‘ԱՄՆ պետքարտուղարը սիոնիզմի վերաբերյալ թուրք վարչապետի արտահայտությունները վիրավորական է համարել’

793

Թուրքիայի վարչապետ Ռեփեփ Թայիփ Էրդողանը սիոնիզմը համեմատել է ֆաշիզմի հետ, և նրա այդ համեմատությունն արժանացել է ԱՄՆ-ի և Իսրայելի բացասական արձագանքին: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, պետքարտուղար Ջոն Քերրին այդ արտահայտությունն անվանել է «ծայրաստիճան վիրավորական»:

Հինգշաբթի օրը Վիեննայում ելույթ ունենալով ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի» գագաթնաժողովում՝ Էրդողանը հայտարարել էր, թե «իսլամոֆոբիան պետք է ընկալվի որպես հանցագործություն մարդկության դեմ՝ ճիշտ այնպես, ինչպես սիոնիզմը, հրեատյացությունը և ֆաշիզմը»: Այս խոսքերն արդեն բացասական արձագանքի են արժանացել Թել-Ավիվում և Եվրոպայի հրեական համայնքներում: Քերրին, իր հերթին, նշել է, որ թուրք վարչապետի արտահայտությունները «վնաս են պատճառում թուրք-ամերիկյան հարաբերություններին» և «ծայրաստիճան վիրավորական է սիոնիզմը մարդկության դեմ գործված հանցագործությունների հետ համեմատելը»:

ԱՄՆ պետքարտուղարն այսօր ժամանել է Անկարա՝ տարածաշրջանային կարևոր հարցեր քննարկելու նպատակով: Սա Ջոն Քերրի՝ պետքարտուղարի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին այցն է Թուրքիա: Բանակցություններում կշոշափվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև՝ Սիրիայում իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմ. Մանչեսթերում կայանալիք հանդիպումը Կրիշտիանու Ռոնալդուի համար առանձնահատուկ կլինի’
Հաջորդ հոդվածը‘Սուրբ Սարգիս եկեղեցում ավարտվել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը’