‘Արմեն Աշոտյանն ընդունում է, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը առանց վերջին թանկացումների էլ թանկ է’

951

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդունել է բուհերում ուսման վարձավճարի թանկացման դեմ բողոքող երիտասարդների խմբին:

Ըստ Aravot.am-ի՝ երիտասարդների  ներկայացուցիչ Վահան Մարտիրոսյանը գրավոր դիմում է ներկայացրել նախարարին:

Նախաձեռնությունը նամակով ԿԳ նախարարությունից պահանջում է կասեցնել ռեկտորների խորհրդի կողմից վարձերի բարձրացման մասին որոշումը: Ըստ ակտիվիստների՝ նման որոշումները «կնպաստեն ազգի դեգրադացմանը եւ ուսումնատենչ երիտասարդների՝ երկրից տեղահանմանը»:

Երիտասարդական նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանը, հիմնավորելու համար, որ վարձերի բարձրացումը բուհերի վերազինման եւ այլնի հետ կապ չունի, հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Մանկավարժական համալսարանի նոր ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, չբարձրացնելով վարձերը՝ այնպես արեց, որ լսարանները վերազինվեցին, 80 %-ով բարձրացվեցին դասախոսների աշխատավարձերը: 

Արմեն Աշոտյանն ի պատասխան նշել է, որ թանկացման որոշումը բուհերինն է, ու նախարարությունը երկար տարիներ խնդրել է վարձերը չթանկացնել, սակայն այդ քայլի գնալը պայմանավորված է եղել բուհերի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացմամբ: Նախարարը ընդունել է, որ այսօր ուռճացված են բուհերի պրոֆեսորադասախոսական եւ սպասարկող կազմերը. «Մի կողմից՝ ըմբռնումով եմ վերաբերվում բուհերի որոշմանը, մյուս կողմից՝ պատասխանատվություն եմ վերցնում լավ սովորող ուսանողների համար ունենալ օպտիմալ սոցիալական փաթեթ»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ հաշվի առնելով ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող արժեքի եւ ուսման վարձերի հարաբերակցությունը, Հայաստանում կրթությունը թանկ է առանց այս որոշման: 

Նախորդ հոդվածը‘2013 առաջին կիսամյակում «Զվարթնոցից» ուղեւորափոխադրումների բացասական հաշվեկշիռը 24 756 է’
Հաջորդ հոդվածը‘Կահիրեում «Մուսուլման եղբայրները» քարեր են նետել հայկական եկեղեցու ուղղությամբ’