‘ԱՎԾ. ԵՄ 10 երկրների հետ ՀՀ-ն պահպանել է արտահանման զրոյական մակարդակ’

3580

Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2014 թվականի հունվարին կազմել է $198 մլն (80.5 մլրդ դրամ), տարեկան կտրվածքով կրճատվելով 6,4%, իսկ 2013-ի դեկտեմբերի համեմատ` 44% աճ: Ըստ ԱՎԾ տվյալների, արտաքին առեւտրային շրջանառությունը 2014 թվականի հունվարին կազմել է $392 մլն (159.5 մլրդ դրամ), տարեկան կտրվածքով անկումը`3.3%, իսկ մեկ ամսում`36%: Արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքում արտահանման ծավալը կազմել է $96.9 մլն դոլար (39.5 մլրդ դրամ), տարեկան աճը` 0.1%, իսկ հունվարի անկումը` 26%: Ներմուծման ծավալը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է $294.8 մլն (120 մլրդ դրամ), անկումը տարեկան կտրվածքով`4,4%, իսկ հունվարին`39%:

Ըստ աղբյուրի, Եվրամիության երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է $106.6 մլրդ (ընդհանուր արտաքին առևտրի ծավալի 27.2%-ը), տարեկան կտրվածքով նվազելով 12%: ԵՄ երկրների հետ բացասական սալդոն տարեկան կտրվածքով աճել է 2,2%, մինչև $31.6 մլն: Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալը հունվարին կազմել է $37.5 մլն, տարեկան անկումը` 17%, իսկ ներմուծումը կազմել է $69.1 մլն, տարեկան անկումը` 9,1%: Հեռավոր արտասահմանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է $164.2 մլն (ընդհանուր արտաքին առևտրի 41.9%-ը), տարեկան աճը` 4.8%: Բացասական սալդոն այս երկրների հետ տարեկան կտրվածքով կրճատվել է 8.9%, մինչև՝$85,3 մլն:

Դեպի այս երկրներ արտահանման ծավալը կազմել է $39.5 մլն, տարեկան աճը` 25%, իսկ ներմուծումը` $124.8 մլն, տարեկան անկումը` 0,3%:

ԱՊՀ երկրների հետ առևտրի շրջանառության ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 5%, կազմելով 120.8 մլն դոլար (առևտրի ընդհանուր ծավալի 30.9%-ը), իսկ առևտրի դեֆիցիտը նվազել է 6,9%, մինչև $81 մլն: Հունվարին դեպի ԱՊՀ երկրներ Հայաստանից արտահանումը կազմել է $19.9 մլն, տարեկան կտրվածքով նվազելով 0,8%, իսկ ներմուծումը կազմել է $100.9 մլրդ, տարեկան անկումը` 5,8%: Հաշվետու ժամանակահատվածում հայկական ապրանքների հիմնական գնորդներն են եղել Ռուսաստանը (ընդհանուր արտահանման  17.1%-ը), Գերմանիան (14.6%), Բուլղարիան (12,2%) , ԱՄՆ-ն (8%), Իրանը (6.8%), Չինաստանը (6.1%), Նիդերլանդները (5,2%), Վրաստանը (4,4%), Կանադան (3,5%): Եվրամիության 10 երկրներում Հայաստանից արտահանումը տեսանելի ժամանակահատվածում պահպանել է զրոյական մակարդակ, դրանք են` Դանիան, Հունաստանը, Հունգարիան, Լյուքսեմբուրգը, Ռումինիան, Իսպանիան, Կիպրոսը, Լեհաստանը, Սլովակիան, Շվեդիան: ԱՊՀ երկրներից Հայաստանը հաշվետու ամսում վերսկսել է արտահանումը դեպի Բելառուս: Արտահանման կառուցվածքում զրոյական ցուցանիշներ են պահպանել նաև Բրազիլիան, Ճապոնիան, Հնդկաստանը և Պանաման, իսկ դեպի Իսրայել և Շվեյցարիա` արտահանումը զրոյացվել է:

 Հայաստան ներմուծվող ապրանքների հիմնական մատակարարներն են եղել Ռուսաստանը (ընդհանուր ներմուծման  30.5%-ը), Չինաստանը (8.4%), Գերմանիան (4,9%), Ուկրաինան և Ռումինիան (3.5%), Բրազիլիան (5.8%), Թուրքիան (4.7%), Իրանը (4.4%), Շվեյցարիան (4.9%) և Իրանը (3.9%): Պահպանվել է զրոյական ներմուծումը Ղազախստանի և Կիպրոսի հետ, զրոյացվել է ներմուծումը Թուրքմենստանի հետ և վերսկսվել է ներմուծումը Դանիայի ու Լյուքսեմբուրգի հետ:

 Արտահանման կառուցվածքում ծավալներով առաջատարն է լեռնահանքային արդյունաբերության ոլորտը` $27.1 մլն, տարեկան անկումը` 5.9%: Երկրորդ տեղում է ոչ թանկարժեք մետաղների ոլորտը` $25,3 մլն, տարեկան անկումը` 14,3%, իսկ երրորդ տեղում է պատրաստի սննդի արտադրության ոլորտը` $19.4 մլն, տարեկան կտրվածքով աճը`27,4%, որին հաջորդում է թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների ու իրերի ոլորտը` $11.3 մլն, տարեկան աճը` 1.9%: Այնուհետև հաջորդում են տեքստիլի ոլորտը` $3.3 մլն (տարեկան աճը`58.2%), քարե, գիպսե, ցեմենտից պատրաստված իրերը` $1,3 մլն (տարեկան աճը` 7.8%), կենդանական ծագումով ապրանքները` $2,4 մլն (տարեկան անկումը` 18%), մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները` 2.1 մլն (տարեկան աճը` 3 անգամ ), բուսական ծագումով յուղերը` $1.8 մլն (տարեկան անկումը` 12.8%):

 Մյուս ապրանքների արտահանումը հունվարին հասավ $1 մլն-ի սահմանին: Ներմուծման կառուցվածքում ամենամեծ ծավալն արձանագրել է հանքահումքային ոլորտը` $88.2 մլն (տարեկան անկումը` 7%): Երկրորդ տեղում է պատրաստի սննդամթերքի ներմուծման ոլորտը` $28,5 մլն (տարեկան անկումը` 7.3%), երրորդ տեղում է թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների ու ապրանքների ոլորտը` $28.2 մլն (տարեկան աճը` 38,5%), որին հաջորդում է մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների ներմուծման ոլորտը` $26.3 մլն (տարեկան անկումը` 23.6%), տրանսպորտային միջոցները` $20.6 մլն (տարեկան անկումը` 1.5%), բուսական ծագումով արտադրանքը` $19 մլն (տարեկան աճը` 68.9% ), քիմիական արդյունաբերության արտադրանքը` $16.6 մլն (անկումը տարեկան կտրվածքով` 7.5% ), ոչ թանկարժեք մետաղների և իրերի ոլորտը` $16.2 մլն (տարեկան անկումը` 8.2%), կենդանական ծագումով ապրանքները` $8.9 մլն (տարեկան աճը` 22,3%), գործվածքեղենը` $8,6 մլն (տարեկան անկումը` 6.5%), պլաստմասսան, կաուչուկը և դրանից պատրաստված իրերը` $8 մլն դոլար է (տարեկան անկումը` 28.5%):

 

Նախորդ հոդվածը‘Աթոյան. Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրհորների փակումը կհանգեցնի ձուկ արտադրող փոքր ձեռնարկությունների փակմանը’
Հաջորդ հոդվածը‘Տ. Սարգսյանը ներկայացրել է ՄՄ-ին անդամակցելիս «զգայուն» ապրանքատեսակների խմբերը’