‘Այնպես մահափորձ անեմ, որ երկու օրից նոր գլխի ընկնես (տեսանյութ)’

2778

Րաֆֆի Հովհանիսյանի շտաբն այսօր տարածել է հաղորդագրություն՝ Ր. Հովհաննիսյանի նկատմամբ, իրենց որակմամբ, մահափորձի մասին:

Հաղորդագրությունում ասվում է. «Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, ժամը 18:00-ին, անհայտ մի տղամարդ՝ մուտք գործելով Ազատության հրապարակ, գոռումգոչյունով կատաղի կերպով ճեղքեց հավաքված բազմության շարքերը եւ ուղղվեց դեպի հարթակ, ուր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մասնակցում էր «Բարեւահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին: Թիրախին մոտենալու պահին շուրջ քսան ոստիկաններ, ում հանձնարարված էր հրապարակում կարգուկանոն ապահովել, անգործություն դրսեւորեցին մինչ այն պահը, երբ քաղաքացիներն իրենք շրջափակեցին Հովհաննիսյանից տասը մետր հեռավորության վրա գտնվող հավանական մարդասպանին: Միջադեպից մոտ մեկ ժամ առաջ այդ նույն ոստիկանները բավական արդյունավետ կերպով կենդանի պատ ստեղծեցին Հովհաննիսյանի ռահակիցների եւ փոքր խոտածածկ տարածքի միջեւ, որտեղ տարեց մի ազատամարտիկ արվեստագետ լարախաղացի վրա փոքր ակրոբատիկ ներկայացում էր ուզում ցուցադրել:

Հանրայնորեն ապացուցված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարում է Հանրապետության պատմության մեջ ամենախաղաղ, սահմանադրական շարժումը եւ լրջորեն պայքարում է քաղաքացիների ու ոստիկանների միջեւ փոխադարձ հարգանքի ձեւավորման ուղղությամբ: Այսպիսով, մենք մեծապես ցավում ենք, որ ստիպված ենք արտահայտել մեր խորը հիասթափությունը ՀՀ ոստիկանությունից, որը ,կատարելով անիրավ, քաղաքական հրահանգներ՝ միաժամանակ անհրաժեշտ պահին չխափանեց Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոտնձգությունը եւ Ազատության հրապարակում չապահովեց քաղաքացիների անվտանգությունը:

Ավելին՝ մենք ոստիկանությանը կոչ ենք անում անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը, ինչպես նաեւ հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրեական գործի բոլոր մանրամասները: Եվ, վերջապես, մենք պահանջում ենք, որպեսզի ոստիկանությունը փոխի իր անհանդուրժողական վարքագիծը քաղաքացիների հանդեպ, ում նա կոչված է պաշտպանելու, բայց ում, փոխարենը, մղում է անվստահության, անհնազանդության եւ վարչակարգի վերջնական մերժման:

Ժողովրդի համբերությունն անսպառ չէ: Նրա հանդեպ կատարված ցանկացած ապօրինության կամ բռնության ամբողջական պատասխանատվությունը՝ ժողովրդի կողմից հնարավոր պատասխան քայլերի հետ մեկտեղ, ընկնելու է դե ֆակտո իշխանությունների եւ նրանց օրինապահ մարմինների վրա»:

Լրատվամիջոցներն արդեն հաղորդել էին, որ շաբաթ օրը հարբած մի մարդ հայհոյանքներով փորձել էր մոտենալ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն քաղաքացիների և ոստիկանների միջամտությամբ դա նրան չէր հաջողվել, և հարբած քաղաքացին (կամ «հավանական մարդասպանը», ինչպես ասվում է վերոնշյալ հաղորդագրության մեջ) հեռացվել էր հրապարակից:

Բանից պարզվում է՝ երկրում սահմանադրական կարգ վերականգնելու, քրեական ռեժիմը տապալելու գործին լծված «Ժառանգությունում» վերոնշյալ տեքստը գրելը պահանջել է երկու օր ժամանակ: News.am-ի հարցին, թե ինչո՞ւ է մահափորձի մասին հաղորդվում դեպքից երկու օր անց, «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է, թե մամուլի հաղորդագրությունը պատրաստ չի եղել:

Մենք չենք պնդում, թե պարոն Խուրշուդյանը մարդկանց հիմարի տեղ է դնում, պարզապես քաղաքացիներին կոչ ենք անում զգոն լինել և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտակայքում չփռշտալ, հատկապես՝ եթե դա ուղեկցվելու է հայհոյանքներով: Մեկ շաբաթ հետո կարող է հաղորդագրություն տարածվել այն մասին, թե ինչպես է «հանրայնորեն ապացուցվել», որ վերոնշյալ ակտը ոտնձգություն էր տիեզերքի նկատմամբ և միտում ուներ փոխել Արևի շուրջ Երկրի պտտման ուղեծիրը:

Սաթենիկ Պողոսյան

Նախորդ հոդվածը‘ԱԺ ՀՀԿ պատգամավոր. Սերժ Սարգսյանն իր պատասխանով երկխոսությունը տեղափոխել է ռացիոնալ դաշտ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. Կոմպրոմիսի գնալու շահագրգռությունն ավելի շատ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից է’