‘Ամերիկյան դատարանը Վարդան Այվազյանին կոռուպցիոն գործունեության համար պարտավորեցրել է $37,5 միլիոն վճարել ‘

1372

Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը պարտավորեցրել է Հայաստանի ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին (ՀՀԿ) հօգուտ “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի վճարել շուրջ 37 միլիոն 540 հազար դոլար:

Ինչպես տեղեկացնում է Hetq.am-ը, դատական վճռում եղած նյութերի համաձայն 2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդյունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։

Ընկերությունը ներգրավել էր միջազգային եւ տեղի իրավաբանների՝ դուստր ընկերության դեմ ուղղված ապօրինի եւ կոռումպացված գործընթացների հիման վրա պատասխանատվության ենթարկելու համար։ 2006 թ. նոյեմբերի 7-ին ընկերությունը սահմանել է 30-օրյա բարի կամքի ժամկետ՝ բանակցությունների համար (որը նախապայման էր 2003 թ. Բաժնեմասի գնման պայմանագրի համաձայն միջազգային արբիտրաժին դիմելու համար): Այն պետք է տեղի ունենար երեք հայտնի վաճառողների/բաժնետերերի, նախկինում ծպտյալ բաժնետեր եւ մյուս բաժնետերերին ուղղորդող Այվազյանի հետ։

Միջազգային առեւտրի պալատի(«ՄԱՊ») կանոնների համաձայն՝ “Գլոբալ Գոլդ Մայնինգը”  2006թ. դեկտեմբերի 29-ին դիմել է Փարիզում տեղակայված արբիտրաժ։ 2008 թ. հունիսի 25-ին Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը կայացրել է որոշում՝ Այվազյանից պահանջելով որպես պատասխանող ներկայանալ ՄԱՊ-ի արբիտրաժ։

2008 թ. սեպտեմբերի 5-ին ՄԱՊ-ի Միջազգային արբիտրաժային դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն՝ Այվազյանը պետք է համարվի որպես կողմ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ 2008 թ. հունիսի 25-ին կայացրած որոշման համաձայն։ Այնուհետեւ՝ 2011 թ. դեկտեմբերին, ՄԱՊ-ի Տրիբունալը որոշել է գործընթացը շարունակել միայն հայտնի երեք բաժնետերերի մասով:

2012 թ.մարտին ԳԳՄ-ն դիմել է դաշնային դատարան՝ պահանջելով որոշում կայացնել Այվազյանի նկատմամբ նույն Դատարանի կողմից նախկինում կայացրած որոշման հիման վրա եւ/կամ համապատասխանեցնել ՄԱՊ-ի Տրիբունալի նախադեպերին։

Այվազյանի գործողությունների արդյունքում կրած վնասների ապացույցների հիման վրա ԳԳՄ-ի օգտին կայացված $37,537,978.02 ԱՄՆ դոլարի դաշնային դատարանի վերջնական որոշումը բաղկացած է $27,152,244.50 ԱՄՆ դոլար վնասի հատուցման գումարից, գումարած $10,385,734.52 ԱՄՆ դոլար տույժերը՝ հաշվարկված 9%-ով՝ սկսած 2008 թվականից։

Ընկերությունը ծանուցել է ՄԱՊ-ին առ այն, որ մնացած երեք բաժնետերերի նկատմամբ ընթացող արբիտրաժը պետք է դադարեցվի վիճարկելի լինելու հիմքով՝ հաշվի առնելով Այվազյանի հանդեպ կայացրած որոշումը։

ԳԳՄ իրավաբանը «Հետքին» տեղեկացրել է, որ վճիռը եւ կատարողական թերթը ուղարկվել են Վարդան Այվազյանի երկու հասցեներով՝ Երեւան եւ Չարենցավան:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիայի» նախագահ. «Բավարիային» չէր խանգարի մի փոքր համեստ լինել ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսահայերը Փարիզում Ալիեւին կդիմավորեն բողոքի ցույցով’