‘Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 4)’

3494

Հայ ազգային կոնգրեսի Վերլուծական կետրոն

Արման Գրիգորյան

 ԻՌԱՑԻՈՆԱԼԻԶՄԻ ԱՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ (մաս 4)

 /առաջին,  երկրորդ եւ երրորդ մասեր/

Իռացիոնալիզմի վաճառականներն իռացիոնալ լինելու կարիք չունեն իհարկե։  Անհեթեթություններ կարելի է քարոզել առանց դրանց դույզն-ինչ հավատալու։  Կարող ենք վստահ լինել, օրինակ, որ «այլընտրանքային բժշկությամբ» փող սարքող մարկանց մեծ մասը, առողջական լուրջ խնդիր ունենալուն պես, անմիջապես վազում է ոչ-այլընտրանքային բժշկի մոտ։  Չի բացառվում, իհարկե, որ իռացիոնալիզմի վաճառականներից շատերը հավատում են իրենց իսկ քարոզած հիմարություններին, բայց դա ո՛չ կարևոր է, ո՛չ էլ առանձնապես հետաքրքիր, եթե այդ հիմարությունները կամ, ավելի ճիշտ` դրանց հասարակական արմատավորումը, բխում է նրանց շահերից։   Շատ ավելի կարևոր ու հետաքրքիր է պարզել, թե արդյո՞ք իռացիոնալիզմի քարոզի թիրախ հանդիսացող շարքային մարդիկ, ում շահերը ճիշտ հակառակն են թելադրում, իրականում ազդվում են դրանից։ 

Այս հարցը նույնիսկ բարձրացնելը որոշակի անհանգստությունների հետ է կապված։  Դրանից մի տեսակ էլիտիզմի հոտ է գալիս։  Այդ հարցին դրական պատասխան տալն էլ կարող է շարքային մարդկանց հիմար ու տգետ անվանելուն համարժեք համարվել։ Բայց նման մտավախությունները, որ այս թեմային վերաբերող խոսակցությունների անբաժան ուղեկիցներն են, հարցի պարզունակ ընկալման ու որոշ կասկածելի ենթադրությունների հետևանք են։  Մասնավորապես, այդ անհանգստությունների ու մտավախությունների հիմքում ընկած է մեթոդաբանական ինդիվիդուալիզմը, ռացիոնալիզմի ընկալումը՝ որպես զուտ կենսաբանական որակ, ինչպես նաև այդ որակի մասին չափազանց ստատիկ պատկերացումը։  Մինչդեռ շարքային անհատի ռացիոնալ մտածելու կարողությունը լրիվ անկախ չէ տվյալ հասարակության զարգացման աստիճանից, կրթական համակարգի որակից, մշակութային նախընտրություններից, հասարակական ու մտավորական մթնոլորտից։  Այլ կերպ ասած` անհատի ռացիոնալիզմը հասարակական որակ է, ո՛չ անհատական կամ գոնե՝ ո՛չ լրիվ անհատական։ 15-րդ դարում ապրող շարքային իսպանացին, օրինակ, կենսաբանորեն պակաս ռացիոնալ չէր, քան այսօրվա Իսպանիայի միջին վիճակագրական քաղաքացին, բայց առաջինն անկասկած շատ ավելի մեծ թվով անհեթեթությունների էր հավատում, քան երկրորդը։  Անհատապես պակաս ռացիոնալ չէ նաև միջին վիճակագրական ամերիկացին միջին վիճակագրական դանիացուց, բայց առաջինը հավատում է հրեշտակների գոյությանը, երկրորդը՝ ոչ։  Տարբերությունն այստեղ չի կարող լինել կենսաբանական։  Ակնհայտ է, որ տարբերության աղբյուրները հասարակական ու վերանհատական են։ 

