‘Ամերիկյան անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Եմենի տարածքին’

740

Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը հրթիռային երեք հարված են հասցրել Եմենի տարածքի տարբեր թիրախների՝ ոչնչացնելով, ենթադրաբար՝ «Ալ-Քաիդայի» 12 գրոհայինների, այսօր հաղորդել է Associated Press գործակալությունը: Երեք հարվածներն էլ հասցվել են ավտոմեքենաների, որոնցում եղել են հավանական գրոհայինները: Բացի այդ՝ անօդաչու սարքերը մի քանի ժամ շարունակ սավառնել են Եմենի մայրաքաղաք Սանայի երկնքում:

Վերջին երկու շաբաթներին ամերիկյան անօդաչու սարքերը ակտիվացրել են իրենց գործողությունները Եմենի օդային տարածքում: Այդ ընթացքում, եմենյան զինվորականների տվյալներով՝ զոհվել են 34 ծայրահեղ իսլամիստներ:

Երկու օր առաջ ԱՄՆ-ը Եմենից դուրս բերեց իր դեսպանատան աշխատակիցներին՝ հնարավոր ահաբեկչության հետ կապված: Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան հետախուզությունը որսացել էր «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահարիի հաղորդագրությունը՝ ուղղված «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» կազմակերպության առաջնորդ Նասեր ալ-Վահիշիին, որի հենակայանը գտնվում է Եմենում: Ուրբաթ օրը ԶԼՄ-ները, հղում անելով հատուկ ծառայությունների  մի ներկայացուցչի, հաղորդել են, որ ազ-Զավահարին հավանություն է տվել նախապատրաստվող ահաբեկչական գործողությանը, որն ինքնուրույն մշակել են Եմենի ծայրահեղականները, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստների դատ. Ընդմիջումից առաջ ցուցմունք տվեցին երեք լրագրողներ ‘
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ ցույց կտա «հերձումը»’