Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը դուրս են եկել եզրափակիչ

393

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ  Խաչիկյանը դուրս են եկել եզրափակիչ։

Փետրվարի 23-ին մեկնարկած աշխարհի գավաթի առաջին փուլային մրցաշարում առաջին մրցումային օրը տեղի են ունեցել ազատ վարժության, նժույգ թափերի եւ օղակների վարժությունների որակավորման փուլերը:

Նժույգ թափերի վարժությունում  Գագիկ Խաչիկյանը 15.000 միավորով երրորդ տեղից դուրս է եկել եզրափակիչ։

Այս վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 9-րդ պահեստայինն է։ Նա վաստակել է 14.566 միավոր:

Օղակների վարժությունում  Արթուր Ավետիսյանը վաստակել է 14.533 միավոր եւ 5-րդ տեղից եզրափակիչում է:

Վահագն Դավթյանը 14.500 միավորով 6-րդն է:

Կոտբուսի փուլում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից մասնակցում է 5 մարմնամարզիկ: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու անմիջապես Կոտբուսից հետո, Դոհայում։ Երրորդ փուլը Բաքվում է, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի։

Նախորդ հոդվածըՍունակը G7-ին կոչ կանի օգնել Ուկրաինային՝ հարված հասցնելու ռուսաստանյան թիկունքին
Հաջորդ հոդվածըԳուանտանամոյում ԱՄՆ-ի ռազմակայանի բացման 120-ամյակը