‘Արամ Մանուկյան. Սա գաղտնի գործարք է` ժողովրդի թիկունքում’

2069

iLur.am-ի զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը

Պարոն Մանուկյան, «ՀայՌուսԳազԱրդ» ընկերության` հայկական կողմին պատկանող 20 տոկոս բաժնեմասը ՌԴ-ին վաճառելու վերաբերյալ գործարքն ինչպե՞ս եք գնահատում:

-Նախ նշեմ, որ իրենք իրավունք չունեին այն վաճառելու: Դա ՀՀ կառավարության սեփականությունն էր, որն առանց Ազգային Ժողովի թույլտվության իրավունք չունեին վաճառել: Երբ իրենք ասում են, որ գործարք չեն արել, ստում են, քանի որ արդեն ստորագրել են պայմանագիրը, ասել է, թե` կառավարությունը խախտել է օրենքը: Եւս մեկ կարեւոր հանգամանք. այդ 20 տոկոս բաժնեմասը բոլորիս սեփականությունն է, ուստի մեր սեփականությունը չէր կարող տնօրինել 20 տոկոսի իրավունք ունեցող կառավարությունը` մասնավոր հիմնարկի ծախս փակելու համար: Պարտքը, որի դիմաց տրվել է «ՀայՌուսԳազԱրդ»-ի 20 տոկոսը, մասնավոր ընկերության աշխատանքի շնորհիվ է կուտակվել:

Բայց երբ հայտարարվեց «ՀայՌուսԳազԱրդ»-ի հայկական մասնաբաժնի գործարքի մասին, նշվեց, որ  դա պետության պարտքի դիմաց է տրվում, այլ ոչ թե մասնավոր ընկերության պարտքի:

-Այո, ներկայացվում է որպես պետության պարտք, բայց պետությունը գրավոր փաստաթղթով խոստացել էր, որ գազի սակագնի տարբերությունը ինքը կմուծի. հիշո՞ւմ եք սակագնի 30 տոկոսը սուբսիդավորելու մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 14-ի նամակը: Ինչո՞վ է մեղավոր ՀՀ քաղաքացին, որ կառավարությունն իր խոստումները չի կատարում: Եվ բացի այդ, վաճառված սեփականության մեջ ՀՀ կառավարությունն ունի ընդամենը 20 տոկոսի իրավունք, 80 տոկոսն իրենը չի, եւ ողջ ՓԲԸ-ի պարտքն ինչո՞ւ պիտի ինքը վճարի: Եվս մեկ անհեթեթություն. պարտքը կազմում է 155 մլն դոլար, իսկ «ՀայՌուսԳազԱրդ»-ի 20 տոկոս մասնաբաժինը ամենաքիչը արժի 260 մլն դոլար, եւ կարող էին այդ գումարը դնել աճուրդի, ավելի բարձր գնով վաճառել: Բայց այն գնահատվել է այնքան, որքան պարտքն է: Ցանկանում եմ շեշտել` ապրանքը գնահատվել է ոչ թե ըստ իր արժեքի, այլ` ըստ պարտքի: Եթե պարտքը լիներ 180 մլն դոլար, կգնահատեին այդքան, եթե լիներ 50 մլն դոլար, կգնահատեին այդքան: 2011 երրորդ եռամսյակից 1000 խմ գազը մեզ վրա սահմանին նստել է նախկին 180 դոլարի փոխարեն 205 դոլար, հետո` 211, հետո` 219 դոլար, իսկ արդեն 2012թ. երրորդ եռամսյակից գազը սահմանին արժեցել է 244 դոլար, իսկ արդեն 2012թ. չորրորդ եռամսյակում` 255 դոլար: Բայց այս ողջ ընթացքում մենք մուծել ենք 180 դոլար, եւ արդյունքում տարբերությունը յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց կազմել է մոտ 85 դոլար, որը չի մուծվել եւ գումարվելով՝ պարտք է դարձել: Ուշագրավն այն է, որ ըստ պայմանագրի, ռուսական կողմը պետք է պարտքի դեպքում դադարեցներ գազամատակարարումը, այնինչ` դա չի արել: Պատճառը եղել է այն, որ գաղտնի պայմանավորվել, խոստացել են՝ ՀՀ գույքով փակել պարտքը: Այն էլ փակում են միայն 2012թ. ընթացքում գումարված 155 մլն դոլարի չափաբաժինը, իսկ մնացած գումարը պետք է փակեն հետո` այլ բանակցությունների միջոցով: Հիմա խոսք է գնում, որ պարտքի դիմաց տալու են «Որոտան»-ի ՀԷԿ-ը, Նաիրիտը եւ այլն: Այս ամենը եղել է գաղտնի. 5 անգամ թանկացել է գազը, բայց մենք տեղյակ ենք միայն 2 անգամվա մասին: Նույնիսկ ԱԺ-ում այս ամենի մասին տեղյակ չեն եղել, նույնիսկ կառավարությունում շատերը տեղյակ չեն եղել: Դա իմացել է միայն հատուկենտ թվով մարդիկ: Բայց ամեն անգամ իշխանությունները պաշտոնապես վստահեցրել են, որ գազի սակագինը չի փոխվել ու 20 տոկոս մասնաբաժինը տալու հարց չկա իրենց օրակարգում: Հիշո՞ւմ եք, երբ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ես բարձրացրինք այդ հարցը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պնդում էր, թե նման հարց օրակարգում չկա: 20 տոկոսի հարցը ստիպված բացեցին այս ամռանը, երբ rbk.ru-ն հայտնեց, որ քննարկվում է այդ հարցը: Դրանից հետո նոր միայն խոստովանեցին:

Արմեն Մովսիսյանը հենց մեզ տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էին իրենք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին ի պատասխան հերքում «ՀայՌուսԳազԱրդ»-ի 20 տոկոսը վաճառելու մասին լուրը, ասել էր, թե 2 հարցն առաջացավ այն բանից հետո, երբ ընդդիմությունը բարձրացրեց այդ թեման ԱԺ-ում:

— Դա կատարյալ հիմարություն է, հիվանդ մտքի արգասիք:

Ինչպե՞ս կգնահատեք այս ողջ կատարվածը:

-Սա խարդախություն է, գաղտնի գործարք` ժողովրդի թիկունքում: Ընդ որում, ժամանակագրությունը ցույց է տալիս, որ ամեն կարեւոր ընտրությունից հետո գազը թանկացել է. նոր,ավելի բարձր սակագնով գազ մատակարարելու մասին պայմանագիրը կնքվել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո, մի թանկացում եղել է 2012թ. ԱԺ ընտրություններից մեկ-երկու ամիս հետո, հաջորդը` այս տարվա մարտին` նախագահական ընտրություններից հետո, եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո արդեն պաշտոնապես հրապարակվեց թանկացման մասին լուրը: Հիշեցնեմ, որ մարտի 16-ին Սերժ Սարգսյանը ասուլիսում գազի թանկացման մասին լուրը որակել էր հերյուրանք ու բամբասանք, բայց արդեն մարտի 29-ին ստորագրվեց այդ պայմանագիրը: Փաստը մնում է փաստ. իշխանությունը ոչ թե լավություն է արել ժողովրդին՝ էժան գազ մատակարարելով, այլ ընդհակառակը` ժողովրդի սեփականությունը վաճառելու արդյունքում գազը մեզ վրա ավելի թանկ է նստել, քան այն գինը, որ վճարում ենք ՌԴ-ից գնելով: Այսինքն` այս ամենի արդյունքում գազի համար ավելին վճարեցինք, քան վճարում էինք:

Ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար:

-Նվազագույնը երեք հոգի` Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան եւ Արմեն Մովսիսյան: Առնվազն այս երեքը մասնակցել են այդ գործարքին:

Արման Գալոյան

 

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ դեսպան. Հայաստանը միշտ Ռուսաստանի հետ է, Ռուսաստանը` Հայաստանի’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ԶԼՄ. Նալբանդյանն ու Դավութօղլուն կարող են Երևանում դեմ առ դեմ հանդիպում ունենալ’