Հետևաբար, ճիշտ հարցն այն չէ, թե արդյո՞ք անհատապես ռացիոնալ ու խելացի է մեր միջին վիճակագրական հայրենակիցը (կամ որևէ այլ հասարակության միջին վիճակագրական անդամը)։  Սա իրականում անիմաստ հարց է։  Ճիշտ և շատ ավելի կարևոր հարցն այն է, թե ինչպիսի՞ քաղաքական, սոցիալական ու մշակութային միջավայրեր են մարդկանց դարձնում առավել կամ պակաս ռացիոնալ։  Մյուս կարևոր հարցն այն է, թե հատկապես ի՞նչ մեխանիզմների ու մեթոդների վրա են հենվում իռացիոնալիզմի վաճառականները միջին վիճակագրական քաղաքացուն անհեթեթություններ պարտադրելիս, և ո՞ր միջավայրերում են այդ մեթոդներն ու մեխանիզմներն ավելի հեշտ հասնում իրենց նպատակին։

Սկսենք, թերևս, երկրորդ հարցից։  Ավանդաբար, մարդկանց իռացիոնալիստական խավարի մեջ պահելու լավագույն, ամենապարզ ու ամենաերաշխավորված մեթոդը եղել է նրանց կրթությունից ու ինֆորմացիայից զրկելը։  Դարեր շարունակ այդպես են վարվել ազնվական վերնախավերն ու նրանց սպասարկող կրոնական հաստատությունները։ Լուսավորչական ու արդյունաբերական հեղափոխություններին հաջորդած շրջանում շարքային մարդկանց կրթությունից զրկելն անհնար դարձավ, սակայն այդ շրջանի բռնատիրություններն ու ամբողջատիրական համակարգերը ոչ միայն պահեցին, այլև կատարելագործեցին մարդկանց ինֆորմացիայից զրկելու կամ նրանց կեղծ ինֆորմացիայով սնելու կարողությունը։  Դրա մեթոդները բոլորիս հայտնի գրաքննությունն ու պետական քարոզչությունն են։ Դրանք նույնպես անհուսալիորեն հնացել են ժամանակակից աշխարհում, հատկապես՝ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների պայմաններում։  Այդ մեթոդների պարտության միակ հնարավոր հետևանքը, սակայն, գաղափարների ու ինֆորմացիայի բաց ու արդարացի շուկայի ստեղծումը չէ, ինչպես շատերը կարծում են։ Գաղափարների ու ինֆորմացիայի շուկան կարելի է աղճատել նաև առանց գրաքննության ու կեղծիքի պետական պրոպագանդայի։ 

Իրականում պետական գրաքննությունն ու պետության կողմից ինֆորմացիայի բացահայտ տնօրինումը շարքային մարդկանց մեջ ոչ թե հավատ, այլ հոռետեսություն ու ցինիզմ են առաջացնում գոնե ժամանակակից աշխարհում։ Իմ սերնդակիցներն ու մեզնից ավագ սերնդի ներկայացուցիչները լավ հիշում են, թե որքան անարդյունավետ էին դարձել խորհրդային գրաքննությունն ու պետական պրոպագանդան։  Իրականում դրանք իրենց բռիությամբ ու երևակայության բացարձակ բացակայությամբ նախատեսվածի ճիշտ հակառակ արդյունքներն էին տալիս։ Մարդկանց հիմարացնելու ժամանակակից մեթոդները մի փոքր ավելի խորամանկ ու անուղղակի են դարձել և, հետևաբար՝ ավելի արդյունավետ։  Ժամանակակից բառն, իհարկե, մեծ վերապահումով եմ օգտագործում, որովհետև իրականում այդ մեթոդները միշտ էլ գոյություն են ունեցել։  Դրանք պարզապես ավելի հղկվել ու կատարելագործվել են` հարմարեցվելով նոր տեխնոլոգիաներին ու քաղաքական միջավայրին։ 

Մեթոդները

Եվ այսպես,  որո՞նք են այդ մեթոդները։  Դրանց ցուցակը երևի բավականին մեծ է, բայց ամենատարածվածն, ըստ իս, ստորև ներկայացված հինգ մեթոդներն են։

