‘Առաքել Սեմիրջյան. Հիվանդ Ուրվականների Քաղաք’

3600

Ախ,  եթե մի շուն լիներ էդ տանը ու մեկ-մեկ հաչար, հաստատ մարդասպանը տուն չէր մտնի:

Եթե կողքի փողոցում էլ լիներ, էլի չէր մտնի, ու էդ շան ոռնոցը հաստատ կվախեցներ ու կփախցներ: Եթե քաղաքում էլ լիներ, շներն իրար ձեն-ձենի կտային, ու էլի կվախենար քաղաք մտնել:

Բայց ու՞ր մնացին թափառական շները, նրանք էլ հո տանը կերակրվելու խնդիր չունե՞ն, համ էլ գիշերները քաղաքի լիարժեք տերերն են ու որևէ մեկին չեն զիջի իրենց գիշերային ժամերի տիրապետությունը, որքան էլ դիմացինները զինված լինեն:

Միգուցե իրենք էլ են նեղացել ու գնացել, միգուցե սնունդը էնքան է քչացել, որ աղբը թափելու բան էլ չի մնացել, որ էդ խեղճ անտերները կարողանան կերակրվել:

Չէ՛, ի՞նչ ես ասում, Նոր տարուց հետո գոնե աղբամաններում կերակուր կլիներ:

Ո՞վ գիտի, էս տարի Նոր տարվա սեղանին 8 հատ «Նապոլեոն» էի դրել, 6 հատ էլ «Սիգարետ», ու ով էկավ կերավ` համը բերանը մնաց:

Չնայած՝ նախկին եկողների մեծ մասն էլ վաղուց խոպանում է, ու էս տարի մեզնից բացի Նոր տարվա սեղանից օգտվող չեղավ, բայց ոչինչ, եթե քաղաքում լինեին, հաստատ կգային. աջ կողմի հարևանս Ալթայ էր գնացել, ձախինը` Մագադան, դիմացինիս բախտը բերեց, գնաց Բելգիայի փախստականների ճամբարում հանձնվեց, մյուս հարևանս էլ գնացել էր Լաչին` անասուն պահելու, ու մինչ օրս խաբար չկա. ասում են` միջինասիայում անասուն պահելու համար ավելի շատ փող են տալիս:

Ես էլ, դե ես էլ Խոպանից եկա տուն Նոր տարի նշելու` թոռներիս ու երեխեքիս հետ, բայց ախր մի շունն ի՞նչ էր, որ սաղ քաղաքում չլիներ:

Որ մի քիչ էլ աշխատեի, մյուս տարի տանս դուռը հաստատ կփոխեի:

Էն ա` արդեն առել էի, դրել բախչի եզրին, որ գարունը բացվեր, ու փոխեի, չնայած մեր քաղաքում դուռը ինչի՞ ա պետք, մեկ ա` սաղի դռներն էլ բաց են, համ էլ՝ ի՞նչ կա տներում, որ գան գողանան:

Հո թոռներիս տակաշորերը չե՞ն գողանալու պարանի վրայից, համ էլ քաղաքում մա՞րդ ա մնացել, որ գողանա. սկի մի հատ շուն էլ չկա, որ հաչա, ուր մնաց՝ մարդ:

Լվացքի պարանից կախած մանկական շորերը ձմռան ցրտին սառել էին, դե հարսիս ասեցի՝ թաց մի փռի. չլսեց, բայց ոչինչ, փեջի կողքին կդնեմ, ու միանգամից հետ կգա:

Երեկ գիշեր սաղս իրար բարի գիշեր ասեցինք: Նոր տարվա գիշերն էլ ասեցինք՝ էս տարի մի փոքր ավելի եմ խոպանում վիզ դնելու, որ երեխեքիս ու թոռներիս էլ տանեմ մոտս, չնայած՝ ու՞ր տանեմ էդ սիբիրները:

Համ էլ ընդեղ կրուգլի տարին են լվացքները սառում: Դե կգային, աշխարհք կտեսնեին, սամալյոտ կնստեին. ճժերս սամալյոտ մենակ տելեվիզրով են տեսել, բայց էդ հերն անիծած տելեվիզրն էլ թարսի պես փչացավ, ու Նոր տարվա համերգը չկարացանք մինչև վերջ նայենք:

Բայց ոչինչ` հրեն տոնածառը զարդարել էինք ու մինչև Հին Նոր տարի պահել, որ Հին Նոր տարվա օրը հավաքենք:

