‘Այստեղ պետություն չկա, սա խուլիգանների երկիր է. Օֆշորային սկանդալի զոհ’

1354

Վարչական դատարանն օրերս վերադարձրել է գործարար Փայլակ Հայրապետյանի հայցադիմումը, որով վերջինս դատի էր տվել Կենտրոնական բանկին և ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների:

Հայրապետյանը համարում է, որ իր սնանկացման հիմնական մեղավորը կառավարությունն է, որի հովանավորությամբ էլ տեղի է ունեցել իր ունեցվածքի նախ՝ գրավադրումը, ապա՝ յուրացումը:

«Եթե չլիներ կառավարությունը, եթե չլիներ էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանը, ես ոչ մի ներդրում չէի անի: Ես մտածեցի՝ գործ ունեմ պետության, պետական մարմինների հետ, դրա համար էլ համարձակ, առանց կասկածի գնացի այդ քայլին ու դրեցի իմ ունեցվածքը: Բայց, փաստորեն, այստեղ պետություն չկա, սա խուլիգանների երկիր է»,- 1in.am-ի հետ զրույցում ասել է Հայրապետյանը:

Դատարանը պատճառաբանել է, որ հայցադիմումն անհիմն է: Իսկ Հայրապետյանը դատարանի կողմից իր հայցադիմումի մերժման մեջ ևս միտում է տեսնում: «Էս երկրի ամենամեծ խուլիգանը վարչապետն է. ո՞նց կարող էր դրանից հետո դատավորն ինձ լսել»,- հավելել է Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալի բացահայտումից հետո պարզ դարձավ, որ Հայրապետյանի ունեցվածքի յուրացման գործում Աշոտ Սուքիասյանից բացի՝ անմասն չեն մնացել նաև վերջինիս կնքահայրը՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, և նրա մտերիմը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ առկա փաստաթղթերի՝ հենց այս երեքի անունով է գրանցված օֆշորային կազմակերպությունը, որտեղ և փոխանցվել է Հայրապետյանի ունեցվածքի՝ գրավի դիմաց տրված վարկի գումարները:

Այս առիթով հարուցված է նաև քրեական գործ, որի նախաքննությունը քանի ամիս է՝ շարունակվում է, բայց դեռ որևէ էական հանգամանք պարզված չէ: Աշոտ Սուքիասյանի նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում, բայց ոստիկանությունը ոչ մի կերպ չի կարողանում գտնել նրան:

Նախորդ հոդվածը‘Դրամական զանգվածը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերին աճել է 0.3 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով` 13.2 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության կրթահամալիրի սովորողը ծեծել է հերթապահին’