‘Արածեցրեք Աստծո հոտը ոչ թե պիղծ շահասիրությամբ, այլ՝ հոտին օրինակ լինելով’

1768

«Արածեցրէք Աստուծոյ հօտը, որ ձեզ մոտ է, վերակացու լինելով, ոչ թէ ստիպուած`

այլ յօժար կամքով, ոչ թէ պիղծ շահասիրութիւնով` այլ յօժարութիւնով. Ոչ թէ

ինչպես վիճակների վրա տիրապետելով, այլ հօտին օրինակներ լինելով»:

Ա Թուղթ Պետրոսի Ընդհանրական Ե գլուխ, 2-4

 

Եթե նկատել եք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ ընթացող Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը պարզ լրատվական գլխագրերից անդին` համարյա չքննարկվեց ոչ մամուլում, ոչ էլ հանրային կյանքում: Վստահաբար, եթե այդտեղ ողջույնի խոսքով հանդես եկած չլիներ Սերժ Սարգսյանը, մամուլում առկա գլխագրերն էլ տեղ չէին գտնի դրա էջերին:

Մինչդեռ հինգ դար անց վերջապես հաջողած այս ձեռնարկը պիտի քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած հասարակության եւ «պաշտոնապես» ինքն իրեն բարեպաշտ հռչակած կառավարության կյանքում ամենակարեւոր իրադարձությունը դառնար: Համարյա` ճանապարհային քարտեզ, որով պիտի միասին որոշեինք` որտե՞ղ ենք կանգնած հոգեւորապես,  ո՞րն է այն հանգրվանը, ուր պիտի հերթական դադարն առնենք, ինչպե՞ս կարելի է առավել ամուր եւ հորիզոնական դարձնել հոտ-հովիվ կապը, ինչպե՞ս պիտի եկեղեցին Քրիստոսի պատգամն ու հոտի նվիրական երազանքները հասցնի պետությանն ու դրա կառավարիչներին, ժամանակակից կյանքում կա՞ն մարտահրավերներ, որոնց առնչությամբ եկեղեցին նո՛ր խոսք ու նոր պահանջ ունի, ժամանակը չէ՞, արդյոք, Կիլիկո եւ Էջմիածնի միաբանության պահանջը կյանքի կոչել, թե՞ թեմական ամոթալի գզվռտոցներն ու ազդեցության ընդլայնման ամոթալի արշավը դեռ երկար պիտի տեղ զբաղեցնի մեր կյանքում: Եւ վերջապես` այս պահին մեր ունեցած «փոխադրամիջոցներն ու վառելիքը» բավարա՞ր են դրա համար, թե՞ հավելյալ բարեփոխումների, ապաշխարության, աղոթքի եւ մեծ ջանքի կարիքն ունենք:

Համարել, թե մենք, ձեզ հետ միասին, որեւէ առնչություն չունենք Էջմիածնում կատարվողի հետ, մեծ մոլորություն է, որ, ցավոք, այսօր առկա է նույնիսկ կամ հե՛նց Եկեղեցու նվիրապետության ներսում: Շեշտել, թե ժամանակակից մարդը շատ էլ պիտի գործ չունենա ու չտարվի  «վեղարավորի» ընթացքով, նշանակում է եկեղեցուն, ինչպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն նշեց, թանգարանի դերակատարում վերապահել՝ առանց գիտակցելու, որ այն կազմված է նախ եւ առաջ «կենդանի քարերից», որոնցից մեկն էլ դո՛ւ ես: Չերեւակայել, չկամենալ, որ անհրաժեշտ բարեփոխումները բարեփոխեն ողջ հանրային կյանքը` այդկերպ մեր բոլորի մեջ նորոգելով նիրհող, մեռած կամ աղտոտ քրիստոնյային, նշանակում է՝ վարկաբեկել քրիստոնեության սկզբունքն իսկ` «վազքը ասպարեզի մեջ»,  որի վերջնական հանգրվանը Քրիստոսն է:

Ավելին` ես ուղղակի համոզված եմ, որ մինչեւ այս պա՛հը պիտի համատեղ ջանքերով հասնեինք նրան, որ Եպիսկոպոսաց ժողովն առավել ընդլայնվեր՝ վերածվելով Վազգեն Հակոբյանի «Հայոց Կանոնագրքում» նկարագրվածին: «Եւ ժողովէին եպիսկոպոսք եւ երիցունք եւ սարկաւագունք բազում եւ նախանձաւոր պաշ­տաւնեայք եւ համաւրէն ուխտ սրբոյ եկեղեցւոյ, իշխանք ամենայն` գաւառատեարք, գաւառակալք պետք, բռնաւորք, զաւրագլուխք, հազարաւորք, կուսակալք, ազատք, աւագ նախարարք աշխարհին Հայոց` որք նախանձախնդիր էին աւրինաց եւ սրբութեան»:

Ճի՛շտ է` օրինավորության ու սրբության մասին ներկայիս Հայաստանում մեծ վերապահումով է պետք խոսել, եւ քանի գնում, ցավոք, մեր եկեղեցու նվիրապետությունն էլ է թաթախվում սերժսարգսանական կառավարման ախտ ու ցավերով, բայց անկեղծ երկխոություն պե՛տք է: Ավանդության ակունքին դառնալ` անհրաժեշտ է: Նվիրապետության ու հոտի «գտնվելու վայրը» պարզել` անհրաժեշտ է: Այս երկուսի փոխադարձ անվստահության պատճառների քննությունը պարտադիր է: Մանավանդ օծյալների բոլոր տկարությունների ախտորոշումը, անհրաժեշտ դեպքում` հանդիմանությունը, ուղղակի ցուցված է, եթե դեռ ուզում ենք առաջ գնալ, ու եթե դեռ հիշում ենք Տիրոջ խոսքը, թե` Դատաստանն իմ տնից եմ սկսելու:

Ի վերջո, ինչպես ժողովրդական խոսքն է ասում` եկեղեցականի կենցաղը աշխարհականի գիրքն է: Եթե որեւէ աշխարհական այնքան է վհատվում իր հովվի, եպիսկոպոսի, վարդապետի, երեցի, վերջապես` ծխական քահանայի ապրած կյանքից, որ սկսում է կասկածել թե արդյո՞ք, այս մարդն առհասարակ հավատում է Աստծուն, նշանակում է` մտորելու շատ բան կա: Եթե այս բոլորը միասին են ջանում, բայց ես դեռ եկեղեցի եմ մտնում իբր թանգարան, նշանակում է` ինձ այնտեղ հասցնելու միջոցներն ու ճանապարհների ինչ լինելը պիտի քննության առնվեն: Եթե դեռ կենտրոնացած ենք օտար հողում ահռելի տաճարներ բարձրացնելու գործի վրա, իսկ մեր հայրերի սակավ միջոցներով կառուցած սքանչելի վանքերն ու մատուռներն են խոնարհված, նշանակում է՝ ինչ-որ բան ճիշտ չէ: Եթե տարիներ շարունակ կորով, եռանդ ու դրամ է դրվում ընդամենը մի հոգեւորական պատրաստելու համար, բայց գրչի մի հարվածով կարգալույծ ենք անում նրան, նշանակում է` ոչինչ ընդհանուր չունենք առաջին օրերի Եկեղեցու կողմից մեզ պատգամված իշխանության Հոգու հետ: Եթե չի գիտակցվում, որ անգամ կաթողիկոսությունը ոչ թե առանձնաշնորհյալ կարգավիճակ է, կամ ինչպես Պետրոս առաքյալն էր ասում` «վիճակների վրա տիրապետում», այլ  Մեծ Ծառայության կանչվելու հնարավորություն, նշանակում է` Վեհը ոչ թե ինքն է ծառայում իշխանության գլուխ եղող Քրիստոսին ու նրա հոտին, այլ Քրիստոսի՛ն է ծառայեցնում իր տիրապետման համար:

Ուրեմն, ճի՛շտ է Արամ Ա Կիլիկո կաթողկոսը, երբ պնդում է, թե «Եկեղեցի շինելը, բնականաբար, կարևոր է, սակայն ճշմարիտ եկեղեցի դառնալը շատ ավելի կարևոր է»: Եւ կամ թե` «եկեղեցու կյանքին առնչված որևէ մի դրություն, կառույց կամ երևույթ, ներառյալ` ծեսը, ինքնակենտրոն ու ինքնանպատակ չէ: Եկեղեցու ինքնարտահայտության կերպերը պետք չէ շփոթել եկեղեցու կոչման հետ: Եկեղեցին աստվածատուր առաքելություն է իր գոյությամբ ու էությամբ, իր ծառայությամբ ու կոչումով»:

Ո՞րն է Հայ Առաքելական Եկեղեցու կոչումը, նախ՝ մեր ժողովրդի կյանքի այս հանգրվանում, ապա նաեւ` համաքրիստոնեական մեծ ընտանիքում. ահա մի հարց, որ այսօր պիտի բոլորիս միտքն ու եպիոսկոպոսական ժողովի օրակարգը  զբաղեցնի: Հուսամ` Վեհը գիտակցում է, որ այս հարցի պատասխանը Բաղրամյան 26-ում ու Հանրապետության հրապարակի կառավարական շենքում չէ՛, որ իրեն պիտի տրվի: Իսկ եթե` ոչ, եւ եթե բանը բանից անցել է, նշանակում է` այսօրվանից եւեթ հարկավոր է կանգնել աղոթքի, որպեսզի Աստված ի՛նքն այս հոգնած ու բեռնավորված ժողովրդի համար «սեպհական անոթ հանի»` իր իշխանությունը գործադրել խանգարողին զանց անելով…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլի. Մի բան է վարչապետի խոսքը, և մի այլ բան՝ վրաց ժողովրդի կամքը’
Հաջորդ հոդվածը‘Խմորումներ Կոմպոզիտորների միությունում ‘