Աղջիկ թոռս մեր վախտվա մնացած Նոր տարվա գերմանական՝ ինքը կարմիր, վրեն սպիտակ փաթիլ նկարած խաղալիքը ձեռից գցեց ջարդեց, շատ ջղայնացա, բայց ցույց չտվի, որ երեխեն չտխրի, հետո սաղ գիշեր էմուլսիայով կպցնում էի, ու չէր կպնում:

Տենց էլ չկպավ, բայց գլխի կախիչը էնքան ամուր էր, որ չինական խաղալիքին ամրացրեցի, ու էլի աշխատեց:

Էդ գերմանացիք մի բան,որ սարքում են, շատ լավ են սարքում: Համ էլ ի՞նչ էինք էդքան տխրել էդ մի խաղալիքի համար, հենա քաղաքի տոնածառն էր Նոր տարվա օրով շուռ եկել, ու բերին դզմզեցին: Հո ամեն խաղալիքի ընկնելով պատմություն չե՞ս սարքի:

Մի բաժակ ջուրն ի՞նչ էր, որ 4 կիլոմետրի մեջ չգտնվեց, ու ոչ էլ մի հատ շուն կար, որ հաչար, ու վախից էլ ջուր ման չգային, ու դաշտերում փռած ձյունը ուտեին:

Հա, բա գիտես ձյունը ուտել մենակ մենք գիտե՞նք. հենա գնա Սիբիր, տես՝ սաղ էդ ձյունը եռացնում ու խմում են, թե չէ ջուրը ի՞նչ, չգիտես ինչքան քլոր են խառնում, որ չհոտի:

Չէ՛, հաստատ՝ էս ձյան հաշիվ չէր, հաստատ՝ Նոր տարվա խաղալիք գողացողներ էին, որ լսել էին՝ գերմանական խաղալիք ունեմ, կարմիր, վրան ճերմակ փաթիլով, էն էլ չգիտեին, որ թոռս տոնածառը զարդարելիս ձեռից գցել ու կոտրել է:

Բայց իրանք որտեղի՞ց կարային իմանային էդ բանը:

Բայց գոնե շուն լիներ, որ հաչար, ու իրանք խառնվեին, ու տոնածառը շուռ չտային: Բայց էդ անտեր շներն էլ թեկուզ Նոր տարվա օրով աղբամանից հաստատ սնունդ գտնողը չէին: «Սիգարետի» վերջին կտորը կնիկս կերավ, ես էլ խնդացի վրեն, թե՝ այ աղջի, հենա թողնեիր, վաղը առավոտ թոռդ կուտեր:

Շատ խնդացինք էդ գիշեր, ինքն էլ թե՝ բա եթե էդքան թոռանդ մասին մտածում ես, խոպաններում մի քիչ ավելի շատ աշխատի, համ էլ հաստատ մի  ռուս պառավ ճարած կլնես քեզ համար:

Այ ախչի, ի՞նչ պառավ, սկի վրես հարաքյաթ կա՞՝ հլը պառավների վրա էլ նայեմ, իմ ուշքն ու միտքը շուտ տուն գալն ա, մի երկու կոպեկ հետ գցած, որ թոռներիս հետ Նոր տարին իրանց սրտով նշեմ:

Բայց ու՞ր կորան էդ անտեր շները, կամ ինչի՞ էդ դռան զամոկի փողը հետ չգցեցի: Եթե ծխելը թարգած լինեի, հաստատ մի ամսում էդ զամոկի փողը հետ գցած կլինեի, բայց դե էդ ծխելն էլ ո՞նց թարգեմ, հազիվ ներվերս մի կերպ կարում եմ հանգստացնեմ, համ էլ կարոտս ու սովս մեջս խեղդեմ էդ անտեր խոպաններում:

Բայց էն «Սիգարետի» մոմենտով կնգաս վրա չարժեր խոսալ, թեկուզ կատակով: Կնիկ ա, էլի, ինքն էլ քաղցրի կարիք ունի, համ էլ «Նապալյոնից» ոչ մի կտոր չվերցրեց ու թողեց թոռներին:

Ես ամեն ինչ կտայի, որ էդ մի շունը քաղաքում հաչար, բայց ու՞մ վրա հաչա, եթե քաղաքում այլևս մարդ չկա, իսկ շները մահամերձ ուրվականներից սարսափել ու անհետացել էին:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի գործերի հավատարմատարի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սպանվածի ընկերները հորդորում են ապատեղեկատվություն չտարածել’