‘Ամենաերջանիկներն ու ամենադժբախտները’

1379

65-79 տարեկան մարդիկ ամենաերջանիկներն են, նշվում է Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչության հետազոտության մեջ:

Ավելի քան 300 հազար չափահաս բրիտանացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ երջանկության և կյանքից բավարարված լինելու զգացողություններն իրենց գագաթնակետին են հասնում հենց այդ տարիքային խմբում, իսկ 80-ից հետո անկում է նկատվում:

Ամենաչբավարարվածն իրենց համարում են 45-59 տարեկան մարդիկ, հիմնականում՝ տղամարդիկ: Այդ տարիքային խմբում նաև տագնապի զգացողության ամենաբարձր մակարդակն է: Հետազոտողների կարծիքով՝ դրա պատճառներից մեկը կարող է լինել միաժամանակ թե՛երեխաներին և թե՛ տարեց ծնողներին խնամելու հոգսը:

Հետազոտության արդյունքները դասակարգվել են ըստ տարիքի, էթնիկ պատկանելության, դավանանքի, ընտանեկան դրության, զբաղվածության կարգավիճակի և բնակության վայրի: Օրինակ, պարզվել է, որ պաշտոնապես գրանցված ամուսնական կյանքով ապրող մարդիկ ավելի երջանիկ են, քան պարզապես իրար հետ ապրողները կամ այրիացածներն ու ամուսնալուծվածները: Կամ՝ աշխատանք ունեցողները գործազուրկներից ավելի երջանիկ են, բայց շատ ավելի երջանիկ են նրանք, ովքեր աշխատում են ոչ լրիվ աշխատանքային օրվա ռեժիմով: Չաշխատողներից ամենաերջանիկը թոշակառուներն են, նրանց հետևում են ուսանողները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արջամկան օրը. Ֆիլը վաղահաս գարուն է կանխագուշակել’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հայկական ազգայնականությունը 4. Անիծյալ օձը’