1. Ձևակերպում. Մարդկային ճանաչողությունն ուսումնասիրող գիտությունը (cognitive science) վերջին երեք-չորս տասնամյակների ընթացքում դարձել է գիտության ամենահետաքրքիր ու արագ զարգացող բնագավառներից մեկը։   Այդ բնագավառի կնքահայրերը՝ Ամոս Տվերսկին ու Դանիել Կանեմանը, 1970-ականներին մի քանի ցնցող հայտնագործություններ արեցին մարդկային ճանաչողական համակարգում գոյություն ունեցող որոշ սիստեմատիկ կանխակալությունների մասին, որոնք նոր հորիզոններ բացեցին թե՛ այդ, թե՛ դրան առնչվող այլ բնագավառների, մասնավորապես` տնտեսագիտության ու քաղաքագիտության համար[1]։ Նրանց ամենակարևոր հայտնագործություններից մեկն այն էր, որ մարդիկ, բախվելով տրամաբանորեն լրիվ նույն ընտրության հետ, շատ հաճախ տրամագծորեն հակառակ որոշումներ են կայացնում՝ կախված այն բանից, թե ընտրությունը ձևակերպված է որպես կորո՞ւստ, թե՞ որպես ձեռքբերում։  Օրինակ, բժշկական տարբեր դպրոցների մի քանի խմբերի նրանք առաջարկել են հետևյալ սցենարը.

Պատկերացրեք, որ Միացյալ Նահանգների կառավարութունը երկու հնարավոր ծրագիր ունի պայքարելու սպասվելիք ինչ-որ համաճարակի դեմ, որը, ոչինչ չանելու դեպքում, 600 մարդ կսպանի։ Եթե ընդունվի առաջին ծրագիրը, 200 հոգի կփրկվեն։ Եթե ընդունվի երկրորդ ծրագիրը, 1/3 հավանականությամբ կփրկվեն բոլորը, բայց 2/3 հավանականությամբ ոչ ոք չի փրկվի։

Ուսանողների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է առաջին ծրագիրն ընդունելու օգտին։  Նույնանման այլ խմբերի առաջարկվել է ճիշտ նույն որոշումը, սակայն հետևյալ ձևակերպմամբ.

Եթե ընդունվի առաջին ծրագիրը, 400 մարդ կզոհվի։ Եթե ընդունվի երկրորդը, 1/3 հավանականությամբ ոչ ոք չի զոհվի, բայց 2/3 հավանականությամբ կզոհվեն բոլորը։

Այս դեպքում ուսանողների մեծամասնությունը քվեարկել է երկրորդ տարբերակի օգտին։  Դժվար չէ տեսնել, որ տարբերությունն ընդամենը ձևակերպման մեջ է. մի դեպքում շեշտվել է 200 հոգի փրկելու, մյուս դեպքում՝ 400 հոգի կորցնելու հանգամանքը[2]։

Տվերսկին ու Կանեմանն այս ճանաչողական դեֆեկտի առաջին սիստեմատիկ ուսումնասիրողներն են եղել, սակայն  դրա գոյության մասին ինտուիցիայի մակարդակով գիտեն համարյա բոլորը, իսկ շատերն էլ այդ դեֆեկտը պրոֆեսիոնալ կերպով շահագործում են՝ առանց նույնիսկ նրանց անունները լսած լինելու։ Առանց երկար մտածելու՝ բոլորս կարող ենք տասնյակ օրինակներ բերել գովազդներից, քաղաքական ու վերլուծական տարբեր տեքստերից, երբ, ներկայացնողի շահերից կախված, միևնույն խնդիրը ձևակերպվում է որպես ձեռքբերում կամ կորուստ։  Օրինակ, օճառ գովազդողները հաճախ գնորդներին բացատրում են, թե ինչքան կտնտեսեն նրանք, եթե այս կամ այն ակցիայի շնորհիվ ոչ թե երեք, այլ տասը օճառ գնեն։  Քաղաքական «ապրանքների» վաճառականները հաճախ նույնն են անում, երբ իրենց նախընտրած ընտրությունը ներկայացնում են որպես ձեռքբերում, իսկ հակառակորդինը՝ որպես կորուստ՝ այն դեպքում երբ երկու տարբերակով էլ և՛ ինչ-որ բան ձեռք է բերվելու, և՛ դրա համար ինչ-որ գին է վճարվելու, իսկ խնդիրը պարզապես ձեռքբերումը գնի հետ համեմատելն է։  Նայեք, օրինակ, այսօր Հայաստանում ծավալված Եվրասիական Միությանը միանալու կամ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու շուրջ ծավալված՝ չափազանց տխուր տպավորություն գործող «բանավեճին»։  Նայած՝ ով է այդ ընտրության մասին խոսում` տարբերակներից մեկը միայն շահ է ապահովելու ՝առանց որևէ կորստի, և հակառակը։  Կամ էլ նայեք արդեն 20 տարուց ավելի Ղարաբաղյան կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ծավալվող «բանավեճին»։ 

