‘Բրյուսելը պատժացուցակից հանել է Ուկրաինայի նախկին վարչապետի որդուն’

1035

ԵՄ-ն հրապարակել է ֆիզիկական անձանց ցուցակը, ովքեր կասկածվում են Ուկրաինայում պետական միջոցների հափշտակման մեջ, և ում հանդեպ մարտի 5-ին երկարացվել են պատժամիջոցները: Այդ մասին հաղորդվում է ԵՄ-ի պաշտոնական ամսագրում:

Սահմանափակող միջոցառումները հանվել են Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի որդու՝ Ալեքսեյ Ազարովի վրայից: Բացի այդ՝ որոշվել է պատժամիջոցները չշարունակել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Պորտնովի և նախկինում Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահի պաշտոնն զբաղեցրած Իգոր Կալինինի ու Ալեքսանդր Յակիմենկոյի նկատմամբ:

Սահմանափակող միջոցառումները մինչև 2016 թ. մարտի 6-ը կշարունակեն գործել  14 մարդու, և մինչև 2015 թ. հունիսի 6-ը՝ ևս չորս հոգու նկատմամբ:

Եվրոպական պատժամիջոցները Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի ներկայացուցիչների դեմ սահմանվել են 2014 թ. մարտին, ապա ավելի ընդլայնվել ապրիլին: Այդ պատժամիջոցները նախատեսում են նրանց արտասահմանյան ակտիվների սառեցում: Պատժամիջոցների համար հիմք են հանդիսացել Ուկրաինայի պետական ունեցվածքը հափշտակելու և մարդու իրավունքները ոտնահարելու վերաբերյալ կասկածները, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պեկինը դեռ չի կողմնորոշվել՝ ում հրավիրի Հաղթանակի շքերթին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Ստամբուլում սպանվել է տաջիկ հայտնի ընդդիմադիր գործիչը’