‘Ալիևի բեղերի վրա պետական քարոզչություն կառուցողները’

1662

Անցած շաբաթ նշանավորվեց նրանով, որ ՆԱՏՕ-ն  իր գագաթնաժողովի ընթացքում, ի թիվս այլ հայտարարությունների՝ նաև հռչակագիր տարածեց այն մասին, որ պաշտպանում է Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը:  

Կարելի էր մտածել` ի՞նչ պատահեց այդ կառույցին, որ առանց որևէ դրդապատճառի՝ այսպիսի հռչակագիր է տարածում, չէ՞որ այս սկզբունքներն ինքնին ներառված են Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ, որին էլ հենց հղում է անում սույն հռչակագիրը: Սակայն երբ այս հարցը դիտարկում ենք ուկրաինական դեպքերի համատեքստում, ու նաև սրան գումարում ենք ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սպառնալիքի հետ, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Չխորանալով դետալների մեջ՝ պարզապես կարելի է նշել, որ սույն հռչակագիրը գոնե պետք է մտահոգիչ լիներ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուների համար: Սակայն, մյուս կողմից էլ՝ կարելի է հենց իշխանությունների կուլիսներում ընդունված մոտեցումը կիրառել՝ «ինչի էսպիսի՞ հռչակագրերի ենք կուլ գնացել, որ սրանից էլ մտահոգվենք»:

Դե իշխանությունների մտահոգվել-չմտահոգվելը մեզ այդքան էլ չի հետաքրքրում, սակայն ՀՀ իշխանությունները` արտաքին քաղաքականության մեջ բոլոր ձախողումները ծածկադմփոց անելու նպատակով, ոչ թե կատարում են քայլեր, որպեսզի այսուհետ Արցախի համար վտանգավոր որոշումներ չընդունվեն, այլ բուն խնդրին չառնչվող թեմաներ են ստեղծում և պետական քարոզչամիջոցներով այն տարածում:

Հիմնական թեման, որը և՛ «կծածկի» Հայաստանի դեմ ընդունված ոչ բարենպաստ հայտարարություններն ու որոշումները, և՛ հասարակությանը կշեղի  խնդրից՝ Ալիևի բեղերն են, թե տեսեք՝ Ալիեւի քիթն ինչպես է մտնում նրա բեղերի մեջ:

ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը ՀՀ իշխանությունների համար նշանավորվեց նրանով, որ ավանդական բեղերի թեմային ավելացավ նաև մի տեսաժապավեն, որտեղ ԱՄՆ պետքարտուղարը սկզբում Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալբանդյանին է բարևում, ու չնկատելով թիկունքում կանգնած Ալիևին՝ նրան վերջինն  է ողջունում:

Կարելի է ասել, որ բացարձակ ոչինչ տեղի չի ունեցել: Բայց հայրենի պրոպագանդան այս սյուժեի վրա սկսեց սցենարներ նկարել, թե իբր՝ ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին դրել է Սարգսյանի «ախրաննիկի» տեղը, կամ թե՝ Սերժի ձեռքն ավելի ամուր է սեղմել, քան Ալիևինը, կամ՝ Սերժին ժպտացել է, իսկ Իլհամին՝ ոչ…

Այսպիսի գեոպոլիտիկ «վերլուծություններն» այնքան շատ են, որ չարժի էլ դրանց բոլորին անդրադառնալ: Պարզապես ցավալի է, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր ուրախանում են, և իրենց ազգային «արժանապատվությունը շոյվում» է  այսպիսի տխմարություններից:

Դե լավ, ենթադրենք՝ Ալիևին լավ չեն բարևել, կամ՝ շփոթել են հավաքարարի հետ, կամ էլ նրա բեղերը քթից դուրս չեն գալիս: Դրանից Արցախի անկախությո՞ւնն է ճանաչվում, թե՞ Սաֆարովին էքստարդիցիայի չեն ենթարկում, կամ էլ Հայաստանը ավելի արա՞գ է զարգանում, քան՝ Ադրբեջանը:

Կամ որ հայտարարեցիք, թե Ալիևն անգլերեն չգիտի (չնայած, ի տարբերություն Սարգսյանի, ով միայն «գլխով» էր շփվում Քերիի հետ, Իլհամը դա անում էր ազատ՝ առանց թարգմանչի), դրանից հետո Սերժ Սարգսյանը անգլերեն խոսե՞լ է սովորում: Թե՞ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է Ադրբեջանում առկա կոռուպցիայի մասին, դրանից հետո Սաշիկ Սարգսյանի բիզնեսներն են նվիրաբերվում հայ ժողովրդին: Կամ որ հայտարարեցիք, թե Ադրբեջանում մարդիկ վատ են ապրում, դրանից հետո Հայաստանի աղքատների թի՞վն է կրճատվում, թե՞ սովյալներն են անմիջապես կշտանում:

Իսկ գուցե այդ ամենը իրականում, իսկապես էլ տեղի է ունենում, պարզապես մեզ պես «չարակամները» ա՞յլ պատկեր են տեսնում  ու այդ պատկերներով չեն էլ կարողանում կշտանա՞լ:

 Սանասար Հավասարյան

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Այս հաշվետվությունները վաղուց թղթի կտոր են դարձել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ինչ եղավ Գալուստ Սահակյանի եւ Խոսրով Հարությունյանի հետ, երբ որոշեցին հիշել անցյալը. Տեսանյութ ‘