‘Գարշահոտ թանն ու անարատ մածունը` Ռուբեն Հախվերդյանի պատկերացմամբ (Տեսանյութ)’

1272

«Մեր քաղաքակական վայ-գործիչներից մեկն ասել է՝ փորձած թանը ավելի լավ է, քան անփորձ մածունը: Եթե այդ փորձած թանից գարշահոտություն է գալիս, իսկ դու սովորել ես այդ գարշահոտությանը, այսինքն` կոմունիստների ժամանակ կոմունիստ ես եղել, ՀՀՇ-ի ժամանակ՝ ՀՀՇ-ական, Ռոբերտի ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանին ես ծափահարել, հիմա էլ գովերգում ես Սերժ Սարգսյանին… Փաստորեն` այդ մարդու փորձած վերջին թանը Սերժ Սարգսյանն է, բայց եթե այդ թանից, այսինքն` մեր իրավիճակից գարշահոտություն  է գալիս, ձեռդ չգցե՞ս մի հատ տնական, անարատ մածունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական իրավիճակն այսպես բնորոշեց երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Ըստ Հախվերդյանի՝ այդ «տնական, անարատ մածունը» հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է: Երգահանը, առաջին հերթին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին բնորշում է որպես «մի քանի լեզու իմացող, լայնախոհ, կրթված և ամենակարևորը` չկեղտոտված» անձ:

«Րաֆֆի Հովհաննիսյանը գործարքների մեջ չի մտել օլիգարխների հետ, իսկ Սերժ Սարգսյանն ու իր եղբայրը (նկատի ունի Սաշիկ Սարգսյանին-խմբ.) ամեն տեղ «փայի» մեջ են մտնում: Դուք դա նորմալ համարու՞մ եք, օլիգարխ պրեզիդենտ ունենալը նո՞րմալ երևույթ է, այն էլ` երբ նա օլիգարխ դարձել է նախագահ դառնալուց հետո»,- նկատեց Ռուբեն Հախվերդյանը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ում նախապատվություն կտար, եթե Դաշնակցությունը նույնպես մասնակցեր ընտրություններին, Հախվերդյանը սկզբում նշեց, որ այստեղ կուսակցության խնդիր չէ, այլ անձերի, իսկ այդ դեպքում նախապատվություն կտար Րաֆֆի Հովհաննիսյանին: Այնուհետև ավելացրեց, որ եթե ՀՅԴ-ն առաջադրեր Արմեն Ռուստամյանի թեկնածությունը, ապա կկանգներ նրա կողքին:

Ռուբեն Հախվերդյանին լրագրողները հարցրին, թե ինչու է ասուլիսի եկել մաստակով ու ինտենսիվ կերպով ծամում է այն: Ի պատասխան՝ Հախվերդյանը նշեց, որ նման կերպ ցույց է տալիս իր վերաբերմունքը հայկական մամուլի նկատմամբ:

Ասուլիսի վերջում, սակայն, երգահանն անկեղծացավ, որ իրականում մաստակով եկել է, քանի որ սխտորի հոտ էր գալիս իր վրայից, իսկ ինքը չի ուզում, որ «լրագրողները սխտորի հոտից մեռնեն»: Նա մաստակը հանեց՝ դնելով սեղանին, բայց քիչ անց նորից վերցրեց այն ու սկսեց ծամել:

Նախորդ հոդվածը‘Նամակագրությո՞ւն, թե՞ իշխանափոխություն’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Պուտինի հետ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարցեր կքննարկի’