Բրիտանիան չի վերադարձնի ՌԴ-ի սառեցված ակտիվները

167

Մեծ Բրիտանիան չի վերադարձնի ՌԴ-ի սառեցված պետական ակտիվները, քանի դեռ Մոսկվան չի համաձայնել Ուկրաինային փոխհատուցել հասցրած վնասների համար, հինգշաբթի հաղորդել է The Guardian թերթը՝ հղում անելով բրիտանացի պաշտոնյաների։

Թերթի տեղեկություններով՝ Միացյալ Թագավորության իշխանությունները, Եվրամիության իրենց գործընկերների հետ միասին, քննարկում են ռուսաստանյան պետական ակտիվները բռնագանձելու հնարավորությունը, սակայն առայժմ դրա վերաբերյալ որևէ որոշում չի ընդունվել։ Իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորներից մի քանիսը, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը և Ուկրաինայի կառավարությունը հանդես են գալիս Մեծ Բրիտանիայում ռուսաստանյան ակտիվների լիարժեք բռնագանձման օգտին, իսկ այդ ակտիվներն անցյալ տարի գնահատվում էին 26 մլրդ եվրո (32 մլրդ դոլար՝ ընթացիկ փոխարժեքով) և դրանք ուղղակի կերպով փոխանցելու Կիևին՝ հակամարտությունից հետո երկրի վերականգնման համար։

Միաժամանակ, ինչպես ընդգծում է թերթը, Արևմուտքում ավելի ու ավելի ընդունելի է դառնում այլընտրանքային՝ «իրավաբանական տեսակետից՝ պակաս ռիսկային» ռազմավարությունը, որի համաձայն՝ արևմտյան երկրները ռուսաստանյան ակտիվները կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ն չի համաձայնել փոխհատուցել Ուկրաինային։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ հիմնական փուլ
Հաջորդ հոդվածըSuperbet Rapid & Blitz Poland․ Արոնյանը գրավեց 5-րդ տեղը, հաղթողի կոչումը նվաճեց Կարլսենը