Ավանդական ուղղագրությամբ գրվածը ճիշտ կարդալու կանոններ [10 դեպք]

2861

Նկատել ենք, որ Հայաստանում շատ մարդիկ կան, որոնք ուղղակի վախենում են ավանդական ուղղագրությունից և գրաբարից (սա հին հայերենն է)։ Նույնիսկ գրագետ մարդիկ  հաճախ պարզապես անճարակ են դառնում, երբ գրաբարյան մի թևավոր խոսք են տեսնում. անգամ կարդալ չեն կարողանում (հասկանալու մասին լռենք)։

Այնինչ այնքան էլ բարդ խնդիր չէ։ Այժմ քայլ առ քայլ կծանոթանանք գրաբար կարդալու կանոններին։ Ասենք նաև, որ գրաբար խոսքի պարագայում ուղղագրությունը չպիտի փոխել. այն պիտի լինի դասական ձևով։

Ասույթների միջոցով անդրադառնանք գրաբար գրվածը ճիշտ կարդալու 10 դեպքի։

  • Դպրոցների մուտքի վերևում, պատերին կամ վահանակների վրա հաճախ ենք տեսնում հայերեն գրված առաջին նախադասությունը, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է Աստվածաշնչի Առակաց գրքից՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոս­քերը):
  1. Զ նախդիրը հաջորդող բաղաձայնից առաջ ըզ է կար­դացվում։ Այսպես՝ զխրատ [ըզխրատ], զբանս [ըզբանս]:

Իսկ ձայ­­նա­վորի հետ զ-ն միաձույլ է արտասանվում, բնականաբար, առանց ը-ի։ Այսպես՝ զորդին [զօրդին]:

  1. Բաղաձայնից առաջ իւ-ը (ի+վյուն) յու է կարդացվում: Այսպես՝ զիմաստութիւն [զիմաստություն], արիւն [արյուն]:
  1. Բառավերջի ա-ից և ո-ից հետո գրված յ-ն չի կարդացվում: Այս­պես՝ հանճարոյ [հանճարո], տղայ [տղա]: Իհարկե, կան բացառությ­ուններ՝ հայ, գոյ, խոյ, Նոյ:
  1. Երբ բաղաձայնով վերջացող բառը սդ կամ ն մասնիկ ունի, դրանցից առաջ ը է արտա­սանվում: Այսպես՝ զբանս [ըզբանըս], Ձերդ [ձերըդ, այստեղից էլ՝ Ձերդ գերազանցութիւն], զքա­ղաքն [ըզքաղաքըն]:
  1. Սդն հոդերից, հոգնակի ուղղականի ք և հայցա­կանի ս մասնիկներից առաջ իւ-ը իվ է կարդացվում: Այս­պես՝ հովիւ – հովիւս [հովիվըս], հովիւդ [հովիվըդ], հովիւն [հովիվըն], հովիւք [հովիվք], զհովիւս [ըզհովիվըս]։
  • Տարածված թևավոր խոսք կա, որը գործածում ենք, երբ մեկն իր միջավայրում ըստ արժանվույն չի գնահատվում։ Այն հենց գրաբար էլ գործածում ենք (գրում և ասում)՝ Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի (Մարգարեն իր գավառում պատիվ չունի): Ինչպե՞ս կարդալ կամ ասել։
  1. Բառասկզբում՝ ձայնավորից առաջ, յ-ն հ է կարդացվում: Այս­պես՝ յանուն [հանուն], յերկինս [հերկինըս], յիւրում [հյու­րում]: Այդպես է նաև ղ-ից առաջ՝ յղանամ [հղանամ], յղեմ [հղեմ]:
  1. Ւ (ւ) տառը (անունն է վյուն / հյուն)  աեի ձայնավորներից և որևէ բաղաձայնից հետո կար­դացվում է վ: Այսպես՝ գաւառ [գավառ], պատիւ [պատիվ], հոգւոյ [հոգվո]:
  • Եղիշե պատմիչից (V դար) մեզ է հասել մի ասույթ, որը գնահատում է ուսումը, կրթությունը՝ Կոյր զրկի ի ճառագայթից արեգական, ևտգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց (Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգետը՝ կա­­տարյալ կյանքից):
  1. Բաղաձայնից առաջ՝ փակ վանկում, ոյ-ը կարդացվում է ույ: Այսպես՝ լոյս [լույս], յոյս [հույս]: 

Ն հոդից առաջ ոյ-ով վերջացող սակավաթիվ բառերը օյ-ով են կարդացվում, ինչպես՝ Նոյն [Նոյըն] (= Նոյը), զխոյն [ըզխոյըն], գոյն [գոյ նշանակում է «ինչ որ կա, գոյություն ունի». գոյըն]։

  1. Եա-ն յա է կարդացվում: Այսպես՝ մատեան [մատյան], յաւի­տեան [հավիտյան], Մամիկոնեան [Մամիկոնյան]:
  • Անցյալում ուսուցման ընթացքում անհնազանդ աշակերտներին պատժում էին, հաճախ շատ խիստ, մարմնական ցավ պատճառելով։ Վստահ էին, որ դա օգնում է։ Այս ասույթը դրա մասին է՝ Որ ոչ լսէ ունկամբ, լուիցէ թիկամբ (Ով չի լսում ականջով, կլսի թիկունքով):
  1. Ու-ն ձայնավորից առաջ վ է կարդացվում: Այսպես՝ լուիցէ [լվիցե], պատուարժան [պատվարժան], Երուանդ [Երվանդ]:

Իսկ հիմա բարձրաձայն (և վստահ) կարդանք հետևյալ ասույթները.

  • Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ։
  • Ոչ է բարւոք առնուլ զհաց ի մանկանց եւ արկանել շանց։
  • Վկայութիւն իմ ճշմարիտ է, զի գիտեմ ուստի եկի եւ յո երթամ։

Դավիթ Գյուրջինյան

Նախորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ-ն պատրաստ է օգնել Մոնղոլիային
Հաջորդ հոդվածըԻրան․ «Ոչ մի փոփոխություն»