‘Առաքել Սեմիրջյան. Ցեղասպանությունը մանրադրամ դարձնողները’

2387

Հիշում եք, չէ՞, թե 1998 թվականի իշխանափոխությունից առաջ ինչպիսի մեղադրանքներ էին հնչեցվում այն ժամանակվա իշխանությունների հասցեին, թե իբր նրանք հետևողական չեն  Ցեղասպանության ճանաչման հարցում, պահանջատեր չեն մեր պատմական հողերի նկատմամբ, ՄԱԿ ամբիոնից Թուրքիային չեն հայհոյում, Ցեղասպանության հարցը չեն դարձնում արտաքին քաղաքականության «հիմնասյուն», մոռացել են Սևրի պայմանագրի մասին, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին հետամուտ չեն լինում եւ այլն:

1998 թվականից անցել է 16 տարի, ու այս տարիների ընթացքում գործող իշխանությունները բավարար ժամանակ ունեին իրականացնելու այն «ծրագրերը», որոնց «չիրականացման» համար հեղաշրջում արեցին ու եկան իշխանության: Արցախյան ծրագրերի մասին շատ է խոսվել, դրա համար էլ այս անգամ խոսենք Ցեղակրոն իշխանությունների Ցեղասպանության ճանաչման ծրագրերից: Շատ է խոսվել նաև այն մասին, որ անկախության առաջին տարիներին՝ «ապազգային իշխանությունների» կառավարման ընդամենը 8 տարվա ընթացքում, ավելի շատ երկիր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, քան այս վերջին 16 տարվա ընթացքում, երբ ՀՀ իշխանություններն ազգային ու նժդեհական գաղափարախոսության «կրողներ» են:

Ցեղասպանության 100-ամյակը կարող էր խթան հանդիսանալ  այս իշխանությունների համար՝ ավելի լրջորեն մոտենալու Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, ու կարելի էր նաև Հայաստանի և Սփյուռքի միջև համատեղ ծրագրեր իրականացնել այդ ուղղությամբ, սակայն ցեղակրոն իշխանությունները ցեղակրոն չէին լինի, եթե այդ հարցում էլ դավաճանեին սեփական «սկզբունքներին»:

Երեկ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ ասուլիս է հրավիրել ու հայտարարել, որ ինչպես Սփյուռքի շատ կառույցներ, այնպես էլ Հայաստանի մի շարք գիտնականներ և գործիչներ հանդիսանում են Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալներ, և այդ գործակալների թվում նշել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի անունը: 

Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե  Թուրքիայում ինչեր կասեն հայոց պատմություն գրողների մասին՝  տեսեք, նրանց մեծ մասը Թուրքական գործակալներ են: Բայց սա էլ թողնենք մի կողմ:

Հիշեցման կարգով ասեմ, որ այս հայտարարությունը անում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը` նույն ինքը՝ ՀՀԿ ցուցակով Երևան քաղաքի ավագանու անդամը:

Իր այս ասուլիսում վերջինս նաև պնդում է, որ ցեղասպանության հետ կապված 10 միջոցառումներից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայություններն են իրականացնում:

 Մի կողմ դնենք թուրքական հատուկ ծառայություններին և անդրադառնանք սույն պարոնի հայտարարությանը:

Եթե նա գիտի ՀՀ-ում գործող թուրքական գործակալներին, ապա  ինքն իրեն ինչո՞ւ հարց չի տալիս, թե ինչպես են այդ գործակալները առանց խոչընդոտի գործում ՀՀ տարածքում, դեռ ավելին՝ գրավում պետական պաշտոններ ու կազմակերպում Ցեղասպանության հարցով հակահայկական միջոցառումներ:

Կրկին հիշեցման կարգով ասեմ, որ ՀՀ իշխանութան ղեկին արդեն բազում տարիներ  Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որի ցուցակով էլ Հայկ Դեմոյանը ստանում է այս կամ այն պաշտոններ:

Այդ ի՞նչն է խանգարում ազգային գաղափարախոսություն կրող ՀՀԿ-ին ձերբակալել թուրքական գործակալներին, որպեսզի նրանք չպղծեն ո՛չ մեր ցեղասպանության զոհերի հիշատակը, ո՛չ էլ Հայաստանի դեմ գործողություններ իրականացնեն:

Այստեղ մի պատասխան կա. կամ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, համագործակցում է Հայկ Դեմոյանի նշած ուժերի հետ, այլապես նրանք այդքան բացահայտ չէին գործի, կամ Հայկ Դեմոյանը ստում է, որպեսզի իր անձնական խնդիրները լուծի:

Ես հակված եմ երկրորդ տարբերակին, սակայն նույնիսկ երկրորդ տարբերակն էլ ՀՀ իշխանություններին չի ազատում պատասխանատվությունից. այլապես, ինչպե՞ս կարելի է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգումը վստահել մի մարդու, ով իր անձնական ամբիցիաներից ելնելով՝ կարող է մսխել Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Չնայած՝ ինչո՞ւ ենք զարմանում որ. վերջինս հետ չի մնում իր կուսակցական ընկերներից, ովքեր կրկին իրենց անձնական ամբիցիաների համար մսխում են մի ամբողջ պետություն:

Ու այստեղ արդեն կարևոր էլ չէ, թե նրանք թուրքակա՞ն, ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան գործակալներ են: Կարևորը այն փաստն է, որ այս վերջին 16 տարիների ընթացքում Հայաստանում չի մնացել որևէ ոլորտ, որն անձնական շահից ելնելով՝ չի մսխվել, ու ցեղասպանության հարյուրամյակը չէր կարող զերծ մնալ դրանից, ինչքան էլ այն հեռու լիներ Հայաստանի այսօրվա գործընթացներից:

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Վնասվածքների մեծ թիվը մեզ վրա թանկ նստեց»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ինը ֆուտբոլիստ հրավիրվել է Կատալոնիայի հավաքական’