‘ԱՄՆ-ը դատական սխալի համար կվճարի 40 մլն դոլար’

892

Նյու Յորքի Կենտրոնական պարկում 1989 թ. մի կնոջ դաժան բռնաբարության համար անարդարացի դատապարտված հինգ տղամարդիկ հաշտություն են կնքել քաղաքի իշխանությունների հետ: Փոխհատուցման գումարը, որը դեռ պետք է հաստատվի դաշնային դատավորի կողմից, կազմում է 40 մլն դոլար:

Նախկին դատապարտյալները աֆրոամերիկացիներ և լատինաամերիկացիներ են, դատավճիռը կայացնելու պահին նրանք անչափահաս են եղել: Տղաները բանտում են անցկացրել 7-ից 13 տարի, մինչև որ 2003 թ. ոստիկանությունը ձերբակալել է իսկական հանցագործին՝ սերիական մարդասպան Մաթիաս Ռեյեսը խոստովանել է, որ ինքը միայնակ է կատարել այդ հանցագործությունը:

Զոհին՝ 28-ամյա Տրիշա Մեյլիին, որը տնից դուրս էր եկել վազելու, դաժան ծեծի էին ենթարկել, բռնաբարել և թողել թփերի մեջ մեռնելու, սակայն նրան ժամանակին օգնության էին հասել և փրկել կյանքը: Կինն ինքը չի հիշում հարձակման մանրամասները:

Ձերբակալությունից հետո անչափահաս տղաներին, առանց փաստաբանի, հարցաքննել են մի քանի ժամ շարունակ, և նրանք խոստովանական ցուցմունքներ են տվել, որոնցից հետո հրաժարվել են:  Նրանց մեղավոր են ճանաչել:

2003 թ. տղաները հայց ներկայացրին Նյու Յորքի իշխանությունների դեմ՝ պահանջելով 250 մլն դոլար բարոյական փոխհատուցում: Նրանք ոստիկանությանը և դատախազությանը մեղադրում էին ապօրինի ձերբակալման, չարամտորեն դատական հետապնդման և ռասայական խտրականության մեջ: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Բլումբերգը հրաժարվում էր հաշտության գնալ տղաների հետ, սակայն վեց ամիս առաջ այդ պաշտոնում Բլումբերգին փոխարինած Բիլ դե Բլազիոն համաձայնել է դա անել:

Հինգ անչափահասների պատմությանն է նվիրված Սառա Բյորնսի «Հնգյակը Կենտրոնական պարկից. Քաղաքային խուլիգանության խրոնիկա» գիրքը, որի հիման վրա 2012 թ. նկարահանվեց ֆիլմ, և 2013 թ. այն արժանացավ Պիբոդի մրցանակի, որն ամեն տարի տրվում է փաստագրության և լրագրության բնագավառում երևելի նվաճումների համար, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քառյակ. Կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են ‘
Հաջորդ հոդվածը‘ԻԼԻՊ-ի գրոհայինները ջիհադի կոչով դիմել են արևմտյան երկրների մուսուլմաններին ‘