‘Արմեն Ռուստամյան. Հարցերի լուծումը պետք է տեսնել իշխանության փոփոխության մեջ’

1809

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը

-Պարոն Ռուստամյան, իշխանությունները հետեւողականորեն մերժում են ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների ցանկացած առաջարկ: Այս գործելաոճը, Ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանք է:

— Սա ընդամենը իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքի հետեւանք է: Ու քանի դեռ այս մոլուցքը լինելու է գերակա, այս վիճակն է լինելու: Արդյունքում`հասել ենք նման իրավիճակի:

— Այս իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի ցանկացած հարցի հանգուցալուծումը տեսնենք իշխանափոխության մեջ: Հետո էլ նեղանում են, որ հասարակությունն իշխանափոխության խնդիր է դնում: Եթե իշխանությունը չի կարողանում կուտակված հարցերը լուծել, ապա տրամաբանական է, որ հարցերի լուծումը պետք է տեսնել իշխանության փոփոխության մեջ: Արդյունքում՝ սա դառնում է գլխավոր խնդիր:

— Երբ իշխանությունը, ունենալով բացարձակ մեծամասնություն, այլեւս հաշվի չի նստում մյուս ուժեր հետ, Ձեր կարծիքով, արդյոք իրավիճակը կբերի՞ նաեւ ներքին ճաքերի:

— Իհարկե, հնարավոր են նման զարգացումներ: Ամեն ինչ էլ չափ ու սահման ունի: Ես չեմ ասում, որ իշխանության ներսում չկան ողջամիտ մարդիկ. նման մարդիկ կան ու միշտ էլ եղել են: Պարզապես` ժամանակ կգա, եւ իրենք էլ կհասկանան, որ այսպես շարունակել այլեւս հնարավոր չէ:

— Իշխանության ներսում կա՞ արդյոք ճգնաժամ, թե՞ ոչ:

— Հասարակության մեջ կա ճգնաժամ, իշխանության մեջ ո՞նց կարող է ճգնաժամ չլինել: Դրանք իրար հետ կապված են: Իշխանությունների անկարողությունից է առաջանում ճգնաժամը:

— Ձեր կարծիքով, այս իշխանությունը կկարողանա՞ պաշտոնավարել մինչեւ իր ժամկետի ավարտը, թե՞, այնուամենայնիվ, կլինի իշխանափոխություն:

— Ես կանխատեսումներից հեռու եմ, մարգարեություններ անելն իմ շնորհը չէ: Ես գնահատում եմ իրավիճակը:

— Եւ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

— Այն որեւէ դրական բան չի խոստանում:

— Պարոն Ռուստամյան, իշխանությունները չե՞ն գիտակցում այս վիճակը, թե՞ գիտակցում են, բայց` չեն ուզում կամ չեն կարող որեւէ քայլ անել:

— Կրկնում եմ` իշխանությունն ունի այդ իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցք: Ու դրանից է բխում ամեն ինչ:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Հայաստանը հիվանդ է մակաբույծ օլիգարխիայի քաղցկեղով’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը կրկին խոշոր վարկ է վերցնում. Այս անգամ՝ 125 մլն դոլար ԱՄՀ-ից’