‘ԱՄՆ-ն աջակցում է պարտադիր կուտակային համակարգի ներդրման իրազեկմանը’

907

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի իրազեկման աշխատանքների համար 149 հազար դոլար կհատկացվի այն ժամանակ, երբ մոտ տասը օրից դժգոհության մեծ ալիք բարձրացրած համակարգը ներդրվելու է, և մարդիկ արդեն պետք է իրազեկված լինեին՝ ինչ ֆոնդ ընտրել և ինչպես։ «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հետ երկու դրամաշնորհային համաձայնագիր կնքեց, որից մեկն էլ վերաբերում է ընթացիկ կենսաթոշակային համակարգին։
«Ազատության» հարցին, թե ուշացած չէ արդյոք իրազեկման համար տրամադրվող գումարը, նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ տասը տարի է այն արդեն քննարկվում է ամենատարբեր շրջանակներում։ Ըստ Ասատրյանի՝ այլ խնդիր է, որ հասարակական պահանջարկը բարձր չի եղել։
ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը նույնպես տեղյակ է, որ քաղաքացիների մի զգալի խմբի մոտ նոր օրենքը դժգոհություն է առաջացրել։  Պատասխանելով «Ազատության» հարցին, թե համակարգը ներդնելիս արդյոք ուշադրություն չի դարձվում երկրի ներկա սոցիալ-տնտեսական վիճակին, տիկին Հիլիարդը պատասխանեց, որ տեղյակ է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներից, սակայն հավատացած է, որ դրանք լուծելու համար պետք է հեռանկարային քայլեր ձեռնարկվեն։
«Ես հասկանում եմ, դժվար է սեփական գրպանից վճարել այդ գումարը, երբ կան բազմաթիվ ծախսեր, երեխաների կրթություն, նրանց հագուստ և այլն, բայց ավելի լավ է այսօր մի քիչ վճարել, այսօրվանից մի քիչ կուտակել, որպեսզի կենսաթոշակային տարիքին հասնելու ժամանակ չմտածել՝ «ինչպես ենք հիմա ապրելու»»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը։

Նախորդ հոդվածը‘Խոդորկովսկին արդեն Գերմանիայում է. Առաջին լուսանկարը ազատ արձակվելուց հետո ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ազատ է արձակվել հայտնի գործարարը’