‘Այսօր ծնվել է Ջոն Հարվարդը՝ անմեղ մեղավորը’

2182

Այս բարի ու համեստ մարդու երկրային կյանքն ընդհատվեց, երբ ընդամենը 31 տարեկան էր։ Նրա միակ «մեղքն» այն էր, որ մահից առաջ իր 400 գրքերը եւ 779 ֆունթ է8 կտակել մի քոլեջի, որը հետագայում կոչվել է իր իսկ անվամբ։

Ջոն Հարվարդը (1607-1638) ծնվել է Լոնդոնում, մսավաճառ Ռոբերտի եւ Քեթրինի բազմանդամ ընտանիքում։ Ինը երեխաների չորրորդն էր։ 18 տարեկան էր, երբ ժանտախտից մահացան նրա հայրը, քույրը եւ երկու եղբայրը։ Կարճ ժամանակ անց Ջոնի մայրն ամուսնացավ, եւ երկրորդ ամուսինն էլ մահացավ մի քանի ամիս անց։ Տիկին Քեթրինը չհուսահատվեց եւ երրո՛րդ անգամ ամուսնացավ։ Այս մեկն էլ հինգ տարի հետո մահացավ։ Քեթրինը չհասցրեց չորրորդ անգամ ամուսնանալ, որովհետեւ ամուսնու մահից երկու տարի հետո ինքն էլ հրաժեշտ տվեց այս աշխարհին։

Մինչ Ջոնի մայրն զբաղված էր ամուսիններ թաղելով, այդ ընթացքում Ջոնն ավարտեց Քեմբրիջի քոլեջը եւ արվեստի բակալավրի կարգավիճակ ձեռք բերեց։ Մոր մահից մեկ տարի հետո Ջոնն էլ ամուսնացավ, ընտրեց միսիոների առաքելությունը եւ կնոջ հետ փոխադրվեց Բոստոն, եւ այստեղ էլ մեկ տարի անց ինքը մահացավ թոքախտից։

Ջոն Հարվարդը զավակ չուներ, եւ մահից առաջ իր համեստ կարողության կեսը կտակեց կնոջը, կեսն էլ՝ գրքերի հետ միասին այն քոլեջին, որտեղ սովորել էր։

Այս հաստատության ղեկավարությունն էլ, պարզվեց, երախտամոռ չէ, եւ քոլեջն այդուհետ սկսեց կրել հանգուցյալ բարերարի անունը։

Համեստ այս քոլեջը հետագայում ընդլայնվեց, ծաղկեց եւ դարձավ այն նշանավոր համալսարանը, որի գոյության մասին դժվար թե գտնվի մեկը, որ տեղյակ չլինի։

Ուրեմն, ո՞րն է միսիոներ եւ բարեգործ Ջոն Հարվարդի մեղքը, որ համալսարանի դիմաց 1884 թվականին տեղադրված նրա արձանը կրում է «Երեք խաբեության քանդակ» անունը։ Քանդակի հեղինակը Դենիել Չեսթեր Ֆրենչն է։ Արձանը տեղադրվել է համալսարանի 250-ամյակի առթիվ, որի վրա գրված է. «Ջոն Հարվարդ, հիմնադիր, 1638»։

Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի արտաքին է ունեցել Ջոնը, որովհետեւ ոչ միայն նրա լուսանկարը չկա, այլեւ որեւէ հիշատակություն չկա նրա արտաքին տվյալների մասին։ Դե, Ֆրենչն էլ բնորդ է ընտրել համալսարանի ուսանող Շերմանին։ Սա՝ մեկ սուտ։ Երկրորդ եւ գլխավոր սուտը՝ Ջոն Հարվարդը համալսարանի հիմնադիրը չէ, նա ընդամենը սովորել է այնտեղ։ Երրորդ՝ համալսարանը հիմնադրվել է 1636 թվականին, ոչ թե՝ 1638-ին։ Այնպես որ, քանդակագործ Ֆրենչը, որն անմահացել է նաեւ Աբրահամ Լինքոլնի արձանի ստեղծման շնորհիվ, երեւի կատակասեր մարդ է եղել կամ ծուլացել է մանրամասն հարցուփորձ անել, թե ով է եղել Ջոն Հարվարդը։

Ի դեպ, կատակասեր են նաեւ այդ հռչակավոր համալսարանի ուսանողները։ Թե ով է եղել առաջինը՝ հայտնի չէ, բայց ավանդաբար ուսանողներին է փոխանցվում այն «առասպելը», ըստ որի՝ եթե նրանք միզեն Ջոն Հարվարդի ձախ կոշիկի մեջ, ապա հաջողությունն իրենցից երես չի թեքի։ Թե ինչու հենց ձախ կոշիկի, ոչ թե՝ աջ, ականատեսները սրա մեջ ոչ մի խորհրդավոր նախանշան չեն տեսնում. Ընդամենը ձախ կոշիկի դիրքն ավելի հարմար է այդ «ծեսը» հեշտությամբ իրականացնելու համար։ Սա դեռ բոլորը չէ. զբոսաշրջիկներն էլ իրենց ձեռքը քսում են այս նույն «սրբագործված» կոշիկին, որովհետեւ սրանց էլ հավատացրել են, որ այդ շփումից հետո լող են տալու երջանկության ալյակներում։ Եվ այսքանից հետո դժվար թե որեւէ մեկը զարմանա, թե ինչու է այդպես փայլում Ջոն Հարվարդի ձախ կոշիկը։

Խեղճ Ջոն։ Կտակը գրելիս դժվար թե պատկերացներ, որ այսպիսի «սիրային» փորձությունների է ենթարկվելու իր համեստ անձը։ 

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. ՀՀԿ-ականները լավ կանեն` լռեն’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Նոր միջազգային իրավիճակը, կամ՝ Հայաստանի «գինը» կրկին բարձր է’