընդգրկված խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչներին որոշակի պարբերականությամբ ընդգրկվելու համապատասխան պատվիրակության կազմում:

4. Ազգային ժողովի նախագահը Պատվիրակությունների կազմերում իր հայեցողությամբ  կարող է ընդգրկել նաեւ Ազգային ժողովի խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորի (պատգամավորների):

5. Պատվիրակությունների անհատական կազմը, որպես կանոն, ձեւավորվում է տարին մեկ` մինչեւ հերթական օրացուցային տարվա սկիզբը:

6. Ստանալով պատվիրակության կազմում թեկնածուներ առաջադրելու մասին առաջարկությունը` Ազգային ժողովի խմբակցությունների (պատգամավորական խմբերի) ղեկավարները երկշաբաթյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում են թեկնածություններ: Թեկնածությունները ներկայացվում են Ազգային ժողովի համապատասխան խմբակցության (պատգամավորական խմբի) անդամներից, ովքեր տիրապետում են համապատասխան միջազգային խորհրդարանական կազմակերպության աշխատանքային լեզուներից որեւէ մեկին: Թեկնածությունները ներկայացվում են Ազգային ժողովի համապատասխան խմբակցությանը (պատգամավորական խմբին)  պատվիրակությունում հատկացված տեղերի թվով: Թեկնածությունները ներկայացնելիս Ազգային ժողովի խմբակցությունների (պատգամավորական խմբերի) ղեկավարները պետք է հաշվի առնեն սեռերի արդարացի ներկայացվածության սկզբունքը:

7. Եթե Ազգային ժողովի խմբակցությունը (պատգամավորական խումբը) սահմանված ժամկետում չի ներկայացնում թեկնածություններ, ապա Ազգային ժողովի նախագահը, պահպանելով 3-րդ կետի պահանջները, Ազգային ժողովի համապատասխան խմբակցության (պատգամավորական խմբի) տեղերը հատկացնում է Ազգային ժողովի այլ խմբակցությանը (պատգամավորական խմբի) կամ այդ տեղում նշանակում է Ազգային ժողովի խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորի:

8. Եթե առաջարկությունների հիման վրա պատվիրակության ձեւավորվող կազմը չի համապատասխանում տվյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության կանոնադրությանը կամ սույն կարգի 6-րդ կետի պահանջներին, ապա Ազգային ժողովի նախագահը խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հետ կատարում է համապատասխան փոփոխություններ պատվիրակության կազմում:

9. Պատվիրակության հիմնական կազմը մշտապես մասնակցում է տվյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության աշխատանքներին:

10. Պատվիրակության փոխարինող կազմից որեւէ անդամի գործուղման նպատակահարմարությունը յուրաքանչյուր դեպքում որոշում է Ազգային ժողովի նախագահը` կախված տվյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության օրակարգային  հարցերից: Պատվիրակությունների ղեկավարներին (անհրաժեշտության դեպքում` նրանց փոխարինողներին) նշանակում է Ազգային ժողովի նախագահը` համապատասխան Պատվիրակության կազմից:

11. Եթե այլ բան նախատեսված չէ միջազգային խորհրդարանական կազմակերպության կանոնադրությամբ, ապա միջազգային խորհրդարանական կազմակերպության հանձնաժողովներում (մարմիններում) պատվիրակության անդամների ներգրավվածության հարցը որոշում է Ազգային ժողովի նախագահը, խորհրդակցելով պատվիրակության ղեկավարի հետ:

12. Պատվիրակությունների ղեկավարները կազմակերպում եւ համակարգում են համապատասխան Պատվիրակության աշխատանքները, ինչպես նաեւ իրականացնում սույն կարգով նախատեսված այլ գործառույթներ:

13. Պատվիրակությունների քարտուղարին նշանակում է Ազգային ժողովի նախագահը` Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցներից` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

14. Պատվիրակության քարտուղարն իրականացնում է Պատվիրակության գործավարությունը, սույն կարգով սահմանված գործառույթներ, ինչպես նաեւ կատարում Պատվիրակության ղեկավարի հանձնարարականները:

15. Անհրաժեշտության դեպքում Պատվիրակության ղեկավարի զեկուցագրի հիման վրա Պատվիրակությունների աշխատանքներին կարող են ներգրավվել նաեւ փորձագետներ (մասնագետներ)` Ազգային ժողովի աշխատակազմից, շահագրգիռ պետական կառավարման մարմիններից ու կազմակերպություններից:

16. Պատվիրակությունների կազմերում ընդգրկված Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությունը Պատվիրակության հետագա աշխատանքներին դադարեցվում է, եթե`

1) տվյալ պատգամավորը այդ մասին գրավոր դիմել է Ազգային ժողովի նախագահին.

2) դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

3) պատգամավորի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը:

17. Պատվիրակության քարտուղարը Պատվիրակության անդամներին, որպես կանոն, գործուղումից առնվազն 10 օր առաջ տրամադրում է տվյալ կազմակերպությանը եւ քննարկման ենթակա հարցերին առնչվող նյութեր, տեղեկանքներ եւ աշխատանքային այլ փաստաթղթեր:

18. Ազգային ժողովի նախագահի կամ Պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ Պատվիրակության գործուղումից ոչ ուշ, քան երեք օր առաջ հրավիրվում է աշխատանքային խորհրդակցություն:

19. Աշխատանքային խորհրդակցությանը, որպես կանոն, հրավիրվում են մասնակցելու արտաքին գործերի նախարարի` համապատասխան ուղղությունը համակարգող տեղակալը եւ (կամ) վարչության պետը, Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան աշխատակիցներ, շահագրգիռ պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

20. Պատվիրակության աշխատանքների արդյունավետությունն ապահովելու, Պատվիրակության անդամների գործողությունները համակարգելու եւ կազմակերպական հարցերը քննարկելու նպատակով Պատվիրակությունների ղեկավարները կազմակերպում եւ անցկացնում են Պատվիրակության նիստեր:

21. Պատվիրակության նիստերը վարում է Պատվիրակության ղեկավարը կամ նրան փոխարինողը: Պատվիրակության նիստերը սահմանված կարգով արձանագրվում եւ պահպանվում են: Պատվիրակության նիստի արձանագրությունը ստորագրում են նիստը վարողը եւ Պատվիրակության քարտուղարը:

22. Միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նիստերի ընթացքում Պատվիրակության ղեկավարը պարբերաբար տեղեկատվական կապի մեջ է լինում Ազգային ժողովի նախագահի հետ:

23. Պատվիրակությունների ղեկավարները միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նիստերից վերադառնալուց հետո` յոթնօրյա ժամկետում, Պատվիրակության գործունեության եւ դրա արդյունքների մասին  Ազգային ժողովի նախագահին ներկայացնում են գրավոր հաղորդում, որը, ըստ անհրաժեշտության, ուղարկվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մյուս Պատվիրակություններին եւ շահագրգիռ այլ մարմինների:

24. Պատվիրակության աշխատանքները, ըստ անհրաժեշտության, լուսաբանվում են հարցազրույցների, ճեպազրույցների, մամուլի ասուլիսների կամ այլ ձեւերով:

25. Պատվիրակության վերադարձից հետո Ազգային ժողովի նախագահը կարող է հրավիրել Պատվիրակության աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Պատվիրակության ղեկավարը հանդես է գալիս հաղորդմամբ:

26. Ազգային ժողովի նախագահը պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան տարին մեկ, հրավիրում է խորհրդակցություններ: Դրանց մասնակցում են բոլոր Պատվիրակությունների ղեկավարները` Պատվիրակությունների գործունեության ընթացքում ծագած խնդիրները քննարկելու, Պատվիրակություների գործունեության արդյունքները ամփոփելու եւ միասնական մոտեցումներ մշակելու համար:

27. Պատվիրակությունների գործունեության կազմակերպական, տեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական ապահովումն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանը պատասխանատվության կենթարկվի՞. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետության հրապարակի այլանդակման ցուցահանդես (ֆոտոշարք)’