‘Բաբկեն Արարքցյան. Հայաստանի անկախությունն անդառնալի է’

2224

Հայաստանի անկախությունն անդառնալի է, Ազատության հրապարակում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հավաքի ժամանակ հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ առաջին գումարման նախագահ Բաբկեն Արարքցյանը:

Նա հիշեցրեց, որ Շարժումը, թողնելով Ղարաբաղի հարցը ուշադրության կենտրոնում, շատ արագ ընդլայնվեց եւ Հայաստանի համար առաջարկեց նոր օրակարգ: Շարժման արդյունքում, ըստ Արարքցյանի, իրականացվեցին երեք կարեւորագույն խնդիրներ.

Հայաստանը դարձավ անկախ պետություն, ստեղծվեց Երրորդ հանրապետությունը,

Արցախը դուրս բերվեց Ադրբեջանի կազմից, այսօր այն դե ֆակտո անկախ է,

Տապալվեց կոմունիստական բռնապետությունը:

«Այս բոլոր գաղափարները բազմիցս արծարծվել են Հայաստանի նորագույն պատմության ընթացքում եւ սաստիկ ձեւով ճնշվել են: Մեզ՝  Շարժմանը, հաջողվեց իրականացնել այդ գաղափարները», — ասաց Արարքցյանը:

Նա նշեց, որ ի տարբերություն Առաջին ու Երկրորդ հանրապետությունների, որոնք ստեղծվեցին պատերազմական վիճակի բերումով կամ օկուպացիայի արդյունքում, Երրորդ հանրապետությունը հիմնադրվեց բացարձակապես լեգիտիմ ձեւով՝ հիմնվելով ԽՍՀՄ օրենքների եւ միջազգային իրավունքի նորմերի վրա:

«Համոզված էմ, որ այսօր ապահովված են մեր անկախության նկատմամբ ցանկացած ոտնձգությունները, անկախությունն անդառնալի է», — ամփոփեց Բաբկեն Արարքցյանը: 

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Ազատության հրապարակը 30 տարի առաջ ցնցեց ողջ աշխարհը’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսան Հակոբյան. Ղարաբաղյան շարժման գլխավոր դասը սերն է’