‘ԱԺ-ում մեկնարկեց քվեարկությունը. Կոնգրեսն ու «Ժառանգությունը» դեմ կքվեարկեն Կոստանյանի թեկնածությանը (տեսանյութ)’

1073

Ազգային ժողովում ավարտվեց գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության շուրջ քննարկումները:

«Ժառանգություն» խմբակցության անունից Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը, բայց նրա կողքին կլինեն, այն դեպքում, եթե դատախազը փորձի քաղաքական իշխանությունից անկախ լինել:

«Մենք այնքան կամք կունենանք, որ սխալված լինելու դեպքում այս ամբիոնից կհայտարարենք դրա մասին», — ասաց Ռուբեն Հակոբյանը:

Դաշնակցությունը խմբակցության անունից Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ՀՅԴ պատգամավորներն ազատ են լինելու իրենց որոշման մեջ:
«Կապրենք կտեսնենք», — խմբակցության որոշումն այսպես հիմնավորեց Վարդանյանը: «Ազատ ռեժիմով» կվեարկեն նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորն 

Հայ ազգային կոնգրեսի քարտուղար Արամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ Կոստանյանը խորհրդարան է եկել ծանր ժառագությամբ: Նախ, նա հիշեցրեց «կռապաշտ կամ դռնապաշտ նախկին դատախազի» թողած ծանր ժառանգությունը՝ շուրջ 20 չբացահայտված աղմկոտ  սպանությունները, հարյուրավոր քաղաքացիների դեմ քաղաքական դրդապատճառներով «թխված» շինծու գործերը եւ այլն:  «Կոստանյանը զրոյից չի սկսում,այս մարտահրավերների բեռն իր ուսերին է», — նշեց Մանուկյանը:

Երկրորդ ծանր ժառանգությունը, ըստ Արամ Մանուկյանի, Գեւորգ Կոստանյանի նախկին գործունեությունն է զինդատախազի պաշտոնում:

«Մեզ համար ակնհայտ է, որ Լիսկայի դեպքը քաղաքական պատվեր է եղել, ինչքան էլ դուք իրավաբանական հիմնավորություններ բերեք: Կարծես թե դուք փաստաբանն եք դեպքերի մեղավորների: Դուք դատախազ նշանակվում եք ոչ թե իրավական գիտելիքներ ունենալու համար: Դուք պաշտպանելու՞ եք մարդու իրավունքները, մարդու կյանքի, առողջության իրավունքը, դուք դրա մասին չասացիք », — ասաց Արամ Մանուկյանը: Գեւորգ ԿՈստանյանի հաջորդ ծանր ժառանգությունը, ըստ Արամ Մանուկյանի, նրա գործունեությունն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ նա ներկայացրել է ՀՀ շահերը:

«9 տարի շարունակ դուք պնդել եք, որ «Ա1+»-ը փակվել է օրենքի շրջանակներում, դուք պնդել եք, որ մարդկանց իրենց տներից զրկելը, հարյուրավոր մարդկանց քաղաքական հայացքների համար հետապնդումները արվել են օրինականության շրջանակներում եւ հանուն ժողովրդավարության զարգացման, դուք պնդել եք, որ  Միշա Հարությունյանը խոշտանգվել է «ճշմարտությունը հայտնաբերելու նպատակով», դուք պաշտպանել եք այն դիրքորոշումը, որ Գրիշա Վիրաբյանը ամորձիներից զրկվել է, որովհետեւ ոստիկանությունում դիմադրություն ցույց տալիս ընկել է աթոռից: Դուք պնդել եք, որ 2008-ի մարտի մեկի գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ նպատակ են ունեցել ամրապնդել ժողովրդավարությունը», — նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որև ՄԻԵԴ-ում Հայաստանին վերաբերող 47 գործերից 45-ում Հանրապետությունը պարտվել է

«Դուք եւ այլ իրավաբաններ, վարձատրվելով պետությունից, գործերի 96 տոկոսում պարտվել եք: Ակնհայտ է, որ ա վատ իրավաբանության արդյունք չէ, սա ապացույցն է այն բանի, որ մեր համակարգը կեղտոտ է», — ավելացրեց նա:

Արամ Մանուկյանը նշեց մի քանի խնդիր, որոնց լուծումը նշանակվելիք դատախազի հիմնական մարտահրավերն է՝ բացահայտել Մարտի 1-ի հանցագործությունները, գնահատական տալ արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերի կիրառմանը, լուծել քաղբանտարկյալների խնդիրը:

Այնուամենայնիվ, ըստ Արամ Մանուկյանի, Կոստանյանը չի կարող լուծել իր առաջ դրված խնդիրները, քանի որ չի կարողանալու դուրս գալ համակարգի դեմ: «Մենք դեմ ենք Սերժ Սարգսյանի ներկայացրած որեւէ թեկնածուի, եւ մենք դեմ ենք քվեարկելու», — եզրափակեց Արամ Մանուկյանը:   

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանելով Կոստանյանի թեկնածությունը, հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման օրոք «ոչ մեկի որդին կամ դուստրը արտոնյալ չլինի»:

«Հույս ունեմ, որ պարոն Կոստանյանը նշանակվելու դեպքում որեւէ պատգամավորի առաջ իրեն պարտավորված չի զգալու: Մենք ուզում ենք, որ բոլորը լինեն հավասար օրենքի առաջ: Այո, հնարավոր է, որ անձը, գերատեսչության ղեկավարը փոխի համակարգը», — ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հորդորելով «յուրաքանչյուրին սկսել ինքն իրենից»:  

Ազգային ժողովում սկսվեց դատախազի թեկնածության փակ գաղտնի քվեարկությունը, որը կավարտվի 14:10-ին:

Նախորդ հոդվածը‘«Nissan»-ը բախվել է աղբատար բեռնատարին. 4 զոհ և 2 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի ռեժիսորը հրաժարվել է Հիլարի Քլինթոնի մասին ֆիլմ նկարահանելուց’