‘Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց տրանսպորտի և կապի ոլորտի հարկային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը’

1104

«Նախարարության համակարգում գործում են 10 կազմակերպություններ, այդ թվում՝ 5 ՓԲԸ, 4 ՊՈԱԿ և 1 հիմնարկ (ԾԻԳ), որոնց կողմից կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները,  նախորդ տարվա  9 ամսվա համեմատ, աճել են 2,5 %-ով և կազմել 1906.0 մլն դրամ, իսկ փաստացի վճարված հարկերի գումարը կազմել է 405.3 մլն դրամ»: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ներկայացնելով տրանսպորտի և կապի ոլորտի հարկային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը: 

«Էլեկտրոնային հաղորդակցության  ոլորտում գործում է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ունեցող 281 լիցենզավորված անձ, այդ թվում՝  «Արմենթել», «Ղ-տելեկոմ», «Օրանժ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունները և այլն: 2012 թվականի 9 ամսվա եկամուտը, նախորդ ժամանակաշրջանի համեմատ՝ նվազել է 2%-ով և կազմել 120577,6 մլն դրամ, վճարված հարկերի գումարն աճել է 12,5%-ով», — ասաց Բեգլարյանը: 

Այնուհետև նա ներկայացրեց իրավիճակը փոստային կապի, ճանապարհաշինության, երկաթուղու և էլեկտրատրանսպորտի  և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներում: Անդրադառնալով ոլորտում առկա հիմնախնդիրներին՝ Բեգլարյանը նշեց, որ ցածր աշխատավարձերի պատճառով  ցածր է մնում եկամտահարկի և սոցիալական ապահովության վճարների մակարդակը: 

«Բացի դրանից՝ ուղևորատար տրանսպորտի վարորդները հաճախ աշխատում են օրական 8 ժամից  ավելի տևողությամբ, իսկ զգալի թվով հարկ վճարողների մոտ միջին ամսական աշխատավարձը ցածր է 40 հազ. դրամից, որի արդյունքում, փոխադրումների անվտանգության ռիսկերի բարձրացումից բացի՝ չեն հավաքագրվում նաև համապատասխան չափի եկամտահարկ և սոցիալական ապահովագրության վճարներ»,- ասաց Բեգլարյանը:

Նախորդ հոդվածը‘Պատրիս Էվրա. Սա մեծ նվաճում է’
Հաջորդ հոդվածը‘Կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը (ֆոտոշարք)’