Իհարկե, քաղաքականության դեպքում ձևակերպումը միայն կորուստների ու ձեռքբերումների տեսքով չի արվում։ Ավելի հաճախ ձևակերպումները բարոյական կամ էմոցիոնալ բնույթ ունեն։ Այսպես` Միացյալ Նահանգներում աբորտն արգելելու կողմնակիցներն իրենց դիրքորոշումն անվանում են «կյանքամետ» (pro-life), իսկ հակառակորդներինը՝ «աբորտամետ» (pro-abortion)։ Այդ իրավունքը պահպանելու կողմնակիցները, մինչդեռ, նույն դիրքորոշումներն անվանում են «ընտրությանը դեմ» (anti-choice) և «ընտրությանը կողմ» (pro-choice)։ Նույն Ղարաբաղի դեպքում կարգավորման հակառակորդները կարգավորման կողմնակիցների դիրքորոշումը սահմանել են ոչ միայն որպես սխալ ու անընդունելի, այլև պարտվողական։  Լրացուցիչ տասնյակ նման օրինակներ կարող են բերվել, բայց սկզբունքն արդեն ակնհայտ պետք է լինի։  Իսկ արդյունքը աղմուկն է ու թամաշան, որովհետև ձևակերպումների, այլ ոչ թե չեզոք բառապաշարի ու տրամաբանության վրա հիմնված «բանավեճերն» ուրիշ արդյունք չեն կարող ունենալ։

2. Փաթեթայնացում. Սա, թերևս, ամենատարածված, հին, հաճախ թափանցիկ, բայց հաճախ նաև արդյունավետ մեթոդն է։ Եթե որևէ քաղաքականություն, դիրքորոշում կամ ինստիտուտ ակնհայտորեն ծառայում է ինչ-որ նեղ շահի, այն ներկայացվում է համընդհանուր շահի, համընդհանուր հարգանքի կամ նվիրվածության առարկա համարվող ինչ-որ բանի հետ անքակտելի փաթեթով։  Սրա ամենահին ու դասական օրինակը եկեղեցու և աստծո կամքի նույնացումն է։ Եկեղեցին, նույնիսկ լավագույն դեպքում, բոլորիս պես մեղավոր, սխալական ու մահկանացու մարդկանց կողմից ստեղծված ու նույնպիսի մարդկանցով համալրված երկրային ինստիտուտ է։  Բայց դարեր շարունակ եկեղեցուն քննադատելը սրբապղծություն է համարվել, որովհետև եկեղեցին ինքն իրեն հմտորեն փաթեթավորել է աստծո կամքի հետ։

Աշխարհում չկա մի երկիր, որտեղ ժողովրդի հաշվին բարգավաճող խարդախ մարդկանց զանազան խմբեր իրենց չփաթաթեն հայրենասիրության ու ազգասիրության դրոշի մեջ։  Նրանք ջանք չեն խնայում հայրենասիրությունն ու ազգասիրությունն իրենց ձեռնտու կերպով սահմանելու կամ ընդհանրապես դրանք սեփականաշնորհելու համար։  Եվ երբ դա հաջողվում է, նրանց հասցեին ուղղված որևէ քննադատություն մեխանիկորեն դառնում է քննադատություն ոչ թե իրենց, այլ հայրենիքի դեմ, իսկ սոցիալական արդարության ու ժողովրդավարության համար պայքարի որևէ դրսևորում դառնում է պառակտման փորձ ու ջուր՝ լցված թշնամու ջրաղացին։

