‘Արսեն Գրիգորյան. Քոչարյանին պետք է «տղամարդու» մի իդեալ, որն ինքը չէ’

5395

Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կարելի է հասկանալ: Ամբողջ երկիրը 10 տարի կանխատեսելի էր իր համար: Հիմա չի հասկանում, թե ինչ երկրում է գտնվում: Երեւի նույնիսկ անիծում է Սերժ Սարգսյանին: Որովհետեւ երբ պետությունը տվեց նրան, այսպիսին չէր: Հիմա չգիտի նույնիսկ, թե ինքն իսկապե՞ս այս աշխարհագրական տարածքի վրա է նախագահել: Իր նշանակած դատավորին անգամ կարգին չի հասկանում:

Ամենասարսափելին այլ բան է՝ իսկապես գլուխ չի հանում, էս դատավորն ինքնուրու՞յն է գործում, թե՞ նրա վրա ճնշում կա: Ինքը ցայտնոտի մեջ է այս անորոշությունից: Ահա ինչու է իր լավագույն բաստիոնը մնում ՍԴ-ն: Այստեղ ամեն ինչ դեռ հասկանալի է՝ Հրայր Թովմասյանը դեռ կարող է օրենք մեկնաբանել բարձր դատարանի անունից: Իսկ նրա ծոծրակին շնչում են վեթթինգն ու անցումնային արդարադատությունը:

Ի՞նչ անի Ռոբերտ Քոչարյանը:

Մարդ, որն իր միջավայրից դուրս է մնացել: Նա դժբախտ մարդ է: Նա ոչ միայն ներկայի մեջ ոչ մի հարմարավետություն չի զգում, նա կորցրել է անցյալի հետ կապը. երբ ուզում են՝ բռնում են, երբ ուզում են՝ բաց են թողնում: Սրա վերջը ոչ մի կերպ հասկանալի չէ: Ահա ինչու այս անորոշության մեջ նրա ցանկացած քայլ իրականում ուժեղացնում է պարտության զգացումը: Ինչ անում է, ոնց որ պատվիրակված լինի ձախողումից, այսինքն՝ էն կողմերից ուղարկած լինեն:

Մարդիկ խմբվում են դատարանների առաջ, որ իրեն պաշտպանեն, պարզվում է՝ այդպես վաղուց ոչ մեկը ոչ մեկին չի պաշտպանում նույնիսկ փողով ու պիցցայով: Հիմա էական չէ, թե ովքեր են այս մարդու թիկունքում, ումից է ուզում ինքը կառչել, ովքեր են նրա փրփուրները: Այս մարդը առասպելներ փրկելու խնդիր ունի, սակայն այսպիսի Հայաստանում դա հնարավոր չէ: Ինքը նման է մի մարդու, որը քրեականների միջավայրում չի հասկացել, որ ինքն էլ է ապրում քրեական օրենքներով, չի հասկացել, որ այնքան է ոգեւորվել, որ դարձել է ամենաքրեականը, բայց մերձավոր շրջապատի հետ հարազատության պատճառով ոչ մի կերպ գլխի չի ընկել, որ քաղաքակիրթ միջավայրում այդպես չեն ապրում:

Հիմա, երբ ինքը հայտնվել է քաղաքակիրթ միջավայրում, նրա անհարմարավետության զգացումն այնքան բնական է: Այդպիսի զգացում իր ժամանակին ունեցավ Սադամ Հուսեյնը, ավելի վաղ այդպիսի «հրեշտակային» զգացումով մի դպրոցի պատի տակ գնդակահարվում էր Ռումինիայի բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուն: Եվ նրանք, ովքեր քրտնում են այս մարդու համար, ուղղակի ծիծաղում են նրա վրա:

Այս մարդը պետք է կարողանա նայել իրականության աչքերի մեջ: Այս մարդը պետք է դադարի լինել ծիծաղելի: Եվ պետք է դադարի դիմադրել ուժեղի վաղուց քննություն չբռնող հնարքներով: Մի խոսքով, նրան պետք է «տղամարդու» մի իդեալ, որն ինքը չէ: Տղամարդն այս դեպքում սեռ չէ, այլ՝ Օրենք, որն ամենաուժեղն է՝ առանց դիմացինին նվաստացնելու:

 

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի խորհրդարանը մեղադրանք է ներկայացրել երկրի նախկին նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Պարզաբանում՝ զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի սպանության, Արեգ Բաղդասարյանին և Հակոբ Գևորգյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցված գործով’