‘«Արտագաղթ». Գյումրի. Որ 100 հազար մա՞րդ մնա Հայաստանում, էլ ի՞նչ Հայաստան’

753

Արտագաղթը դարձել է Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը, եւ յուրաքանչյուրիս պարտականությունն է արտագաղթի դեմ քայլեր ձեռնարկելը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի բնակիչ Սամվել Գեւորգյանը: Պատասխանելով մեր թղթակցի այն հարցին, թե ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ արտագաղթի դեմ պայքարելու համար, մեր զրույցակիցը նշեց, թե առաջնային հարցը դա քաղաքացու համար ապրելու պայմանների ստեղծումն է: «Հիմնական խնդիրը դա է եւ Հայաստանում արտագաղթը պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Կարծում եմ, որ արտագաղթի նման տոկոսների աճի համար միակ պատասխանատուն իշխանություններն են, որոնք իրենց գործեալոճով ուղղակի նպաստում են արտագաղթի աճին: Պատճառը այն է, որ ժողովուրդը հույսը կտրել է եւ իր, իր երեխաների  ապագան այլեւս չի կապում Հայաստանի հետ: Մարդկանց չես կարող մեղադրել, քանի որ հանգամանքներն են սպիպում»,- նշեց նա:

Սամվել Գեւորգյանի խոսքով՝ եղել են ժամանակներ, երբ վերջինս նույնպես մտածել է այլ երկրում աշխատելու եւ ապրելու մասին, սակայն միակ հանգամանքը, որ իրեն հետ է պահել, եղել է պատասխանատվության զգացումը՝ սեփական երկրի նկատմամբ: «Սենց ասեմ՝ պատկերանենք բոլորը վեր են կենում եւ գնում են՝ ի՞նչ է ստացվում, 100 հազար մա՞րդ է մնում Հայաստանում: Լավ էլ ինչ Հայաստան: Թո՛ղ մի քիչ վատ ապրեմ, օրվա հացի գումարով, բայց հո՞ թույլ չեմ տալու, որ երկրումս մարդ չմնա: Այստեղ եմ ծնվել, այստեղ իմ ընտանիքն է, նախնիներս, ինչպե՞ս թողնեմ նրանց»,- ասաց նա՝ հավելելով, որ չի ցանկանում մեղադրել բոլոր այն մարդկանց, ովքեր լքում են երկիրը, քանի որ յուրաքանչյուրը կարող է հայտնվել նրանց տեղում:

«Բարեկամներիս մեծամասնությունը այժմ բնակվում են Ռուսաստանում: Սակայն դա իմ համար չէ, քանի որ ես չեմ կարող արտասահմանում ինձ զգալ այնպես, ինչպես այստեղ եմ: Ես Հայաստանում ունեմ հասարակական դիրք, որը տարիների արդյունք է: Մենք այստեղ բոլորս իրար լավ ենք հասկանում, գիտենք մեկս մյուսին, իսկ նեղության մեջ էլ գիտենք, որ մենակ չենք: Սա շատ մեծ բան է, անգամ ավելի մեծ, քան կարող է փողը լինել: Ես դա եմ գնահատում, սակայն բոլոր ջանքերս, որոնք ուղղում եմ մարդկանց արտագաղթից ետ պահելու վրա, սովորաբար ապարդյուն են անցնում: Հը-բը: Ի՞նչ անեմ, չեմ կարող այնքան փող աշխատել, որ բոլորին պահեմ: Դա իմ ուժերից վեր է»,- ընդգծեց Սամվել Գեւորգյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում ետ կանգնել իր որոշումից եւ մինչեւ վերջ շարունակելու է իր պայքարը:

Մարիամ Մուրադյան, iLur.am

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Տներով գնալ» չկա’
Հաջորդ հոդվածը‘Էստոնիայում Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես է բացվել’