3. Առասպելների արմատավորում.  Առասպելները քաղաքական ու հասարակական դիսկուրսի անբաժանելի մաս դարձնելու համար անհրաժեշտ է անել երեք բան. կրկնել նույն սուտը՝ որքան հնարավոր է հաճախ, երբեք ուղղակի բանավեճի մեջ չմտնել սուտը հերքող որևէ մեկնաբանության հետ և ստի հետ վարվել որպես աքսիոմատիկ ճշմարտություն՝ դրա հիման վրա կառուցելով նորանոր պնդումներ, և դա անել արդեն առանց տրամաբանության օրենքները բռնաբարելու։  Այս մեթոդի դեմ պայքարելն իսկապես շատ դժվար է, հատկապես եթե խոսքը վերաբերում է  ինչ-որ բարդ խնդրի, որովհետև ստերը սովորաբար բարդ խնդիրները պարզեցնում են, իսկ պարզ ստերը միշտ ավելի մեծ ինտուիտիվ հմայք ունեն, քան բարդ ճշմարտությունները։ Ընթերցողները կարող են ընդամենը հիշել խորհրդային ծաղկուն տնտեսության ու ՀՀՇ-ականների կողմից դրա ավերման մասին աղմուկը՝ հասկանալու համար, թե խոսքն ինչի մասին է։

4. Թեմայի փոխում.  Սա ևս շատ տարածված ու հաճախ արդյունավետ մեթոդ է։ Անազնիվ բանավեճի բոլոր մասնագետներն ու պրոֆեսիոնալ պրոպագանդիստներն այս մեթոդին պարզապես բնազդի մակարդակով են տիրապետում։ Եթե արածդ այնպիսի բան է, որ նույնիսկ խորամանկ ձևակերպումներով կամ սուտ ասելով հնարավոր չէ այն պաշտպանել, պարզապես փոխիր թեման։  Եթե պարզվում է, որ Սադամ Հուսեյնը ոչ միջուկային զենք ուներ, ոչ էլ կապ Ալ-Քաիդայի հետ, ինչն օգտագործել ես Իրաքի դեմ պատերազմն արդարացնելու համար, ապա զանգվածային քարոզչություն ծավալիր այն մասին, որ Սադամը կեղտոտ դիկտատոր ու մարդասպան է, որ նա դաժան էր վարվել քրդերի ու շիաների հետ, հետո էլ պատերազմի քննադատներին մեղադրիր դիկտատորների նկատմամբ համակրանքի ու քրդերի ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ։ Երբ ընտրություն ես կեղծում, հետո էլ դրա դեմ ընդվզած ժողովրդի նկատմամբ ուժ գործադրում, մեղադրիր ընդդիմությանը ատելություն սերմանելու մեջ և ամեն ինչ արա, որ խոսակցության հիմնական առարկան ընդդիմության հռետորաբանությունը դառնա։

5. Շեղում։  Վերջապես` կիրառիր հացի ու տեսարանների՝ Հռոմեական կայսրության ժամանակներից հայտնի դարձած մեթոդը։ Իհարկե, ժամանակակից աշխարհում և Հայաստանում այդ մեթոդը խմբագրվել է որպես միայն տեսարանների մեթոդ, բայց դա երկրորդական է։  Իսկ մեթոդի էությունը շատ պարզ է. ցրիր մարդկանց ուշադրությունը կարևոր հարցերից` լեգիտիմացնելով ու բավարարելով նրանց ստոր կրքերն ու վոյերիստական հակումները։ Դա անելու համար տասնյակ հոդվածներ գրիր այն մասին, թե որտեղ է իր հանգիստն անցկացրել 38 կետանոց IQ ունեցող ինչ-որ հեռուստատեսային հաղորդավարուհի, մարդկային հարաբերությունների մասին այս կամ այն DJ-ի հետ հարցազրույցներ հրապարակիր կամ հեռարձակիր, անվերջ քննարկիր, թե ծննդաբերելուց հետո ինչպես է փորձում նիհարել Քիմ Քարդաշյանը և, իհարկե, որևէ առիթ բաց մի թող հիշեցնելու մերկապարուհի Վարդայի և անգթորեն այդքան դեզօքսիռիբոնուկլեինաթթու վատնող այլ նմանատիպ էակների մասին։ 

