‘Անկարայի քաղաքապետը լրագրողին դատի է տվել՝ իրեն «հայ» անվանելու համար’

986

Անկարայի քաղաքապետ, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը դատի է տվել հայազգի լրագրող Հայկո Բաղդատին՝ Тwitter-ում իրեն հայ անվանելով վիրավորելու համար: Նա 10 հազար լիրայի չափով բարոյական փոխհատուցում է պահանջում:

Բաղդատը Twıtter-ի իր միկրբլոգում գրել է. «Մելիհ Գյոքչեքը հայ է», գրում է թուրքական «Հուրիեթ»-ը:«Գյոքչեքը երկիրն ու ազգը սիրող, Թուրքիայի հայրենասեր քաղաքացի է, և Բաղդատն էլ դա գիտի։ Սակայն նման գրառում կատարելով՝ նա քաղաքացիներին ուղղորդել և մեր պաշտպանյալի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորել է փորձում։ Քաղաքապետի ձեռքբերումներն ու Անկարայի մեծ փոփոխությունները տանել չկարողացող Բաղդատը մեր պաշտպանյալի դեմ տարբեր հարթակներով հարձակում է սկսում»,- նշված է դիմումում։

Փաստաբանները հավելել են, որ նման արտահայտություններով Բաղդատը վիրավորել է նաև Գյոքչեքին ընտրած բոլոր անկարացիներին։

Նշենք, որ Թուրքիայում քաղաքական ընդդիմախոսներին «վիրավորելու» նպատակով նրանց հայ անվանելը բավական տարածված է: Տարիներ առաջ այն ժամանակվա նախագահ Աբդուլլա Գյուլն է փորձել դատական հայցի միջոցով փոխհատուցում ստանալ իրեն «հայ» անվանած գործչից: Անցյալ տարի, նախընտրական քարոզարշավի ժամանակ, ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը եթերում ասել է. «Ինձ ասել են, որ ես, ներողություն, հայ եմ, բայց դա այդպես չէ: Ես թուրք եմ, մուսուլման եմ»:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ’
Հաջորդ հոդվածը‘Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը’