‘Տ. Սարգսյանը ներկայացրել է ՄՄ-ին անդամակցելիս «զգայուն» ապրանքատեսակների խմբերը’

1055

Երևանում տեղի է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նա ներկայացրել է Մաքսային միությանն անդամակցության համատեքստում Հայաստանի համար զգայուն համարվող ապրանքատեսակների խմբերը, որոնց մաքսատուրքերի հարցում բանակցությունները շարունակվում են:

Սարգսյանի խոսքով, առաջին խումբը վերաբերում է հումքի տեսակներին, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից:

«Պետք է ուշադիր լինել դրանք գնահատելիս, որպեսզի արտադրողների համար ինքնարժեքի բարձրացում տեղի չունենա: Ապրանքների երկրորդ խումբն անմիջականորեն հանդիսանում է սպառման առարկա, որոնք կարող են հարվածել մեր քաղաքացու գրպանին: Այստեղ պետք է զգուշավոր քաղաքականություն վարենք և բանակցելով գանք այնպիսի տարբերակների, որոնք ընդունելի կլինեն և մեր տնտեսության համար բարդություններ չեն ստեղծի: Երրորդ խումբն առնչվում է ժամանակակից տեխնիկային, ավտոմեքենաներին»,— ասել է Տիգրան Սարգսյանը: 
Միաժամանակ, նրա խոսքով, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե մեր երկրի արտադրողների համար ինչպես են կիրառվելու տեխնիկական կանոնները: Դրանք նույնականացնելու նպատակով իրականացվելու են բարեփոխումներ, և այս առումով Հայաստանի համար նախատեսվելու է սահուն մեխանիզմ:

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ. ԵՄ 10 երկրների հետ ՀՀ-ն պահպանել է արտահանման զրոյական մակարդակ’
Հաջորդ հոդվածը‘Ես պատրաստ եմ ենթարկվել պատասխանատվության. Կոմիտաս 5-ի գործով տուժող ոստիկան’