Միջավայրը

Հարց է առաջանում սակայն, թե այս մեթոդների արդյունավետությունը ինչո՞ւ է տարբերվում միջավայրից միջավայր։  Կամ, եթե մի քիչ այլ կերպ ձևակերպենք, ո՞ր միջավայրերն են ավելի նպաստավոր իռացիոնալիզմի արմատավորման ու տարածման համար։  Կարող ենք, թերևս, դրանց տարբերությունները բացատրող մի քանի պատճառ նշել, բայց ես կարծում եմ, որ դրանց բոլորի հիմքում ընկած է սոցիալական անարդարությունը և տնտեսական կարողությունների գերկենտրոնացումը։  Այս կամ այն հասարակության հանդուրժողականությունն իռացիոնալիզմի ու անհեթեթության նկատմամբ անժխտելիորեն կորելացված է այդ հասարակության մեջ սոցիալական արդարության աստիճանով և տնտեսական կարողությունների կենտրոնացման աստիճանով, և դա ոչ մեկին չպետք է զարմացնի։  Նախ, նման միջավայրերում է, որ իռացիոնալիզմի ու անհեթեթության պաշտամունք արմատավորելու կարիք կա, որովհետև միայն իռացիոնալ, սեփական շահերը ճիշտ չտեսնող, վատ ինֆորմացված մարդիկ կարող են հանդուրժել նման անարդարություն կամ նույնիսկ նման անարդարությունը նորմալ համարել։  Միայն կյանքները դատարկ ժամանցի վրա վատնող մարդիկ ժամանակ ու եռանդ չեն ունենա մտածելու այն մասին, որ այդ ժամանցը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական թմրադեղ։  Երկրորդ, նման հասարակություններում իռացիոնալիզմի արմատավորումն ու անհեթեթության պաշտամունքի տարածումն ավելի հեշտ է, որովհետև միջոցների գերկենտրոնացումից շահող վերնախավերը հեշտությամբ իրենցով են անում մամուլը,[3] հեռուստատեսությունը, գնում են բազմաթիվ գրչակների, քամու ուղղությունը միշտ լավ զգացող վերլուծաբանների, «մտավորականների», ինչպես նաև քաղաքականությունը փեշակի վերածած մարդկանց ծառայությունները։ Նրանք իրենց նախասիրություններն ու գաղափարներն են սկսում պարտադրել նույնիսկ կրթական ու գիտական հաստատություններին՝ այդ հաստատությունները լցնելով լոյալիստներով և դրանցից դուրս մղելով բոլոր անհնազանդներին։ Երրորդ, նման հասարակություններում քաղաքականությունը դառնում է վերնախավի ժամանց, ինչի հետևանքով քաղաքական խնդիրների դիապազոնը սահմանափակվում է այնպես, որ վերնախավի շահերին սպառնացող որևէ գաղափար ու քաղաքական դիրքորոշում սահմանվի որպես ծայրահեղականություն և «մարգինալություն»՝ միաժամանակ վերնախավի տարբեր հատվածներին հնարավորություն տալով «սուր» տարաձայնություններ ու բախումներ ունենալու հասարակության համար իրական արժեք չունեցող հարցերի շուրջ։  Չորրորդ, նման հասարակություններում է, որ վերնախավի հակառակորդները թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային ռեսուրսներ մոբիլիզացնելու դժվարություն ունեն։  Ավելացնեմ նաև, որ այս ամենը հնարավոր է անել նույնիսկ ժողովրդավարության որոշ ֆորմալ կանոնների պահպանման դեպքում։  Երևի հարկ չկա բացատրելու, սակայն, որ ժողովրդավարության ֆորմալ կանոնները կարող են նույն բանը չլինել, ինչ ժողովրդավարության բովանդակությունը։

Ելքը

Իսկ կա՞ ելք այս վիճակից, և ո՞րն է այդ ելքը։  Իռացիոնալիզմի ու անհեթեթության պաշտամունքի իմ երկարաշունչ ու հաճախ ցասկոտ քննադատությունից հեշտությամբ կարելի է եզրակացնել, որ առաջարկվելիք ելքը պետք է լինի իռացիոնալիզմի հակառակորդների, հատկապես՝ ոչ չակերտավոր մտավորականների մոբիլիզացիան և պայքարը իռացիոնալիզմի դրսևորումների ու այլևայլ անհեթեթությունների դեմ։  Դա, իհարկե, պետք է արվի։ Ավելին` յուրաքանչյուր մտավորական, ով ուզում է այդ տիտղոսին արժանի լինել, պետք է, անկախ ամեն ինչից, ամեն օր պայքարի իռացիոնալիզմի, անհեթեթության, սիմվոլապաշտության ու սնոտիապաշտության բոլոր դրսևորումների դեմ։  Նախորդ պարբերության մեջ ասվածը, սակայն, մղում է այն եզրակացության, որ դա կարող է բավարար չլինել։ Այդ պայքարը շատ ավելի արդյունավետ կդառնա, եթե այն զուգակցվի բովանդակությամբ իրական ժողովրդավարության և, որ նույնքան կարևոր է ու նույնիսկ բարի կամքի տեր բազմաթիվ մարդկանց համար տակավին որոշ մտավախությունների առարկա` սոցիալական արդարության ու տնտեսական կարողությունների գերկենտրոնացվածության դեմ պայքարի հետ։  Անհրաժեշտ է ջարդել առկա քաղաքական, բայց անպայման նաև սոցիալական ստատուս քվոն, որը հասարակությանը հիմարացնելու անհրաժեշտություն ու նախադրյալներ է ստեղծում։  Այլապես՝ շարունակվելու ու խորանալու է հազարամյակներ շարունակ իր գլուխն այդքան բարձր պահած մեր քաղաքակրթության այլասերումը, և մեր սերունդը դրա համար պատասխանատվություն է կրելու։  

 

ՀԱԿ Վերլուծական կենտրոնի նախորդ նյութերը՝

Հայաստանյան քաղաքականության բորխեսյան դիալեկտիկան

Սերժ-Րաֆֆի բանակցությունների առաջին ռաունդ

Աշոտ Սարգսյան. «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»

«Ողբա՛մ զքեզ, Հայո՛ց Աշխարհ, զի նախագահ քո ապիկար է եւ հայրենադավ»

 


[1] Կանեմանը 2002 թ. Նոբելյան մրցանակ ստացավ որպես տնտեսագետ։  Տվերսկին, ցավոք, վախճանվել էր մինչ այդ, իսկ Նոբելյան մրցանակը հետմահու չի տրվում։  Բնագավառի բազմաթիվ հետաքրքիր հայտնագործությունների համար տե՛ս Daniel Kahneman, Thinking Fast and Slow (New York, NY: Farrar, Straus, and Giraux, 2011).

[2] Տե՛ս Kahneman, Thinking Fast and Slow, p. 368.

[3] Այս պնդման ավելի մանրամասն քննարկման համար տե՛ս Edward S. Herrman and Noam Chomsky, Manufacturing Consent: The Political Economy of Mass Media (New York, NY: Panthon Books, 1988).

Նախորդ հոդվածը‘Զեկույց. Հայաստանը տարածաշրջանի ամենաանմրցունակ երկիրն է՝ չհաշված Իրանը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Սերժիկը լիազորված չէ խոսել, առավելեւս՝ ստել Հայաստանի անունից (տեսանյութ)’