‘Արամ Մանուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է’

1375

ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ հարձակման գործի նախաքննությունն այսօր ավարտվել է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Մանրամասները դեռեւս չեն հաղորդում: 

Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերի 11-ի երեկոյան Արամ Մանուկյանը հարձակման է ենթարկվել իր տան շքամուտքում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակումը գործել է ոմն Արշակ Սվազյան, որը ժամանակին աշխատել է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) մոտ՝ որպես վարորդ: Սվազյանը խոստովանել է, որ հարձակումը կապ ունի Մանուկյանի քաղաքական գործունեության հետ, իբր՝ նա իր արարքով «Սերժ Սարգսյանի թասիբն է պահել»: Իրավապահ մարմինները Սվազյանի նկատմամբ կալանք չեն կիրառել, չնայած, որ նա նախկինում դատապարտված է եղել մաքսանենգության համար:

Արամ Մանուկյանի դեմ հարձակմանը նախորդել էին մի շարք քաղաքացիական ակտիվիստների եւ քաղաքական գործիչների, այդ թվում՝ ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի դեմ հարձակումները, որոնք, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի խոստովանությամբ՝ կազմակերպվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: 

Տարեվերջին հասարակական-քաղաքական գործիչների դեմ պատվիրված բռնությունները դատապարտելու նպատակով ԱԺ-ում հրավիրված քննարկումների ժամանակ իշխող ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորները փաստացի խոստովանեցին, որ դրանք տեղի են ունեցել առնվազն իշխանությունների խրախուսմամբ:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան հետաքրքրվում է ԻՊ-ի ֆրանսախոս գրոհայիններով’
Հաջորդ հոդվածը‘Ալբանիա — Հայաստան հանդիպումը կարող է տեղափոխվել մեկ այլ մարզադաշտ’