‘Այց, որ մինչև վերջերս անհնար էր թվում’

1768

Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմական այցով ժամանել է Կուբա: Սա 88 տարիների ընթացքում ԱՄՆ ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Կուբա: Ամերիկյան վերջին նախագահը, որ այցելել է Ազատության կղզի, եղել է Քալվին Քուլիջը՝ 1928 թ.:

Երկօրյա այցի ընթացքում Օբաման բանակցություններ է վարելու Կուբայի գործող նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ: Կուբայի հեղափոխության առաջնորդ, Ռաուլ Կաստրոյի ավագ եղբայր Ֆիդելի հետ որևէ հանդիպում նախատեսված չէ: Սպիտակ տունը, սակայն, հստակ հասկացրել է, որ Օբաման մտադիր է հանդիպել կուբացի այլախոհների հետ՝ անկախ նրանից, թե Հավանայի իշխանություններն ինչպես են դրան վերաբերվում:

Սպասվում են քննարկումներ՝ Ազատության կղզում առևտրի և քաղաքական բարեփոխումների շուրջ:

Օբամայի՝ Հավանա հասնելուց մի քանի ժամ առաջ ձերբակալվել են քաղբանտարկյալների կանանց ստեղծած «Սպիտակազգեստ կանայք» խմբի մի քանի տասնյակ մասնակիցներ:

Լրագրողներից շատերը նշում են, որ Օբամայի այցը շրջադարձ է նշանավորում երկու երկրների փոխհարաբերություններում, քանի որ դեռևս մեկուկես տարի առաջ միայն այն միտքը, թե ԱՄՆ նախագահը կարող է ոտք դնել Կուբայի հողի վրա՝ միանգամայն անիրականանալի էր թվում: 

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն շարունակում է բալիստիկ հրթիռներ արձակել’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլը հայտնվել է ահաբեկիչների ուշադրության կենտրոնում’