‘Արևմուտքի սխալ քաղաքականության արդյունքները տարածաշրջանում’

1797

Իհարկե, սխալ է ուրիշներից պահանջել լինել ավելի ազնիվ և անաչառ, երբ ինքդ այդպիսին չես: Սակայն, մյուս կողմից էլ՝ եթե ուրիշները իրենց այդպիսին են ներկայացնում, ուզես-չուզես, միևնույն է՝ որոշակի ակնկալիքներ ես նրանից ունենում: Զարմանալի չէ, որ Հայաստանի և ընդհանրապես հետխորհրդային երկրների ժողովուրդներն ավելի մեծ ակնկալիքներ ունեին Եվրոպայից ու ԱՄՆ-ից, քան այդ երկրները կարող էին նրանց տալ, դրա համար էլ հիասթափությունը այդքան մեծ եղավ: Սակայն հիասթափության հիմնական մասը ոչ այնքան ակնկալիքների մեծությունից էր, որքան նրանից, թե ինչպես Արևմուտքը վարվեց հետխորհրդային երկրների ժողովրդավարական շարժումների հետ:

Այժմ, երբ Վիլնյուսյան գագաթնաժողովը կանգնած է ձախողման եզրին, Եվրոպան փորձում է որոշակի բացատրություններ գտնել, թե ինչպե՞ս պատահեց, որ վերջին պահին Հայաստանն ու Ուկրաինան հրաժարվեցին Ասոցացման համաձայնագրից: Նրանք այդ ամենը փորձում են կապել Ռուսաստանի ճնշումների հետ, սակայն որևէ ճնշում չի կարող ստիպել երկրներին հրաժարվել եվրոպական ուղուց, եթե այդ երկրների քաղաքացիների մեծ մասը իրապես այլընտրանք տեսնի Եվրոպայի մեջ:

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ժողովուրդը կատարել էր իր ընտրությունը և դուրս եկել փողոց` պաշտպանելու իր ընտրած նախագահին:   ԱՄՆ դեսպանության Վիկիլիքսյան գաղտնի գրագրություններից էլ հայտնի դարձավ` նույնիսկ ամերիկացիներին էր պարզ, որ Տեր-Պետրոսյանը հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանի նկատմամբ, և թե ինչպիսին էր ՀՀ Սահմանադրական դատարանի տրամադրվածությունը այդ հաղթանակի հաստատման ուղղությամբ: Սակայն նույն ժամանակահատվածում ամերիկացի և եվրոպացի դիվանագետները, ըստ նույն աղբյուրի, հանդիպումներ էին ունենում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների հետ և որոշակի խոստումների դիմաց՝ աչք փակում Հայաստանի կեղծված ընտրությունների վրա:

Դա դեռ ոչինչ, սակայն երբ ժողովրդավարական համարում ունեցող երկրներն աչք են փակում իշխանությունների կողմից կազմակերպած սպանությունների և ռազմական հեղաշրջման վրա` հույս ունենալով, որ պաշտպանելով Սերժ Սարգսյանին՝ նրանք կարող են Հայաստանը պոկել Ռուսաստանից, դա արդեն աբսուրդի ժանրից է:

Շուրջ չորս տարի արևմտյան կառույցները հանդուրժում էին, որ Սերժ Սարգսյանը բանտերում պահի քաղբանտարկյալներ և խախտելով իրենց իսկ կողմից ընդունված ԵԽ բանաձևերը` մինչ օրս չբացահայտի Մարտի մեկի սպանությունները:

Մարտի մեկին վերաբերող բոլոր հանցագործությունները կատարվել են՝ ե՛ւ բառիս բուն, ե՛ւ փոխաբերական իմաստով` եվրոպական դեսպանությունների աչքի առաջ ու տեսախցիկների նկարահանումների ներքո, ու այդքանով հանդերձ՝ նրանք ՀՀԿ-ին դարձնում էին Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, իսկ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ էլ փորձում էին Սերժ Սարգսյանին օգնել քանդելու միակ ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը:

Արևմուտքը, Կոնգրեսում ներդրած իր գործակալներին այնտեղից դուրս բերելով` նոր կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ էր ստեղծում և փորձում իմիտացիա ստեղծել, թե այլևս Կոնգրեսը միակ ընդդիմությունը չէ, և կան այնպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք Սերժ Սարգսյանի կողքին են «Արևմուտք գնալու հարցերում»:

Արևմուտքն աջակցում էր նաև «անկախ» լրատվամիջոցների ձևավորմանը, որոնք ամենօրյա կեղծիք ու սուտ էին տարածում հայաստանյան իրականության մասին: Հիշեցնեմ, որ այս ամենը Արևմուտքն անում էր այն հույսով, որ Սերժ Սարգսյանի միջոցով հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց: Ու երբ եկավ «ճշմարտության պահը» (մամենտ իստինի), Սերժ Սարգսյանը հրաժարվեց Եվրոպայից, քանի որ չուներ այն օրինակարգությունը, որով կկարողանար դիմակայել այս կամ այն ճնշումներին: Իսկ ժողովուրդն էլ դուրս չեկավ փողոց, քանզի այս տարիների ընթացքում տեսել էր, թե ինչպիսի երկակի ստանդարտներով են գործում եվրոպական կառույցները, տեսել էր, որ ցանկացած պահի Արևմուտքը կարող է Հայաստանի ժողովրդին փաստի առաջ կանգնեցնել՝ հանուն իր շահի՝ աչք փակելով ՀՀ իշխանությունների կատարած հանցագործությունների վրա:

Հերիք էր Մարտի մեկին Արևմուտքի կողմից մի որևէ դատապարտող հայտարարություն, որով կոչ կարվեր իշխանություններին խուսափել ուժի գործադրումից, և ոչ միայն կկանխվեին մարտի մեկի սպանությունները, այլև  Հայաստանը չէր հայտնվի այնպիսի վիճակում, երբ Ռուսաստանն իրենից ամբողջությամբ կախված երկիրն օգտագործում է որպես տարածաշրջանը ապակայունացնող գործոն:

Հայաստանի ժողովրդավարական շարժմանը հարվածելով` Արևմուտքը ոչ միայն կորցրեց Հայաստանը, այլ նաև Վրաստանն ու Ադրբեջանը, դեռ ավելին, նրա դիրքերը թուլացան Ուկրաինայում և մնացած հետխորհրդային երկրներում, քանզի այդ բոլոր երկրներում էլ տեսան, թե ինչպես կարող է Եվրոպան դավաճանել ի՛ր իսկ սահմանած արժեքներին:

Սերժիկ Շահնազարյան

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացի փորձագետ. Երբ ինձ ասում են, թե Ղրիմը հարկավոր է տալ Ռուսաստանին, ես առաջարկում եմ այն տալ Թուրքիային կամ Հունաստանին’