ԱՄՆ-ը խնդրելու է ՄԱԿ-ին, որ ՌԴ–ին հեռացնի Մարդու իրավունքների խորհրդից

374

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս Գրինֆիլդը Ռումինիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը կդիմի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային՝ Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամությունը կասեցնելու առաջարկով։

Գլխավոր ասամբլեան իրավունք ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում դադարեցնել այդ իրավունքները պարբերաբար և կոպտորեն խախտող ցանկացած երկրի անդամությունը, դրա համար անհրաժեշտ է ստանալ 193 ձայների երկու երրորդը։

«Ռուսաստանի մասնակցությունը Խորհրդին՝ ծաղր է,- հայտարարել է Թոմաս Գրինֆիլդը։- Դա սխալ է, ուստի մենք կարծում ենք, որ արդեն ժամանակն է, որ Գլխավոր ասամբլեան քվեարկի նրան հեռացնելու օգտին։»

Թոմաս Գրինֆիլդը նաև ասել է, թե ուզում է, որ այդ քվեարկությունը կայանա հենց այս շաբաթվա ընթացքում։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ելույթ ունենալով Նյու Յորքում,  Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելն անվանել է չլսված բան՝ ընդգծելով, որ դա հազիվ թե օգնի ուկրաինական կողմի հետ բանակցություններում, և կրկնելով, որ Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունների կադրերը «խաղարկված» են։

Փոխանցում է BBC-ն։ 

Նախորդ հոդվածըԶելենսկին ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ-ում
Հաջորդ հոդվածը«Չպատերազմ»՝ գաղափարախոսական քարոզչություն Ռուսաստանում