Բելառուսցի մարզուհին մեկնել է Վիեննա

1217

Չորեքշաբթի առավոտյան բելառուսցի թեթևատլետ Քրիստինա Տիմանովսկայան Տոկիոյից թռել է Վիեննա։

Ավելի վաղ բելառուսցի պաշտոնյաները փորձել էին նրան բռնի կերպով վերադարձնել Մինսկ, երբ նա հրապարակավ արտահայտել էր իր վրդովմունքն այն կապապցությամբ, որ իրեն ընդգրկել էին մի  վազքամրցույթում, որին ինքը պատրաստված չէր։

Տիմանովսկայան հայտարարել է, որ Բելառուս վերադառնալն անվտանգ չի համարում, և քաղաքական ապաստան է ստացել Լեհաստանում։

Ենթադրվում էր, որ նա կնստի Վարշավա մեկնող ինքնաթիռը, բայց վերջին պահին մարզուհին փոխել է պլանները ու մեկնել Ավստրիա։ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին՝ գրում է, որ դա արվել է անվտանգության նկատառումներով։

BBC-ին տված հարցազրույցում Տիմանովսկայան պարզաբանել է, թե ինչու չի ուզում վերադառնալ Բելառուս, և հայտարարել է, որ իրեն դավաճան չի համարում։ «Ես հայրենիքիս չեմ դավաճանել, դա իմ տունն է»։

Երեքշաբթի հայտնի է դարձել, որ արտասահմանից հայրենիք չի վերադառնալու ևս մի բելառուսցի մարզուհի՝ թեթևատլետ Յանա Մաքսիմովան, որն այժմ Գերմանիայում է։ «Ցավոք՝ հիմա Բելառուսում կարելի է կորցնել ոչ միայն ազատությունը, այլև զրկվել կյանքից։ Իսկ այստեղ լիաթոք շնչում ես և կարող ես լինել այն մարդկանցից մեկը, ովքեր պայքարում են հանուն իրենց, իրենց հարազատների ու բարեկամների ազատության։ Եվ մենք անպայման հաղթելու ենք»,- սոցցանցում գրել է Մաքսիմովան։

Հուլիսին Ինստագրամում հայտնվել էր նրա լուսանկարը՝ սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշով, որը նախագահ Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերի խորհրդանիշն էր։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍիմոն Մարտիրոսյան. Մեղավորը ես էի, մարտավարության սխալ չկար
Հաջորդ հոդվածըՏոկիո-2020. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարից