‘Ավշարի Արայիկն ու եղբայրը դիմել են Կանեւսկոյ Արմենի եղբոր օգնությանը’

2840

Երբ Հայաստանում ընտրություններ են, երբ «նախագահը» Սերժ Սարգսյան է, ապա գերակտիվանում է քրեական աշխարհը: Հիմա ընտրություններ են լինելու փոքրիկ Արարատ քաղաքում, բայց քրեական աշխարհը կրկին իշխանությունների ակտիվ միջամտությամբ իրար է անցել:

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի թեկնածուին աջակցող խմբի գլխին կանգնած է Կանեւսկոյ Արմենի եղբայրը: Այն նույն եղբայրը, որը 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ մամուլի հրապարակումների, ակտիվորեն աջակցում էր Աղվան Հովսեփյանի եղբորը` Ռուբեն Հովսեփյանին:

Հիմա Կանեւսկոյ Արմենի եղբոր խումբը Արարատում ակտիվ գործունեություն է ծավալել: Նրանք տուն-տուն, բնակարան-բնակարան շրջում են եւ խնդրում քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Արարատի մեր աղբյուրները նշում են, որ խումբը սկզբում բավական ագրեսիվ է եղել եւ անգամ վախեցնելով են փորձել իրենց հարցերը լուծել, բայց երբ բախվել են արարատցիների վերաբերմունքին` փոխել են մարտավարությունը եւ անցել են համոզելուն:

Նրանց աշխատանքները կոորդինացնում են Ավշարի Արայիկը եւ նրա մարզպետ եղբայրը` Արամայիսը, որոնք Սերժ Սարգսյանին խոստացել են ապահովել ՀՀԿ-ի հաղթանակը: Ինչ-որ պահի համոզվելով, որ Արարատում պարտություն են կրելու, նրանք դիմել են քրեական աշխարհին, մասնավորապես, Կանեւսկոյ Արմենի եղբորը:  

Չնայած այս եւ այլ ջանքերին, նրանք հասկանում են, որ Արարատում ՀՀԿ-ի վարկանիշը մոտ է զրոյին: Չեն օգնում ոչ խնդրանքները, ոչ` ընտրակաշառքները: Հենց ՀՀԿ-ի շտաբի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրենք պարտվում են եւ պարտվելու են: Արարատցիները չեն ցանկանում իրենց քաղաքը հանձնել ՀՀԿ-ին:

Ի դեպ, նույն Կնեւոսկոյ Արմենի եղբայրն իր պատվիրատուներին արդեն իսկ ասել է, որ իրենց աշխատանքը օգուտ չի տալիս, եւ որ պետք է հույսը դնել կոպիտ ընտրախախտումների վրա: Իսկ Ավշարի Արայիկը, որը միշտ եղել է այն ուժերի մոտ, ովքեր իշխանության են եղել (հարել է ՀՀՇ-ին, Երկրապահին, ՀՅԴ-ին, իսկ հիմա` ՀՀԿ-ին), պատրաստ է հսկայական գումարներ ծախսել Սերժ Սարգսյանի մոտ խայտառակ չլինելու համար:

Իսկ այսօր իրականությունն այն է, որ ինչքան գումար էլ նրանք ծախսեն, ում օգնությանն էլ դիմեն, միեւնույնն է, Արարատում ՀՀԿ-ի թեկնածուն պարտվելու է մի պարզ պատճառով` արարատցիները չեն ցանկանում գնալով ավելի վատ ապրել:   

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիական կրկեսից առեւանգել են Սերժ անունով արու լամային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավորը ահազանգում է. Մարդկանց գրանցում են Արարատում ‘