‘Նամակագրությո՞ւն, թե՞ իշխանափոխություն’

1374

Շատ ենք լսում այն մասին, որ 2013 թ. ետընտրական զարգացումները ոչ մի յուրահատուկ բան չեն պարունակում, և նմանատիպ իրադարձությունները լիովին բնորոշ են Հայաստանում տեղի ունեցած պրոցեսներին: Մեծ հաշվով՝ դժվար է չհամաձայնել այս կարծիքին: Իսկապես, մենք ունենք հերթական կեղծված ընտրությունները և հերթական անգամ քաղաքացիների արդարացի բողոքն ու պահանջները հրապարակում: Բայց, միևնույն ժամանակ, կարելի է ասել, որ այս անգամ մենք գործ ունենք հանրային ընկալումների վերահսկման աննախադեպ ծավալների հետ: Վերահսկողությունը իրականացվում է իշխանությունների կողմից, ինչին մեծապես նպաստում է նաև հրապարակի հարթակի հռետորաբանությունը:

Ինչպես և նախորդ տարիների ընթացքում՝ «փեսայական» քարոզչակենտրոնները գրում ու խոսում են ցանկացած բացասական երևույթի, ցանկացած ապօրինության, ցանկացած պաշտոնյայի հանցավորության մասին՝ բացի Սերժ Սարգսյանից և նրա մերձավոր շրջապատից: Խնդիրը պարզ է. շեղել հանրային ուշադրությունը նախագահի աթոռը զբաղեցնողի համար վտանգավոր թեմաներից, բացառել հասարակական համախմբումը կարևորագույն՝ իշխանափոխության հարցի շուրջ:  Այս հնարքը արդեն երկար ժամանակ է, ինչ օգտագործվում է և դարձել է իշխանական քարոզչության առանցքային գործելաոճը, և այստեղ, մեծ հաշվով, բացարձակապես ոչ մի զարմանալի բան չկա: Սրանք հանցավոր ճանապարհով իշխանության եկած ուժերի կողմից ստի ու կեղծիքի միջոցով իշխանության պահպանման հարցը լուծելու փորձեր են: Այստեղ շատ ավելի կարևոր է, թվում է թե՝ այդ նույն իշխանությունների դեմ պայքարողների գործունեությունը: Մանավանդ վերջին օրերի հռետորաբանությունն ուղղակի համահունչ է և լրացնում է փեսայական քարոզչակենտրոնների «գիծը»: Օր օրի ավելի ու ավելի են մոռացվում նախագահական ընտրությունների արդյունքները: Դրանց կեղծման պատասխանատվության հարցը ուղղվում է ցանկացածին՝ սկսած Լիսկայից մինչև Տարոն Մարգարյան, բայց ո՛չ դեպի Սերժ Սարգսյան:

Սրա  նախանշաններն արդեն իսկ առկա էին դեռևս ետընտրական շրջանի առաջին օրերին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացավ Բաղրամյան 26՝ իր պահանջները Սերժ Սարգսյանին պարտադրելու՝ որպես ճնշման գործիք ունենալով ընդամենը նստավայրի դիմաց կանգնած մի պիկետ: Հենց այդ օրը ժողովրդի հաղթանակի ճանաչման պահանջը (ենթադրաբար՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը) շատ արագ վերածվեց ընտրակեղծարարներին պատժելու պահանջի: Սրանից անմիջապես հետո «բարի բարևի հեղափոխությունը» վերաբերել է միմիայն Սերժ Սարգսյանին, մնացածի դեպքում հնչել են ոչ այդքան բարևային քննադատություններ, մասնավորապես՝ Լիսկայի հեռացում կամ Տարոն Մարգարյանին ներկայացվող մեղադրանքներ՝ ընտրակեղծիքների, ահաբեկումների համար: Ինչպես և «Միշիկէյեմների» տեքստերում քննադատվում  են ու հանցագործ են բոլորը, իսկ գլխավոր հանցագործ Սերժ Սարգսյանը կա՛մ ընդհանրապես չկա, կա՛մ, եթե կա, ապա ներկայացվում է որպես «չարի» դեմ պայքարող ու «իր հետագծով» հարգանքի արժանի մեկը:

Իսկ այս պահին, երբ ընտրությունների արդյունքները բողոքարկվել են Սահմանադրական դատարանում, երբ հարկավոր է հրապարակային ներկայացնել այն բոլոր իրավական և քաղաքական հիմքերը, որոնք ապացուցում են Սերժ Սարգսյանի ոչ ընտրյալ լինելը, երբ հարկավոր է փողոցային ինտենսիվ բողոքի միջոցառումների միջոցով շեշտել ժողովրդի պահանջը և գործադրել ճնշում՝ հերթական կեղծիքին նախապատրաստվող Սահմանադրական դատարանի նկատմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը նախապատրաստվում է շնորհավորական դիֆերամբներ ձոնել Ռիտա Սարգսյանի հասցեին մարտի 8-ին նախանշված տոնական հավաքի ժամանակ:

Չնայած այս ամենին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ ժամանակ ունի հասկանալու, որ գլխավոր ընտրակեղծարարի հետ ինտենսիվ նամակագրությամբ ոչ մի արդյունքի չես հասնի, համենայն դեպս՝ ի նպաստ Հայաստանի, ինչպես նաև գիտակցելով պահի  կարևորությունը՝ իրականացնելու իսկապես Հայաստանը հանցագործներից ազատելու գործողություններ: Իսկ սրա առաջին նախապայմանը՝ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» գաղափարի շուրջ օր առաջ բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական միավորների լայն համախմբումն է:

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘«Շախտյորի» վնասները կազմել են 43 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Գարշահոտ թանն ու անարատ մածունը` Ռուբեն Հախվերդյանի պատկերացմամբ (Տեսանյութ)’