‘Աքելլան վրիպեց. «Ոհմակը» զգում է վտանգը’

3516

Այսօր ԱԺ միջանցքներում և աշխատասենյակներում ՀՀԿ-ական պատգամավոր «բդեշխները» պատմում էին, թե ով  ինչ է արել իրեն վստահված տեղամասերում Ս. Սարգսյանի համար: Կատարված աշխատանքը հիմնական ամփոփվում էր երկու ժանրում.

  1. Կաշառելով հանձնաժողովի անդամներին՝  փոխել են արձանագրությունները
  2. Պարզապես փոխել են քվեաթերթիկների տեղերը  (Րաֆֆիի թվերը գրել են Սերժին, իսկ նրանը` Րաֆֆուն):

 

Բոլորի  պատմությունները վերջանում  էին  « … արա, վաբշե  ձեն չուներ»  նախադասությամբ:

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը սրընթաց  կորցնում  է իր դիրքերը պետական – կրիմինալ համակարգում: Նրա համար ձայն կեղծողները արդեն ոչ միայն գիտեն, այլեւ հստակ բարձրաձայնում են, որ իրենց շեֆը զրոյական ձայն ունի, հետևաբար` խիստ անորոշ հեռանկար: Երբ «ոհմակը» այլևս չի վստահում իր առաջնորդին, սկսվում են անդառնալի պրոցեսները: Սա Հայաստանի նման երկրներում  ավելի ազդեցիկ և ավելի վտանգավոր պրոցես է , քան մարզային ու մայրաքաղաքային հանրահավաքները:

Սրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ այսօր ԱԺ-ում մի շարք ՀՀԿ-ական կեղծարար պատգամավորներ վստահեցնում էին, որ իրենք պահել են իրական քվեարկության արդյունքները, որպեսզի հետո շեֆին ցույց տան, թե իր համար ինչ են արել: Իրականում այս մարդիկ չեն վստահում Սերժ Սարգսյանին և նրա հետ, ըստ էության, հարաբերվում են հենց Սարգսյանի լեզվով, այն է՝ կոմպրոմատների հավաքում:

Պատգամավորներից ոմանք սեփական հեռախոսներով լուսանկարել են իրական արձագրությունները, իրական քվեաթերթիկները: Ոմանք ապահով տեղ թաքցրել են սկզբնական արձանագրությունները և այլն: Ոմանք գաղտնիքը պահում են իրենց մեջ` հստակ իմանալով, թե  որ քվեատուփում իրականում ինչ պատկեր է:

Հայաստանում երբեք նման իրավիճակ չի եղել: Սա վկայում է մեկ բանի մասին` Աքելլան, ասել է թե՝ Սերժ Սարգսյանը վրիպեց: Սերժ Սարգսյանը պարտվեց նույնիսկ Րաֆֆուն` անվերջ կրկնում են ՀՀԿ-ական պատգամավորները:  Սերժ Սարգսյանը դադարում է իր իսկ կողմից ժամանակին հիշատակված «ոհմակի» առանջորդ լինել: «Ոհմակը» զգում է վտանգը:  

Արմեն Բալայան 

Նախորդ հոդվածը‘Դամասկոսը պատրաստ է բանակցել ընդդիմության հետ, այդ թվում՝ նաև զինված ընդդիմության’
Հաջորդ հոդվածը‘Մանուկները հաղթեցին «ագահ կառուցապատողներին» (տեսանյութ)’