‘«Ատլետիկոն» ֆանտաստիկ եզրափակիչում հաղթեց «Ռեալին» եւ դարձավ Իսպանիայի գավաթակիր’

1436

Փառահեղ ստացվեց Իսպանիայի Արքայական Գավաթի եզրափակիչը, որտեղ հանդիպեցին մադրիդյան երկու անհաշտ մրցակիցները` «Ռեալն» ու «Ատլետիկոն»: Իսկական եզրափակիչ, իսկական դերբի, իսկական ճակատամարտ: Բացառիկ դրամատիկ հանդիպում, որը հաճույք պատճառեց մարզասերներին: 11 դեղին քարտ, 3 կարմիր քարտ. միայն սա արդեն խոսում եզրափակիչի ընթացքի մասին:

Ստացվեց այնպես, որ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ «Ռեալը» այս մրցաշրջանում տանուլ էր տվել երեք մրցաշարերից երկուսը` Իսպանիայի առաջնությունն ու Չեմպիոնների լիգան: Իսպանիայի Արքայական Գավաթը մնացել էր վերջինը, որը կարող էր որոշ չափով մեղմացնել մրցաշրջանի ձախողումները: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Մոուրինյոյին լրատվամիջոցները արդեն վաղուց ուղարկել են Լոնդոնի «Չելսի», ապա պորտուգալացի մասնագետի համար սա հաղթական նոտայով «Ռեալը» լքելու վերջին հնարավորությունն էր: Առանց այդ էլ «Ռեալում» վերջին ամիսներին անթաքույց խժդժությունների, թշնամանքի մթնոլորտ է տիրում, եւ գոնե որեւէ նվաճում երկրորդ պլան մղեր այդ ամենը:

Իսկ քանի որ հանդիպումը կայանում էր «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, մրցակիցն էլ «Ատլետիկոն» էր, որը «Ռեալին» 1999թ. ի վեր չի կարողանում հաղթել, ապա ամեն ինչ «Ռեալի» օգտին էր: Հանդիպման սկիզբն էլ դա ապացուցեց. «Ռեալը» հզոր մեկնարկեց, եւ արդեն 14-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը: «Ատլետիկոն» պատասխանեց 35-րդ րոպեին, երբ Ռադամել Ֆալկաոյի հիանալի գործողություններից հետո Դիեգո Կոստան մեն-մենակ դուրս եկավ եւ գրավեց Դիեգո Լոպեսի դարպասը:

Բայց սա դեռ նախերգանքն էր: Երկրորդ խաղակեսում լարված մրցավեճին գումարվեց նաեւ նյարդերի պատերազմը, որտեղ առաջինը տեղի տվեց անձամբ Ժոզե Մոուրինյոն եւ հեռացվեց դաշտից: Մինչեւ երկրորդ խաղակեսի ավարտը «Ռեալն» առանց մարզիչի կարող էր մի քանի անգամ գրավել «Ատլետիկոյի» դարպասը, բայց պարզապես հրաշքներ էին գործում «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան եւ նրա օգնականները` դարպասաձողերը, որոնք երեք անգամ իրենց վրա ընդունեցին «արքայական» ակումբի խաղացողների հարվածները: Այդպես պատահում է. դա «Ռեալի» օրը չէր: Նախախնամությանը երեւի հոգնեցրել էին վերջին տարիների «Բարսելոնա» եւ «Ռեալ» անունները:

Լրացուցիչ ժամանակում ֆուտբոլային ֆեմիդան արդեն ամբողջովին «Ատլետիկոյի» օգտին էր: Եվ 2-րդ գնդակը խփեց «Ատլետիկոն» եւ Կրիշտիանու Ռոնալդուին ի վերջո կարողացան հունից հանել եւ ուղարկել Ժոզե Մոուրինյոյի ետեւից: Լրացուցիչ ժամանակի վերջում նույնիսկ կռիվ-կռիվ խաղացին, որի գլխավոր դերերում «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն էր եւ Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո ինչ-որ թաքստոցից դուրս եկած Պեպեն: Իսկ Տիբո Կուրտուայի «սեյվը» Օզիլի հարվածից հետո, իհարկե` վերջի վերջն էր (Տեսանյութ):  Իսկական եզրափակիչը հենց այպիսին պետք է լիներ:

«Ատլետիկոն» կարողացավ տարվա իր կարեւորագույն խաղում պահպանել հաղթական հաշիվը: «Ատլետիկոն» վերջապես կարողացավ հանել «Ռեալի» անեծքը, որը 15 տարի մադրիդյան դերբիում հաղթող էր դուրս գալիս: «Ատլետիկոն» Ժոզե Մոուրինյոյին թույլ չտվեց «Ռեալը» տիտղոսը նվաճած հեռանալ: «Ատլետիկոն»` 2013թ. Իսպանիայի Արքայական գավաթի հաղթողն է եւ պատմության մեջ սա է մնալու այսուհետ:

Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ 

«Ռեալ» — «Աթլետիկո»՝ 1:2

Կրիշտիանու Ռոնալդու, 14 – Դիեգո Կոստա, 35, Ժոաո Միրանդա, 98

Հեռացում՝ Կրիշտիանու Ռոնալդու, 114 («Ռեալ»), Գաբի, 120+5 («Ատլետիկո»)

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Հնարավոր է՝ խաղամ «Կրասնոդարի» դեմ’
Հաջորդ հոդվածը‘Տեղումները կշարունակվեն’