‘Բացառիկ կադրեր. Լեւոն Խեչոյանը` պատերազմի տարիներին (տեսանյութ)’

1421

Արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանը Արցախի Դադիվանքի մոտ պատերազմի ժամանակ խոսում է իր ջոկատի, պատերազմի ու հաղթանակի մասին: Բացառիկ կադրերը իր YouTube-ի ալիքում է տեղադրել Առաքել Սեմիրջյանը:

Հիշեցնենք, որ 58-ամյա Լևոն Խեչոյանը մահացել է հունվարի 8-ին ծանր, երկարատև հիվանդությունից հետո: 

Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17:00-ից, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Վերջին հրաժեշտը` հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդանի ընտանեկան գերեզմանատանը:

 

Ներկայացնենք նաև տեսանյութի մեկնաբանություններից մեկը, որի հեղինակը լրագրող Մհեր Ղալեչյանն է.

«Տեսանյութից իմացա, որ Լեւոն Խեչոյանը մասնակցել է արցախյան ազատամարտին: Երբեմն զրուցել եմ իր հետ, պարբերաբար ընթերցել նրա հարցազրույցները, ու չեմ կարողանում հիշել, որ նա գոնե մի տեղ հիշատակած լինի պատերազմին մասնակցելու փաստը: Պարզապես մասնակցել է, ու վերջ: Ուրիշների նման գլուխ չի գովել, առիթ-անառիթ չի շեշտել դա, թեպետ էդ ուրիշների եւ գլուխգովանների մեծ մասը, պատերազմի տարիներին փախած լինելով, այսօր մարտական ինչ-որ շքանշաններ են ստանում: Իսկ Լեւոնը շքանշանի համար չի կռվել, ու երեւի դրա համար էլ նոր եմ իմանում: Խեչոյանին տեսնելիս նրա հանդեպ միշտ ակամա ակնածանքի զգացում ունեի: Մեծ Քաղաքացի եւ հրաշալի Մարդ: Ես շատ կցանկանայի, որ նրա վերջին հրաժեշտը ուղեկցվեր ծափահարություններով: Իր անցած ճանապարհի եւ թողած ժառանգության համար»:

Նախորդ հոդվածը‘Բողոքի երթ՝ ի զորակցություն Շանթ Հարությունյանի (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Արևելագետ. Պետք չէ սպասել, որ տվյալ փուլում Իրանը կարող է տարածաշրջանում փոխարինել Թուրքիային’